Լրահոս
Օրվա լրահոսը

Օդանավի սրահում ճնշումը և թթվածնի մակարդակը փոքր-ինչ ցածր են, քան երկրի մակերևույթին։ Սա կարող է նպաստել որոշ հիվանդությունների սրմանը. Արմեն Մուրադյան

Մայիս 19,2026 17:11 Share

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Օդում՝ կյանք փրկող րոպեներ․ ինչպե՞ս են բժիշկները գործում ինքնաթիռում անհետաձգելի իրավիճակներում

Բժշկի առաքելությունը սահմաններ չի ճանաչում․ թե՛ ցամաքում, թե՛ օդում նա մնում է իր կոչմանը հավատարիմ՝ յուրաքանչյուր իրավիճակում պայքարելով մարդկային կյանքի և առողջության համար։

Կարճ ժամանակ առաջ Երևան-Պրահա թռիչքի ընթացքում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժիշկներ՝ Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկ-մանկաբույժ Նուշիկ Շիրինյանը և Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության բժիշկ, մանկական դիմածնոտային վիրաբույժ Քնար Սարդարյանը, առաջին բժշկական օգնություն են ցուցաբերել մի ուղևորի, ում մոտ առկա էին գաստրիտի հետևանքով առաջացած փսխումներ, սինկոպե և գիտակցության կորուստ։

Օդային ճանապարհորդություններն այժմ շատ տարածված են, և չնայած թռիչքները հիմնականում անվտանգ են, երբեմն կարող են առաջանալ բժշկական անհետաձգելի իրավիճակներ։ Կարևոր է հասկանալ, թե ինչ առանձնահատկություններ ունի օդանավում օգնության կազմակերպումը։

Օդանավի սրահում ճնշումը և թթվածնի մակարդակը փոքր-ինչ ցածր են, քան երկրի մակերևույթին։ Սա կարող է նպաստել որոշ հիվանդությունների սրմանը, հատկապես՝ սրտանոթային, շնչառական, նյարդաբանական։ Բացի այդ, երկարատև նստած դիրքը կարող է առաջացնել ճնշման անկում, թուլություն, նույնիսկ ուշագնացություն։ Նշված մթնոլորտային առանձնահատկությունների պատճառով որոշ սարքեր, ինչպիսիք են տոնոմետրը, պուլսօքսիմետրը, աշխատում են ոչ ճշգրիտ, և վիճակի ճիշտ գնահատումը դժվարանում է։ Օդանավերում առկա առաջին բուժօգնության միջոցները սահմանափակ են՝ թթվածին, երբեմն որոշ դեղեր, ավտոմատ դեֆիբրիլյատոր։

Եթե ուղևորի վիճակը վատանում է, առաջին հերթին գնահատվում են նրա գիտակցությունը, շնչառությունը և սրտի աշխատանքը։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է առաջին բուժօգնություն՝ ապահովելով թթվածին, հարմար դիրք և համապատասխան միջամտություն։

Ամենահաճախ հանդիպող խնդիրներից են՝

  • ուշագնացություն
  • շնչառական դժվարություններ
  • կրծքավանդակի ցավ
  • ալերգիկ ռեակցիաներ
  • հիպոգլիկեմիա՝ գլյուկոզայի մակարդակի իջեցում արյան մեջ: Նման իրավիճակներում պետք է իմանալ, ինչպես վարվել՝
  • ուշագնացության դեպքում՝ պառկեցնել, բարձրացնել ոտքերը, ապահովել օդ/թթվածին,
  • շնչառական դժվարությունների դեպքում՝ նստեցնել կիսանստած դիրքով, ապահովել թթվածին,
  • կրծքավանդակի ցավի դեպքում՝ նստեցնել, ապահովել հանգիստ, թթվածին, գնահատել այլ միջոցառումների անհրաժեշտությունը,
  • ալերգիկ ռեակցիայի դեպքում՝ հնարավորության դեպքում հեռացնել ալերգենը, ապահովել հանգիստ, թթվածին, ծանր դեպքերում կիրառել էպինեֆրին,
  • հիպոգլիկեմիայի դեպքում՝ տալ քաղցր հեղուկ կամ շաքար,
  • սրտի կանգի դեպքում՝ անմիջապես սկսել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, ըստ անհրաժեշտության կիրառել դեֆիբրիլյատոր, շարունակել մինչև մասնագիտական օգնության հասնելը։

Որոշ իրավիճակներում կարող է անհրաժեշտ լինել օդանավի արտակարգ վայրէջք՝ ուղևորին հնարավորինս արագ հիվանդանոց տեղափոխելու համար։ Կարևոր է հիշել, որ նման իրավիճակներում արագ արձագանքը և ճիշտ գործողությունները կարող են փրկել կյանք։ Եթե ինքնաթիռում գտնվում է բուժաշխատող, նրա օգնությունը կարող է վճռորոշ լինել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031