Պարոդոնտալ հիվանդությունը (պարոդոնտիտը) մեծահասակների շրջանում ատամների կորստի հիմնական պատճառներից մեկն է, սակայն դրա վնասակար ազդեցությունը չի սահմանափակվում միայն բերանի խոռոչով։ Լնդերի հիվանդությունները կապվում են նաև մի շարք լուրջ դեգեներատիվ հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ։
Ինչպե՞ս է սկսվում լնդերի հիվանդությունը
Ինչպես աղիներում, այնպես էլ մեր բերանի խոռոչում գոյություն ունեն մանրէների բարդ էկոհամակարգեր, որոնք ձևավորում են այսպես կոչված բերանի խոռոչի միկրոբիոմը։ Ինչպես աղիներում, այստեղ ևս բակտերիաների տարբեր տեսակներ մրցակցում են տարածքի համար։ Երբ դրանց միջև հավասարակշռությունը պահպանվում է, լնդերը պաշտպանված են լինում ախտածին բակտերիաներից, բայց հավասարակշռության խախտման դեպքում նպաստավոր պայմաններ են ստեղծում ախտածին մանրէների ներթափանցման համար, ինչի հետևանքով զարգանում է պարոդոնտալ հիվանդությունը, որն էլ իր հերթին ավելի է խախտում բակտերիալ հավասարակշռությունը։
Ախտածին մանրէները, սակայն, պարոդոնտալ հիվանդության միակ և նույնիսկ գլխավոր մեղավորները չեն։ Եթե նախկինում կարծում էին, որ հյուսվածքները քայքայում են բակտերիաները, ապա այսօր գիտնականները պնդում են, որ հյուսվածքների վնասման պատճառը այդ մանրէների հարուցած բորբոքումն է։ Այլ կերպ ասած՝ ախտածին մանրէները խթանում են օրգանիզմի իմունային համակարգի պատասխանը, իսկ դրանց դեմ պայքարելու համար ներգրավված արյան սպիտակ բջիջներն արտադրում են նյութեր, որոնք ոչ միայն ոչնչացնում են դրանց, այլև վնասում լնդերի հյուսվածքները։
Լնդերի հիվանդության ազդեցությունն ամբողջ օրգանիզմի վրա
Պարոդոնտալ հիվանդության դրսևորումները կարող են տարբեր լինել՝ լնդերի թեթև կարմրությունից և այտուցից (գինգիվիտ) մինչև ատամը ոսկրային հյուսվածքում ամրացնող կառույցների ամբողջական քայքայում (առաջադեմ պարոդոնտիտ), որն էլ հանգեցնում է ատամների կորստի։
Կարդացեք նաև
Տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարոդոնտալ հիվանդություն ունեցող մարդիկ ավելի բարձր ռիսկի են ենթարկվում սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, շնչառական համակարգի քրոնիկ հիվանդությունների, հղիության բարդությունների և դեմենցիայի զարգացման առումով։
Դեռևս հստակ հայտնի չէ՝ արդյո՞ք պարոդոնտալ հիվանդությունն ուղղակիորեն է առաջացնում առողջական այս խնդիրները, թե քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ պարզապես ավելի դժվարությամբ են խնամում իրենց ատամներն ու լնդերը։ Այսինքն՝ խոսքը փոխկապակցվածության մասին է, այլ ոչ թե պատճառահետևանքային կապի հաստատված ապացույցի։ Այնուամենայնիվ, այս բոլոր հիվանդությունների զարգացման մեջ դեր ունեցող բորբոքումը, ըստ երևույթին, դրանք կապող օղակն է։
Ավելին՝ այս փոխկապակցվածությունը, հավանաբար, գործում է երկու ուղղությամբ։ Օրինակ՝ շաքարային դիաբետի վերաբերյալ հետազոտությունները ցույց են տվել, որ պարոդոնտիտի հաջող բուժումը կարող է նվազեցնել դիաբետի ծանրությունը, և հակառակը՝ դիաբետի արդյունավետ վերահսկումը կարող է նպաստել պարոդոնտիտի ընթացքի բարելավմանը։
Ինչպե՞ս կանխել պարոդոնտալ հիվանդությունը
Լնդերի հիվանդությունների զարգացման վտանգը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում հետևել այս կանոններին․
Խոզանակով մաքրել ատամները և օգտագործել ատամնաթել։ Ատամները մաքրեք օրական առնվազն երկու անգամ, իսկ ատամնաթելն օգտագործեք քնելուց առաջ և, հնարավորության դեպքում, նաև ուտելուց հետո։ Եթե ունեք ատամնային կամուրջներ, իմպլանտներ կամ ատամների միջև լայն տարածություններ, կարող եք օգտագործել միջատամնային խոզանակներ՝ մի ծայրին փոքր մազիկներ ունեցող ատամմաքրիչներ, որոնք օգնում են հեռացնել կուտակված սննդի մնացորդները։
Չծխել։ Օրական մինչև կես տուփ ծխախոտ ծխող մարդկանց շրջանում պարոդոնտիտի զարգացման հավանականությունը գրեթե երեք անգամ ավելի բարձր է, քան չծխողների մոտ։ Իսկ օրական մեկուկես տուփից ավելի ծխախոտ օգտագործողների շրջանում այդ ռիսկը գրեթե վեց անգամ բարձր է։
Առողջ սնվել։ Բանջարեղենով, բուսական յուղերով, մրգերով, լոբազգիներով, ընդեղենով և յուղոտ ձկնատեսակներով հարուստ սննդակարգը ոչ միայն ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութերով, այլև օգնում է նվազեցնել բորբոքումը։ Որոշ հետազոտություններ վկայում են, որ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ սննդակարգը, որի կարևոր աղբյուրներից են յուղոտ ձկնատեսակները, կարող է նվազեցնել պարոդոնտալ հիվանդության զարգացման ռիսկը։
Պարբերաբար այցելել ատամնաբույժին և կատարել ատամների պրոֆեսիոնալ մաքրում։ Ատամնաբույժը կամ ատամնաբուժական հիգիենիստը կարող է հեռացնել բակտերիաներ պարունակող ատամնափառը և հայտնաբերել պարոդոնտալ հիվանդության առաջին նշանները։
Լնդերի հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես դիմել մասնագետի։ Լնդերի այտուցը, արյունահոսությունը, թարախի կուտակումները կամ ատամներից լնդերի հետքաշումը պարոդոնտալ հիվանդության արտահայտված նախանշաններից են։ Ավելի նուրբ փոփոխությունները, օրինակ՝ ատամների միջև տարածությունների մեծացումը կամ նախկինի պես լավ չնստող ատամնային կամուրջներն ու մասնակի շարժական պրոթեզները, նույնպես կարող են վկայել պարոդոնտիտի մասին։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ Harvard Medical School




















































