«Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն այսօր հրավիրած հրատապ ասուլիսում հրապարակեց ձայնագրություն, որը, նրա խոսքով, փաստում է, թե ինչպես են Արմավիրում ուսանողներին պարտադրում մասնակցել ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավին։
«Երեխեք ջան, վաղը ժամը հինգին մենք պետք է հրապարակում հավաքվենք, երկու կուրսին էլ վերաբերում է: Նրանք, ովքեր շատ հեռվից են գալու, խնդիր չկա մի քանի հոգու բացակայությունը ոչինչ: Բայց, նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու, խնդրում եմ, ես էլ եմ գալու: Ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում, երեխեք: Որպեսզի այնպես չլինի, որ ես գնամ, կանգնեմ հրապարակում և տեսնեմ, որ իմ երկու խմբերից ոչ ոք չկա։ Սա պետք է, որպեսզի հետո ես կարողանամ ղեկավարության աչքերին նայել, իսկ դուք՝ իմ աչքերին։ Միաժամանակ, դուք կկարողանաք վայելել համերգը և լավ ժամանակ անցկացնել։ Հանձնարարել են, որ մարդիկ հնարավորինս շատ լինեն, և ասվել է, որ բոլորի ներկայությունը պարտադիր է։ Պետք չէ քաղաքականացնել տեղի ունեցողը և ավելորդ բաներ գրել։ Ասվել է՝ նշանակում է, գնում ենք հրապարակ», – ձայնագրության մեջ ասում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Լուսինե Գրիգորյանը, որը նաեւ Արմավիրի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
Մեկ այլ ձայնագրությունում նա նշում է. «Չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց նաև հանձնարարված է, որ մաքսիմալ շատ լինեք»:
Արման Թաթոյանը հիշեցրեց, որ «թեժ գիծ» են գործարկել այն բանից հետո, երբ մարդկանց վախեցնելու եւ սպառնալու դեպքերը դարձան համատարած։ «Թեժ գիծը» գործարկելուց հետո ստացել են ահազանգեր։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ ձայնագրության մեջ կինը, որը ստիպում է ուսանողներին, բացի դասախոս լինելուց նաեւ Արմավիրի քաղաքապետարանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ է․ «Ձեռքի հետ էլ զբաղվում է այս հանցավոր գործունեությամբ»,- ասաց նա։
Թաթոյանը նշեց, որ ձայնագրությունը կուղարկի իրավապահ մարմիններին։
«Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք հանցավոր սխեմայի հետ, որը նպատակ ունի մեր քաղաքացիներին հարկադրել մասնակցել իշխող կուսակցության հավաքներին։ Այստեղ բացահայտ տեղի է ունենում պետական ռեսուրսի չարաշահում, պետության հարկադրանքի լծակներն օգտագործվում են քաղաքացիներին ստիպելու աջակցել իշխող կուսակցությանը։ Պետության հարկադրանքի լծակներն օգտագործվում են ընդդիմությանը եւ նրանց աջակիցներին ճնշելու ու ահաբեկելու համար։ Հարկադրական լծակներով նաեւ քաղաքացիներին ձերբակալելով՝ ընդդիմության նկատմամբ ճնշումներ են գործադրում։ Նաեւ լուծում են գտել․ սխեման ինչպե՞ս է աշխատում՝ վերեւից ճնշում են տնօրեններին, ուսուցիչներին ու մանկավարժներին, հետո իրենք միջից չոր դուրս գալու համար ծառայողական քննություններ են նշանակում»,- ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով՝ այս ձայնագրությունը փաստում է, որ կրթական հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցներն ուղիղ ներգրավված են այս հանցավոր պրոցեսի մեջ։
Թաթոյանն ասաց, որ հարց ունի իրավապահ մարմիններին՝ կան կոնկրետ մարդիկ, որոնք համակարգում են ՔՊ նախընտրական քարոզարշավը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Նրանք են Լիլիթ Մակունց, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը։ «Այս մարդիկ կանչվելո՞ւ են հարցաքննության, ձերբակալվելո՞ւ են»,- հարցադրում արեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Արման Թաթոյանը նաեւ նշեց, որ ոմանք ցուցակներով շրջում են մարդկանց տները, իբր եկել են ջրի հետ կապված հարցեր ճշտելու, սկսում են քարոզչություն անել։ Բացի քարոզչությունը, նաեւ բացահայտ ճշտումներ են գործադրում, որ վախ առաջացնեն մարդանց մոտ, նշումներ են անում ցուցակում։ Նա ասաց, որ «թեժ գծով» արդեն տասնյակ ահազանգեր են ստացել։ Դրանք փաստում են, որ մարդկանց ահաբեկում ու սպառնում են, որպեսզի հանդիպումներ չունենան ընդդիմադիրների հետ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































