Ձեր Դոնբաս այցի ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել, որի հիման վրա ձեզ կարող են պետական դավաճանության մեղադրանք ներկայացնել․ այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներից մեկը հարց տվեց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակում ընդգրկված Անդրանիկ Թեւանյանին։ Լրագրողը հիշեցրեց, որ մամուլում տեղեկություններ կան, որ այդ հարցն է պատճառ դարձել Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ նման դրսեւորումների, եւ հարցը, ի դեպ, համաձայնեցվել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ վերջերս Հայաստան կատարած այցի շրջանակներում։
Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ ցուցակում պետական դավաճանության մեջ մեղադրվող անձ կա ընդգրկված, իսկ ավելի ուշ ասաց, որ այդ անձը Անդրանիկ Թեւանյանն է։
Անդրանիկ Թեւանյանն ասաց՝ իրենց այդ այցը եղել է հրապարակային, մանրամասն տեղեկություններ են տրվել։ Այցը եղել է տեղի հայ համայնքի հրավերով եւ ունեցել մարդասիրական բնույթ․ «Քանի որ տարածքը ռազմական գոտի է, մենք իրավունք ունենք իմանալու, թե այնտեղի մեր հայրենակիցներն ինչով են զբաղվում։ Մենք հանդիպել ենք Դոնբասի, Լուգանսկի ղեկավարների հետ, պառլամենտում ենք հանդիպումներ ունեցել։ Դա պետությունը պետք է աներ»։ Հավելեց՝ իբրեւ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկեր պետության ներկայացուցիչ, այդ այցով ցանկացել են ցույց տալ, որ Հայաստանում բոլորը չէ, որ դեմ են հայ-ռուսական հարաբերություններին․ «Մենք որեւէ այլ դաշտ չենք մտել, այցը եղել է հումանիտար»։
Անդրանիկ Թեւանյանին շշուկներ են հասել, որ Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի շրջանակներում, օրինակ, հրահանգվել է, որ Ուկրաինայում բնակվող հայերը գան Հայաստան եւ ընտրությունների շրջանակներում սատարեն Նիկոլ Փաշինյանին․ «Տեղեկություններ ունենք, որ հսկայական գումարներ են պտտվում․ բերանից-բերան մակարդակով տարածվող տեղեկություններ են։ Այդ ամենը գին ունի, ու ես չեմ բացառում, որ Ուկրաինային եւ Զելենսկուն փորձել են ժեստ անել՝ Դոնբաս գնացած մարդու դեմ նման գործողություններ իրականացնելով»։
Կարդացեք նաև
Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ Դոնբաս այցից հետո Ուկրաինայում իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ օրեր առաջ իր տան վրա հարձակում է իրականացվել․ «Տեսախցիկները ֆիքսել են՝ վաղ առավոտյան 5 անց 40-ի սահմաններում գալիս են երկու երիտասարդներ, ուժով բացում են շքամուտքի դուռը եւ ոչ մի գործողություն չեն անում։ Մեկ րոպե հետո նորից վերադառնում են, նորից են փորձում բացել եւ թողնում՝ գնում են։ Չեմ կարծում, որ սպորտային հետաքրքրություն է՝ առավոտյան այդ ժամին գալ ու փորձել դուռը բացել։ Ես ենթադրում եմ, որ ինչ-որ ազդակ են ուզեցել տալ։ Դրա հետ կապված ես առանձնապես քաղաքական ենթատեքստ չեմ տվել։ Զանգեցի ոստիկանություն, վարույթ է նախաձեռնված»։
Անձինք դիմակավորված չեն եղել։ Անդրանիկ Թեւանյանն այս մասով դատողություններ չի անում, ասում է՝ ողջամտորեն ամեն ինչ էլ կարող ենք կասկածել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































