«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ անցկացրեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Արամ Վարդևանյանն աջափնյակցիների հետ հանդիպման ժամանակ ասաց․ «Աջափնյակը վերջին տարիներին, վստահ եմ, ոչ իր ցանկությամբ հյուրընկալել էր կալանքի դատարանը։ Կալանքի դատարան էր ստեղծվել Հայաստանում, որն էլ կոչվում էր Աջափնյակի դատարան։ Այս խայտառակությունը, որը մենք տեսնում ենք իրավական ոլորտում, այս քաղաքական հետապնդումները, որոնք տեսնում ենք ամեն օր, թողնելու ենք անցյալում, որովհետև փոփոխությունները գալիս են»։
Նա նշեց, որ մեր հասարակության մեջ մեծ խնդիր է պառակտումը․ «Պառակտումն ամեն օր է տեղի ունենում, օրվա իշխանությունները փողոցում մի պահ մարդ են տեսնում, ուզում են պառակտեն, ատելություն տարածեն, բաժան-բաժան անեն։ Ախր դա մեր տեսակի հետ ի՞նչ կապ ունի։ Դրա համար մենք ասում ենք՝ մենք պետք է ունենանք միասնականություն, միասնականությունն է ուժեղ Հայաստանը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանն էլ իր ելույթում ասաց․ «Եկել եմ առաջարկներով ու փաստերով, հարց եմ տալիս՝ մենք ուզո՞ւմ ենք 300 հազար աշխատատեղ մեր երկրում, ուզո՞ւմ ենք զինծառայողների 40 հազար դրամ աշխատավարձ, ուզո՞ւմ ենք, որ բուժաշխատողներն ու ուսուցիչները բարձր աշխատավարձ ստանան, ուզո՞ւմ ենք, որ մեր երկրում այլևս աղքատություն չլինի, ուզո՞ւմ ենք իրական խաղաղություն և երաշխավորված անվտանգություն։ Այո, դա հնարավոր է մեր առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ»։
Նա նշեց, որ Աջափնյակում գրանցված է 86 հազար ընտրող, 2021 թվականին 86 հազարի կեսն է գնացել ընտրության։ «Ու գիտե՞ք՝ ՔՊ-ն ինչքան կողմ ձայն է ստացել ձեր կողմից՝ ընդամենը 21 տոկոս։ Իսկ դուք գիտե՞ք, որ 2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններում 86 հազար ընտրողից ընդամենը 8 հազարը՝ մոտ 10 տոկոսն է կողմ քվե տվել ՔՊ-ին։ Հիմա հարց՝ ժողովուրդ, նորմա՞լ է, որ 8 հազարը որոշում է, թե 86 հազարի կյանքը ոնց ընթանա, նորմալ չէ։ Մենք ունենք անելիք՝ հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս»,- նշեց Մելոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































