Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ սննդի նկատմամբ խիստ ընտրողականությունը ոչ թե քմահաճույք է, այլ հոգեկան խանգարում

Հոկտեմբեր 12,2026 09:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Քչերն են լսել սննդային վարքի խանգարման այն տեսակի մասին, որն անվանում են Սննդի ընդունման խուսափողական/սահմանափակող խանգարում (ARFID)․ սա հոգեկան խանգարում է, որն արտահայտվում է սննդի նկատմամբ ծայրահեղ ընտրողականության դրսևորմամբ։ Սննդի ընդունման խուսափողական/սահմանափակող խանգարումը հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական ձեռնարկի՝ DSM-5-ի համեմատաբար նոր ախտորոշումներից է։ Սա նշանակում է, որ դեռևս բավարար տվյալներ չկան՝ գնահատելու այս խանգարման տարածվածությունն ու ազդեցությունը մեծաթիվ մարդկանց շրջանում։

Սննդի նկատմամբ խիստ ընտրողականություն կարող է նկատվել երեխաների շրջանում, սակայն մեծանալուն զուգահեռ նրանց սննդային նախընտրությունները, սովորաբար, ընդլայնվում են։ Բայց այս խանգարման դեպքում դա տեղի չի ունենում, և մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում կարող է ունենալ Սննդի ընդունման խուսափողական/սահմանափակող խանգարում։ Այս խնդրով մարդկանց թիվը, նոր հետազոտությունների համաձայն, գնալով մեծանում է, սակայն մասնագետներն այդ աճն ավելի շատ կապում են այն հանգամանքի հետ, որ այս խանգարումը նոր-նոր է սկսվել ախտորոշվել․ մինչ այդ նման մարդիկ սննդի նկատմամբ պարզապես քմահաճ էին համարվում։

Ի տարբերություն սննդային վարքի այլ խանգարումների, Սննդի ընդունման խուսափողական/սահմանափակող խանգարումը չի կապվում մարդու մարմնի ձևին կամ քաշին առնչվող անհանգստությունների հետ և կարող է ամենատարբեր քաշի ու մարմնի կառուցվածքի տեր մարդկանց մոտ հանդիպել։ Այն ավելի շատ կապվում է սննդի համի, հոտի կամ կառուցվածքի նկատմամբ գերզգայունության, խեղդվելու կամ փսխելու վախի, կամ էլ սննդի ընդունման հետևանքով ատաջացող հնարավոր այլ խնդիրների հետ։ Այս խանգարմանը բնորոշ է նաև վատ ախորժակն ու սննդի նկատմամբ հետաքրքրության պակասը։

«Մենք աստիճանաբար բացահայտում ենք ARFID-ի նեյրոկենսաբանական բազմաթիվ առանձնահատկությունները», -ասել է Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբանության պրոֆեսոր, Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի Սննդային վարքի խանգարումների կլինիկական և հետազոտական ծրագրի համատնօրեն Ջենիֆեր Ջ. Թոմասը։

Օրինակ՝ ARFID ունեցող մարդկանց մոտ քաղցած վիճակում խոլեցիստոկինինի (CCK)՝ հագեցվածության զգացողությունն ապահովող հորմոնի մակարդակն ավելի բարձր է։ Այս հորմոնն օգնում է մարդուն զգալ, որ կշտացել է։

Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ ARFID-ի՝ վախով պայմանավորված ձևն ունեցող մարդկանց մոտ սննդամթերքի տարբեր պատկերներ դիտելիս գլխուղեղի նշաձև մարմնի՝ ամիգդալայի ակտիվությունն ավելի բարձր է։ Ուղեղի այս հատվածը մասնակցում է վախի և հույզերի մշակմանը։

Մեկ այլ հետազոտության համաձայն՝ ARFID-ի՝  գերզգայունությամբ պայմանավորված ձևն ունեցող մարդկանց մոտ սննդի պատկերներ դիտելիս ուղեղի զգայական շրջաններն ավելի են ակտիվանում։ Իսկ սննդի նկատմամբ հետաքրքրության բացակայությամբ բնորոշվող ձևի դեպքում նկատվում է հիպոթալամուսի՝ ախորժակը կարգավորող ուղեղային հատվածի ավելի ցածր ակտիվություն։

Որոշ հիվանդություններ ունեցող մարդիկ նույնպես, ըստ երևույթին, ավելի հակված են ARFID-ի զարգացմանը։ Դրա պատճառները դեռ ստույգ հայտնի չեն, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այս խանգարումը հատկապես հաճախ է հանդիպում ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշ, աուտիզմ, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, ինչպես նաև տագնապային կամ դեպրեսիվ խանգարումներ ունեցող մարդկանց շրջանում։

