«Միասնության թեւեր» կուսակցությունն այսօր հաղորդում ներկայացրեց Գլխավոր դատախազությանը։
Օրերս կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հրապարակել էր ձայնագրություն, որը, նրա խոսքով, փաստում է, թե ինչպես են Արմավիրում ուսանողներին պարտադրում մասնակցել ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավին։
Կարդացեք նաև
«Այս տեսանյութը հրապարակելուց անմիջապես հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսեցին մեղքը միանգամից բարդել ուսանողների, դասախոսների վրա, անգամ այդ տիկնոջ վրա։ Իրականում հարցն ավելի խորքային է, հարցն այն է, որ գործում է սխեմա, հովանավորչություն՝ կազմակերպված բարձր մակարդակով։ Եվ այս հանցագործության մասին հաղորդման մեջ մենք կոնկրետ անուններով նշել ենք, որ մեր նպատակը չէ, որ ուսանողներին, ուսուցիչներին ենթարկեն պատասխանատվության, որովհետեւ նրանք նույնպես զոհեր են։ Եվ մենք հատուկ նշել ենք, որ պետք է քննություն տարվի, վարույթ իրականացվի եւ պարզվի քաղաքական մակարդակի բարձր պաշտոնատար անձանց ներգրավվածությունն այս արարքներին՝ Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Լիլիթ Մակունց, Արայիկ Հարությունյան, ովքեր ներգրավված են այս հանցավոր արարքների կատարման մեջ։ Այս սխեման հովանավորում են նաեւ նրանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Թաթոյանը հրապարակեց իրենց «թեժ գծի» հեռախոսահամարը՝ 033 200-330։ Նա կոչ արեց չվախենալ։ «Մենք պետք է այսպես էլ ղեկավարվենք, որ վախ չկա, սա շատ կարեւոր մեր ուղերձն է։ Եկել է այն պատմական պահը, որ մենք բոլորով այս հարցը լուծենք, որ որեւէ մեկը չկարողանա մեզ վախերի մեջ պահել։ Ես վստահ եմ, որ նույն իրավապահ մարմինների աշխատողների բարեկամներին էլ են վախեցնում, նրանք էլ են սահմանափակումների տակ։ Նրանք էլ շատերը համաձայն չեն այս իշխանության վարած քաղաքականության հետ, բայց հասկանում ենք, որ հրապարակային չեն կարող ասել, որովհետեւ աշխատանքից ազատվելու ու օրենքը չխախտելու հարց կա։ Մենք մի ժողովուրդ ենք, պետք է այս հարցը բոլորով լուծենք, այդ թվում՝ իրավապահ մարմինները։ Ես ուզում եմ հատուկ մեր իրավապահ մարմիններին ու մյուս պետական աշխատողներին էլ ասել՝ ժողովուրդ ջան, դուք մեզ հետ, ինձ հետ, մեր բոլորի հետ ավելի պաշտպանված եք լինելու, ոչ ոք այլեւս ձեր ընտանիքներին չի վախեցնելու, որ իշխանության օգտին քվեարկեք։ Դուք էլ գիտեք, որ ամեն ինչ գաղտնի է, պետք է քվեարկեք հենց հանուն դրա, ոչ թե այս վախերից ելնելով։ Մեր այս ակցիան հենց նրա համար է, որ ցույց տանք՝ սա իշխանության բարձր մակարդակով է կազմակերպված»,- հայտարարեց Թաթոյանը։
«Միասնության թեւեր» կուսակցության համահիմնադիր Դավիթ Անանյանն էլ ասաց, ոչ թեեւ հաղորդումը ներկայացնում են, բայց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից սպասումներն այնքան էլ շատ չեն։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































