«Այս պայքարը նրա համար է, որ մենք չբացենք Սյունիքի դարպասը։ Սամվել Կարապետյանը մի քանի անգամ դա ասել է՝ երբ դու չես բացում դարպասը, հետո չես առերեսվում ավելի մեծ խնդիրների 20-30 տարի հետ»,- «Հայացք Սյունիքից» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ ադրբեջանցիներն ունեն նկրտում մեր հայրենիքի նկատմամբ, եթե բացենք այդ դարպասը։ «Իհարկե, Հայաստանը պատրաստ է առեւտուր անել, պատրաստ է տնտեսություն զարգացնել, բայց Հայաստանը պատրաստ չէ միակողմանի ընդունել բոլոր պայմաններն ու պահանջները, որոնք մեր առջեւ դրվում են։ Ինչքան մենք ընդունենք միակողմանի պահանջները, այդքան պահանջներն ավելի շատանալու են։ Մենք պետք է սահմանափակվենք այսօր տեղի ունեցած իրավիճակով, ստորագրենք խաղաղության պայմանագիրը, ունենանք խաղաղություն, որը կերաշխավորվի տարածաշրջանի երկրների կողմից։ Պատմական պահն այստեղ է, մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է ուժեղանա եւ ունենա մեկից ավելի երաշխավոր։ Իրենք տեսնում են, որ Հայաստանը պետք է զիջի, ենթարկվի, եւ դրանով իրենք կբերեն «խաղաղություն», բայց զիջելով, ենթարկվելով այդ ազգի հետ դեռ ոչ մի խաղաղություն չի ստացվել»,- նշել է Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ սա մեր երկրի զարգացման, ապագա 30-40 տարվա ամենակարեւոր նշանակության ընտրությունն է, այս պահը մեր երկրի համար որոշիչ է։
Նարեկ Կարապետյանն ասել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը միջամտում են մեր երկրի ներքին գործերին։ Սա ինքնիշխանություն չէ։ Նա նշել է, որ Սահմանադրությունը փոխելու պատրվակն Ադրբեջանը պահում է, որպեսզի երբ ցանկանա, խաղաղության գործընթացը կանգնեցնի։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե իրենք չլինեն իշխանություն, պատերազմ կլինի, Նարեկ Կարապետյանն ասել է․ «Այդ օրակարգն իրապես հողի վրա չկա, որովհետեւ Ադրբեջանն արդեն ստացել է այն, ինչ նա չէր էլ կարող երազել։ Ադրբեջան պետությունն էլ ավելի գործիքակազմ չունի Հայաստանի վրա պատերազմ սկսելու, էլ պահանջ չունի։ Իր խնդիրը՝ որպես պետություն, արդեն Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է։ Ուզում եմ մեր հայրենակիցներն իմանան, որ խաղաղությանը վտանգ չկա, խաղաղությունն անխուսափելի է, միակ վտանգը, որն ամենամեծ վտանգն է, որ նրանք կարողանան ճնշումներն ավելացնելով՝ հնարավորություն ունենան նույն Սյունիքի տարածաշրջան բերել ադրբեջանցիներին։ Նրանք ամեն օր աշխատում են այդ ուղղությամբ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