2025 թվականին Gastroenterology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ARFID-ի ախտանշանները տարածված են նաև աղեստամոքսային խանգարումներ ունեցող մեծահասակների շրջանում։ Այդ խանգարումների թվում են գրգռված աղու համախտանիշը և ֆունկցիոնալ դիսպեպսիան։

Թոմասի խոսքով՝ դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ քրոնիկ աղեստամոքսային խնդիրներ ունեցող մարդկանց մոտ հաճախ սննդի նկատմամբ տագնապ և անհանգստություն է առաջանում։

Սննդի ընդունման խուսափողական/սահմանափակող խանգարումը նաև զգալիորեն պայմանավորված է ժառանգական գործոնով, ընդ որում՝  միաձվանի երկվորյակների մոտ ARFID-ի համընկնման հավանականությունն ավելի բարձր է, քան երկձվանի երկվորյակների դեպքում։

Անկախ առաջացման պատճառներից՝ ARFID-ը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ինչպիսին, օրինակ, սննդանյութերի անբավարարությունն է․ երեխաների շրջանում այդ անբավարարությունը հաճախ վերաբերվում է B1 և B2, C և K վիտամիններին, ինչպես նաև ցինկին, երկաթին և կալիումին։

Կալիֆոռնիայի համալսարանի՝ Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի մանկաբուժության ամբիոնի դոցենտ Ջեյսոն Նագատայի խոսքով՝ սննդի ընդունման խանգարում ունեցող դեռահասների և երիտասարդ տղամարդկանց շրջանում հաճախ նկատվում են նաև առողջական տարբեր խնդիրներ, այդ թվում՝ սրտի զարկերի հաճախականության նվազում, արյան մեջ խոլեսթերինի ընդհանուր մակարդակի նվազում և հեմոգլոբինի մակարդակի բարձրացում։

Դա բացատրվում է այսպես՝ տղամարդկանց նյութափոխանակային պահանջներն ավելի բարձր են, ուստի անբավարար քանակով կալորիաներ ստանալու պատճառով նրանք կարող են ավելի ծանր թերսնուցում ունենալ։ Այդպիսով է  բացատրվում նաև սրտի զարկերի հաճախականության նվազումը։

Որո՞նք են Սննդի ընդունման խուսափողական/սահմանափակող խանգարման (ARFID) նշաններն ու ախտանշանները

  • Քաշի զգալի կորուստ,
  • փորկապություն,
  • որովայնի ցավ, ստամոքսի կծկումներ կամ մարսողության խանգարում,
  • մարմնի ջերմաստիճանի նվազում,
  • լեթարգիա,
  • անկանոն դաշտանային ցիկլ,
  • ուշագնացություն կամ գլխապտույտ,
  • մարմնի վրա բարակ, աղվամազանման մազերի առաջացում (լանուգո),
  • մկանային թուլություն։

ARFID-ի մասին կարող են վկայել նաև վարքային հետևյալ փոփոխությունները՝

  • Սնվելուց առաջ հագեցածության զգացում կամ ախորժակի բացակայություն,
  • կենտրոնանալու դժվարություն,
  • սննդի սահմանափակ քանակով ընդունում,
  • միայն որոշակի տեսակի մթերքների օգտագործում,
  • սնվելուց հետո հնարավոր հետևանքների, օրինակ՝ փսխելուց կամ խեղդվելուց վախ,
  • սննդի նկատմամբ ընտրողականության խորացում, որի հետևանքով ընդունված մթերքների տեսականին գնալով սահմանափակվում է։

Ի՞նչը կարող է նպաստել Սննդի ընդունման խուսափողական/սահմանափակող խանգարմանը

Սննդի ընդունման խուսափողական/սահմանափակող խանգարման ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ։ Հետազոտությունները ենթադրում են, որ դրա զարգացմանը կարող են նպաստել՝

  • տագնապը,
  • վախը,
  • ժառանգականությունը,
  • սոցիալական, մշակութային և շրջակա միջավայրի գործոնները,
  • հոգեբանական կամ այլ տրավմատիկ փորձառությունները։

Որո՞նք են ARFID-ի զարգացման ռիսկի գործոնները

Սննդի ընդունման խուսափողական/սահմանափակող խանգարումը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, այդ թվում՝ երեխաների և մեծահասակների շրջանում։ Այն առավել հաճախ դրսևորվում է մանկության տարիներին։

ARFID-ի զարգացման հավանականությունը կարող է բարձր լինել, եթե անձը՝

  • ունեցել է տրավմատիկ փորձառություն, հատկապես սննդի հետ կապված, օրինակ՝ սննդի պակաս, հարկադրաբար կերակրման կամ խեղդվելու դեպք,
  • ունի նյարդային համակարգի աշխատանքի կամ զարգացման վրա ազդող ուղեկցող խանգարում, օրինակ՝ տագնապային խանգարում, դեպրեսիա կամ ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշ,
  • զզվանք է զգում սննդի որոշակի հյուսվածքների նկատմամբ,
  • վախենում է, որ սնունդը կարող է վնասել իր օրգանիզմը,
  • ունի սննդային վարքագծի խանգարումներ ունեցող հարազատներ։

