Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախահայերի վերադարձ, բռնազավթված հողերի ազատագրում, Հայ Առաքելական եկեղեցու դերի ընդգծում. ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում

Մայիս 25,2026 10:23 Share

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Aravot.am-ն ուսումնասիրել է, թե որ քաղաքական ուժերի ծրագրերում անդրադարձ կա Հայ Առաքելական եկեղեցուն եւ Արցախին:

«Ուժեղ Հայաստանի» ծրագրում շեշտադրված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերակատարությունը. «Հայաստանը եզակի պետություն է, որը դարերի ընթացքում պահպանել է իր ինքնությունը՝ շնորհիվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և իր հավատքի: Քրիստոնեական արժեքները մեր պետական, մշակութային, բարոյական և ազգային գոյության հիմքն են»:

«Ուժեղ Հայաստանի» ծրագրում նշված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բացառիկ դեր ունի հայ ժողովրդի պատմության մեջ՝ որպես ազգային ինքնության, հավատքի, միասնության և պետականության պահպանման հենասյուն: Եկեղեցին պետք է լինի ազգային միասնականության, բարոյականության և համայնքային կյանքի առանցքային ինստիտուտ և դերակատար: Պետությունն ու եկեղեցին պետք է սերտորեն համագործակցեն կրթության, մշակույթի և ընտանիքի ամրապնդման հարցերում՝ հստակ սահմանված շրջանակներով: Եկեղեցու սոցիալական, կրթական և բարեգործական ծառայությունները պետք է արժանանան պետական աջակցության: Հայոց պատմության, քրիստոնեության և եկեղեցական մշակույթի ուսուցումը կրթական համակարգում պետք է ունենա արժանի տեղ՝ առանց պարտադրանքի, բայց բարձր որակով: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազգային անվտանգության հիմնասյուներից է՝ ազգը պահպանվում է ոչ միայն զենքով, այլև արժեքներով»:

«Ուժեղ Հայաստանի» ծրագրում ընդգծված է, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ կատարված միջազգային հանցագործությունների համապարփակ արձանագրումը և դրանց շուրջ միջազգային օրակարգը անհրաժեշտ է ոչ միայն ճշմարտության վերականգնման համար, այլև մարդկանց հասարակությունների մեջ կորսված վստահությունը վերականգնելու, համերաշխություն ստեղծելու և իրական հաշտության հիմքեր ձևավորելու համար: Ըստ այդ ուժի ծրագրի, միայն անցյալի իրողությունները արժանապատիվ կերպով բարձրաձայնելու և հասցեագրելու միջոցով է հնարավոր հասնել կայուն խաղաղության և փոխըմբռնման:

«Միասնության թեւերի» ծրագրում նշված է, որ լինելու են հետևողական և ակտիվ միջազգային դատական և կոնվենցիոն բոլոր մեխանիզմների կիրառման հարցում՝ Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար՝ Արդարադատության 7 միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հատուկ առաջնահերթությամբ։ «Միասնության թևերը» խոստանում է ազատել Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանական օկուպացիայից։ Նաեւ նշվում է, որ գերիների, անհայտ կորածների, ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությունը լինելու է իրենց առաջնահերթությունը։ «Միջազգային ատյաններից Հայաստանի ներկայացրած հայցերից, գանգատներից կամ դիմումներից հրաժարվելը, առանց հիմնարար իրավունքների խախտումներն արձանագրելու և հատուցում տրամադրելու, բացառվում է․ դա կստեղծի նոր սպառնալիքներ թե՛ մարդու իրավունքներին, թե՛ պետականությանը։ Վերականգնելու ենք Հայոց ցեղասպանության ճանաչման առաջմղմանն ուղղված քայլերը»,-նշված է «Միասնության թևերի» նախընտրական ծրագրում:

Ազգային ժողովրդավարական բեւեռի ծրագրում անդրադարձ կա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. «Պետական քաղաքականության հիմքում դրվում է Առաջին Հանրապետության իրավահաջորդության սկզբունքի լիարժեք կիրառումը: Պետությունը նպատակաուղղվում է՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ Արցախը ներառյալ, 1920–1921 թթ. թուրք-բոլշևիկյան ագրեսիայի իրավաքաղաքական գնահատմանը. 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի իրավական անվավերության ճանաչմանը, ԽՍՀՄ պայմանագրային հիմքերով ձևավորված տարածքային դասավորությունների վերանայմանը. խորհրդային օկուպացիայի գնահատմանը պետական իրավահաջորդության շրջանակում»։

