Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ կաթողիկոսն իրենց վերապահված գործունեությամբ օրվա հերթական, այսինքն` ժամանակավոր ու անցողիկ իշխանության, պետական մարմնի ենթական չեն. «Ազգ»

Նոյեմբեր 06,2026 09:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր Հայաստանն իրո՞ք իրավական, թե՞ անձնիշխանական պետություն է: Նման տարակուսանքի տեղիք են վաղուց տալիս Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա հայրերի նկատմամբ պետական իշխանության ձեռնարկած ու համառորեն շարունակվող քայլերը:

Ինչպես սահմանում է մեր երկրի Հիմնական օրենքը, հանրապետությունում պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Ըստ Հիմնական օրենքի հոդված 6-ի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Ահա այդ պետական եւ մյուս մարմինները մի՞թե լիազորված են միջամտելու Եկեղեցու ներքին գործերին: Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու, որի, որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունն է Հայաստանի Հանրապետությունը սահմանադրորեն ճանաչում հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Այն դեպքում երբ, ըստ Սահմանադրության 17-րդ եւ 41-րդ հոդվածների համապատասխան կետերի, կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից եւ օժտված են ինքնավարությամբ:

Նման տարակուսանքի լուրջ առիթ ունեցանք նախ երբ հունիսյան համապետական ընտրությունների նախապատրաստական փուլում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (սա էլ պետական մարմին չէ՞) ընտրություններին մասնակցության համար անխոչընդոտ գրանցեց մի կուսակցության՝ ՔՊ-ին, որի նախընտրական ծրագրում ներառված էին Եկեղեցու գործերին անօրինական, Սահմանադրությանը հակասող կոպիտ միջամտության դրույթներ: Հետաքրքրական է՝ նույն կերպ կգրանցեի՞ն նաեւ մեկ այլ՝ ոչ իշխող կուսակցության, կամ կգրանցեի՞ն նույն կուսակցությանը, եթե նրա ծրագրում ներառված լիներ ինչ ասես…

Երկրորդը, քանի որ առաջինին խոչընդոտ չէր եղել, կառավարության նոր ծրագիրն էր, Ազգային ժողովի՝ այն հաստատող ԱԺՈ-3-Ն (նորմատիվայի՞ն) որոշումը՝ արդեն լուրջ պաշտոնական փաստաթուղթ, դարձյալ՝ Հայ եկեղեցու «բարենորոգում», Կաթողիկոսի հեռացում, կաթողիկոսական տեղապահի, ապա նոր կաթողիկոսի ընտրություն…

Նախ նշենք կաթողիկոսի հետ կապված մասնավորապես երեք հանգամանք, անկախ նրա անձից:

Առաջին, Ամենայն Հայոց կաթողիկոսը աշխարհասփյուռ համայն հավատավոր հայության հոգեւոր առաջնորդն է, ոչ միայն Հայաստանի: Եվ նրան ընտրում է համահայկական համապատասխան կառույցը՝ Ազգային-եկեղեցական ժողովը:

Երկրորդ, դարերով հաստատված անխախտ կարգով ու ավանդույթով նա ընտրվում է ցկյանս: Եվ ո՞ւմ անհատ կամքը կամ քմահաճույքը կարող է բեկանել այդ կարգը:

Ու երրորդ, նա պետական պաշտոնյա չէ, Եկեղեցին որպես հաստատություն, ինստիտուտ Հայաստանի Հանրապետության պետական կառույց չէ եւ ո՛չ այն, ո՛չ էլ կաթողիկոսն իրենց վերապահված գործունեությամբ օրվա հերթական, այսինքն` ժամանակավոր ու անցողիկ իշխանության, պետական մարմնի ենթական չեն ու չեն կարող այդ գործունեության համար որեւէ կերպ, ավելորդ է ասելը՝ անգամ դատական կարգով հետապնդվել (եւ հենց այդ դատն էլ չէ՞ հակասահմանադրական ու ապօրինի):

Դարեդար եկած այս երեք կարգից որեւէ մեկը, առավել եւս բոլոր երեքն էլ պետական մարմնի կողմից կամայականորեն փոխելու փորձն իսկ չտեսնված ոտնձգություն, խնդիր է:

Իսկ կառավարության ծրագրում մի կողմից ասվում է «ջանքեր են գործադրվելու» (իբր դա քաղաքական ձգտում է լինելու), մյուս կողմից բոլոր նշված քայլերի համար ասվում է «ապահովվելու է», իսկ սա արդեն լուրջ իրավական խնդիր չէ՞, խորհրդարանի որոշումն էլ՝ վրադիր: Եվ ահա, օրվա վարչապետի հանձնարարությամբ ինչ-որ զեկույց է պատրաստվել, դրա անհասկանալի իրավասությամբ հեղինակները Հայ Առաքելական եկեղեցում առկա իրավիճակը բնորոշել են իբրեւ ճգնաժամ: Հետո էլ Ազգային ժողովը մեկ այլ որոշում է կայացրել, խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծել՝ եկեղեցու կառույցը քննելու համար… Փոխանակ 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակեր:

Սահմանադրության դրույթները խախտելու համար կարծես թե կան ինչպես քրեական (սա այդ դեպքը չէ), այնպես էլ քաղաքական եւ սահմանադրական-իրավական պատասխանատվության միջոցներ՝ Ազգային ժողովի կողմից պաշտոնանկություն, Սահմանադրական դատարանի կողմից խնդրո առարկա օրենքների, որոշումների, այլ իրավական ակտերի հակասահմանադրական եւ անվավեր ճանաչում: Իսկ կոնկրետ թե կառավարության ծրագրում կամ պաշտոնական փաստաթղթերում Եկեղեցու գործերին միջամտելու, Կաթողիկոսին հանգստի կոչելու եւ նոր կաթողիկոս ընտրելու դրույթներ ներառելը ի՞նչ իրավական հետեւանքներ է առաջացնում, հարցին գոնե արհեստական բանականության պատասխանը կարճ՝ նույնպես նշանակում էր իրավական անվավերություն, լիազորությունների չարաշահում եւ իրավական ուժի բացակայություն («Պետությունն իրավունք չունի կառավարական որեւէ ծրագրով կամ իրավական ակտով միջամտել կրոնական կազմակերպությունների ներքին, կանոնադրական ու հոգեւոր կյանքին», «Կառավարությունը չունի իրավասություն (սուբյեկտիվ իրավունք) կարգավորելու հոգեւոր իշխանության ձեւավորումը»), միջազգային ընդունված նորմերի եւ պարտավորությունների խախտում:

Իսկ ի՞նչ կարծիքի են մեր պատկան իրավապահ կառույցները: Ո՞րն է նման իրավիճակում նրանց պարտականությունն ու պատասխանատվությունը: Սահմանադրական դատարանն իրենից հեռացրեց հարցի քննարկումը, եւ ցավոք, դա սպասելի էր… Իսկ մյուսնե՞րը: Այսքան առերեւույթ, իսկ քաղաքացուս համար՝ ակնհայտ ապօրինություն, հակասահմանադրականություն երկրի պետական կառավարման մարմինների կողմից եւ այսպիսի թողտվությո՞ւն…

Ո՞վ պետք է կանգնեցնի դեռ շատ ավերմունք ու անախորժություն խոստացող այս ընթացքը:

Եվ մեր երկրում Սահմանադրությունն ու օրե՞նքն են բարձր, թե՞ իշխանության կամքն ու քմահաճույքը: Ու դրանք բոլորի՞ համար են, թե՞ ոչ բոլորի: Ու եթե երկրի կառավարությունն ու խորհրդարանն են դրանք խախտում, երկրի քաղաքացին ի՞նչ անի: Եվ ո՛ւմ հավատա:
Վերջում պարզապես որպես հորդոր՝ հետեւյալը: Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր նախաձեռնել են մեր Եկեղեցու դեմ նման արշավը, ովքեր մասնակցել են կառավարության ծրագրում նման կետ ընդգրկելուն, նման հանձնաժողով ստեղծելուն եւ դրա կազմում կամ այդ կազմից դուրս կմասնակցեն ծրագրվող գործողություններին, ինչպես եւ ի պաշտոնե դրանք չարգելողները, երբ էլ լինի՝ մի օր դրա համար իրավական եւ բարոյական պատասխանատվության խնդրի առջեւ են կանգնելու: Համենայն դեպս սա էլ երեւի թե արժե նկատի ունենալ:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30