Թերսնուցումից բացի ի՞նչ բարդություններ կարող է առաջացնել ARFID-ը

Սննդի ընդունման խուսափողական/սահմանափակող խանգարումը կարող է հանգեցնել նաև հետևյալ բարդությունների՝

  • ջրազրկում,
  • էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարում,
  • սակավարյունություն,
  • զարկերակային ճնշման նվազում,
  • օստեոպորոզ,
  • սեռական հասունացման ուշացում,
  • ֆիզիկական զարգացման խանգարումներ,
  • սրտի կանգ։

ARFID-ի հետևանքները կարող են կյանքին վտանգ սպառնալ։ Երբեմն այս ախտորոշումն ունեցող մարդու մոտ ակնհայտ նշաններ կամ ախտանշաններ չեն նկատվում, քանի որ օրգանիզմը հարմարվում է սթրեսային պայմաններին։ Նույնիսկ հետազոտությունների արդյունքները կարող են միանշանակ չլինել, թեև վիճակը կարող է վտանգավոր լինել։

Սննդի ընդունման խուսափողական/սահմանափակող խանգարումը կարող է ազդել նաև մարդու սոցիալական կյանքի վրա։ Նա կարող է խուսափել հարազատների հետ հանդիպումներից կամ սննդի հետ կապված միջոցառումներից, օրինակ՝ ընտանեկան ճաշկերույթներից և հրավիրված ընթրիքներից։ Այդ խանգարումը կարող է անդրադառնալ միջանձնային հարաբերությունների վրա և խանգարել աշխատանքին կամ ուսմանը։

Ինչպե՞ս է ախտորոշվում Սննդի ընդունման խուսափողական/սահմանափակող խանգարումը

ARFID-ի ախտորոշման ժամանակ գնահատվում են մի շարք չափանիշներ։ Ախտորոշումը կարող է հաստատվել, եթե առկա են հետևյալ պայմանները՝

Սննդի սահմանափակ ընդունումը հանգեցնում է քաշի զգալի կորստի կամ երեխաների աճի դժվարությունների, օրգանիզմը բավարար սննդանյութեր չի ստանում, անհրաժեշտ է դառնում սնուցումը զոնդի միջոցով կամ սննդանյութերի լրացման համար վիտամինների ու հավելումների ընդունումը, և/կամ սննդի սահմանափակումն ազդում է միջանձնային հարաբերությունների վրա։

Սննդի սահմանափակումը պայմանավորված չէ սննդի պակասով, կրոնական ծոմապահությամբ, հիմքում ընկած հիվանդությամբ կամ դրա բուժմամբ։

Սննդի սահմանափակումը պայմանավորված չէ սեփական մարմնի նկատմամբ բացասական ընկալմամբ, նիհարելու կամ մարմնի կազմվածքը փոխելու ցանկությամբ։

Բժիշկը կարող է նշանակել արյան կամ մեզի հետազոտություններ, ինչպես նաև ֆիզիկական զննում՝ ընդհանուր առողջական վիճակը, սննդանյութերի մակարդակն ու օրգանների աշխատանքը գնահատելու համար։

 Բուժումը

Բուժման հիմնական մեթոդներից է ճանաչողական-վարքաբանական թերապիան (ՃՎԹ), որն օգնում է՝

  • Բացահայտել առողջության վրա ազդող խնդրահարույց մտքերն ու վարքագծային օրինաչափությունները։
  • Նվազեցնել սննդի հետ կապված վախն ու տագնապը։
  • Աստիճանաբար հաղթահարել սննդի զգայական հատկությունների հետ կապված դժվարությունները։

Բժիշկը կարող է նշանակել նաև դեղամիջոցներ՝ հոգեկան և ֆիզիկական առողջությունը բարելավելու, կյանքին վտանգ սպառնացող բարդությունները կանխելու կամ ախորժակը խթանելու համար։ Դրանք կարող են ներառել հակափսիխոտիկ դեղամիջոցներ, հակադեպրեսանտներ կամ ախորժակը խթանող միջոցներ։ Ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ անհրաժեշտ է բժշկի հետ քննարկել դրա հնարավոր կողմնակի ազդեցությունները։

Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել նաև ժամանակավոր սնուցում զոնդի միջոցով (էնտերալ սնուցում)։ Սա ճկուն խողովակ է, որը տեղադրվում է քթի միջով կամ անմիջապես ստամոքսի կամ բարակ աղու մեջ՝ սննդանյութերն օրգանիզմ հասցնելու համար՝ շրջանցելով բերանով սնվելու անհրաժեշտությունը։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք բուժման ու ախտորոշման համար։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր՝ 1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031