«Ովքե՞ր են ՔՊ-ականները՝ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը և մյուսները։ Ի՞նչ մարդ են, ի՞նչ դաստիարակություն են ստացել, որտե՞ղ են դպրոց գնացել և ո՞ր փողոցներում են խաղացել»,- ֆեյսբուքյան գրառմամբ հարցադրում է արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված հրապարակախոս Կարպիս Փաշոյանը։
Ու բացատրել․ «Ամենևին էլ չեմ փորձում թիրախավորել այդ մարդկանց անձնական կյանքը, վիրավորել և նվաստացնել։ Պարզապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ է նրանց արտաբերած ցանկացած խոսք այդքան գարշելի ու այլասերված։ Չունեն ոչ մի բարոյական արգելակ։ Չեն կաշկանդվում ոչ ոքից և ոչնչից։ Չեն հարգում ո՛չ տարիք, ո՛չ սեռ և ո՛չ էլ կարգավիճակ։
Ովքե՞ր են այս մարդիկ, ի՞նչ նյութից են պատրաստված։
Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի դեղին թերթոնի նողկալի բառապաշարը ներկայումս պաշտոնական հռետորաբանություն է դարձել։ Այս մշակույթն ու վարվելակերպը վստահաբար պետք է մերժվեն ու մարգինալացվեն։
Կարդացեք նաև
Իսկ Արայիկ Հարությունյանն էլ, որը հայտնի է որպես միջակ արևելագետ, խայտառակված նախարար և մանր ինտրիգան, թող մի փոքր էլ վայելի բախտի բերումով գլխին ընկած կարգավիճակը։ Շուտով դա էլ չի լինելու»։
Սա «Լուսավոր Հայաստանի» պատասխանն է առավոտյան վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ-ական Արայիկ Հարությունյանի գրառմանը։
Վերջինս հետևել է «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավին և կիսվել իր տպավորություններով․ «Նայում եմ Էդմոն Մարուքյանի «քարոզարշավը»։ Ուզում եմ իրեն տեղեկացնել, որ ոնց որ նախորդ խորհրդարանական ընտրությունից հետո էր, հունիսի ութից շարունակելու է քարշ գալ իշխանության ներկայացուցիչների դռների մոտ՝ իր և իր թիմակիցների համար «ապաստան» գտնելու համար։ Բայց 2021-ն իր համար չի կրկնվելու։ Սողալու համար ծնվածները ազատ թռչել չեն կարող»։
Արայիկ Հարությունյանի գրառման վերաբերյալ իր տեսակետն Էդմոն Մարուքյանը վաղը կբարձրաձայնի։
Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ


















