Բեւեռի ծրագրի մի մասը նվիրված է Արցախին, որտեղ եւ նշված է, որ պետք է կատարվի 2023 թ. իրադարձությունների իրավական գնահատում, քանի որ Արցախի բնակչության տեղահանումը գնահատվում է որպես էթնիկ զտում. «Պետության պարտավորություններն են՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովումը, միջազգային պատասխանատվության ապահովումը, ռեստիտուցիայի իրականացումը եւ Հայաստանի ներսում խտրականության բացառումը»: Բեւեռի ծրագրում կարեւորվում է միջազգային միջնորդական ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնումը, ռազմագերիների վերադարձի առաջնահերթությունը, վերադարձի իրավունքի ապահովումը միջազգային վերահսկողությամբ։

Հայ ազգային կոնգրեսի ծրագրում նույնպես արծարծված է Արցախի ու արցախահայերի խնդիրը. «Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պաշտպանելով՝ պետությունը այս ժամանակաշրջանում պետք է կենտրոնանա Հայաստանում նրանց սոցիալտնտեսական ինտեգրման վրա եւ պաշտպանի նրանց գույքային ու այլ իրավունքները միջազգային ատյաններում ու դատարաններում։ Պետական քաղաքականության հիմնական նպատակները պետք է լինեն ոչ թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող կարճաժամկետ ծրագրերը՝ նվազագույն աջակցության միջոցով, այլ նրանց արժանապատիվ, անվտանգ եւ կայուն ապագայի կառուցումը Հայաստանում՝ միաժամանակ պաշտպանելով նրանց վերադարձի, սեփականության ու այլ իրավունքները միջազգային ատյաններում ու դատարաններում։

Բնակարանային իրականացվող ծրագրին զուգահեռ, ցանկացողների համար կկատարվեն հողահատկացումներ, եւ կտրվի տան կառուցման օժանդակություն։ Հողահատկացումները կկատարվեն այն տրամաբանությամբ, որպեսզի արցախահայերը ցանկության դեպքում կարողանան վերստեղծել իրենց նախկին համայնքները համատեղ կոմպակտ բնակվելու պայմաններում ըստ շրջանների, քաղաքների եւ գյուղերի` ինտեգրվելով հայաստանյան համապատասխան բնակավայրերում»։

ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում առանձին տեղ է զբաղեցնում Հայ Առաքելական եկեղեցին. «Հայ առաքելական սուրբ եկեղեցին եղել է և պետք է լինի մեր ավանդույթների, հոգևոր և ազգային արժեքների պահապանը: Հայ առաքելական սուրբ եկեղեցին հայության անբաժան մասն է, որ պետք է ծառայի պետությանն ու ժողովրդին»:

Ժողովրդավարական համախմբումը փաստում է. «Ինքնության խորքային ճգնաժամի, 44-օրյա պատերազմի, Արցախի հանձնման, նոր միջազգային կարգի և քաղաքակրթական բևեռների ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում արմատական փոփոխությունների հետևանքով ՀՀ անվտանգային և գոյաբանական սպառնալիքների անմիջական առկայությունը այլևս պարտադրում է մեզ, ինքնության պահպանման, անվտանգության և կենսունակության երաշխավորման հաղթահարել ինքնության ճգնաժամը՝ նկատառումներով խորապես վերաիմաստավորելով և վերարժևորելով ազգային տեսլականը, պետության բովանդակությունը և նրա տեղն ու դերը կերպափոխվող աշխարհում։ Ըստ վերջինիս նախընտրական ծրագրի, բացառապես ազգային ուժեղ պետությունը, որ ոչ միայն ձևով այլ առաջին հերթին բովանդակությամբ կլինի ՀԱՅԿԱԿԱՆ, կարող է երաշխավորել ազգի անվտանգությունը, զարգացումը, հարատևումը և իր արժանապատիվ տեղը շարունակ կերպափոխվող աշխարհում՝ պահպանելով ինքնությունն ու յուրատիպությունը»։

Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության նախընտրական ծրագրում նշվում է. «Վարդան Ղուկասյանը պաշտոնապես բազմիցս հայտարարել է, որ արցախցին ապրելու է Արցախում։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ ԴՕԿ Կուսակցությունը պաշտոնապես արձանագրում է․ Արցախցին փախստական չէ։ Արցախցին հյուր չէ։ Արցախցին ողորմություն խնդրող չէ։ Արցախցին հայ ժողովրդի արժանապատվության, պայքարի և պատմական հիշողության կրողն է։ Մեր նախընտրական ծրագրում հստակ ամրագրում ենք․ յուրաքանչյուր արցախցի ընտանիք պետք է ունենա իր տունը, իր աշխատանքը, իր անվտանգությունն ու իր արժանապատիվ ապագան։ Սակայն միևնույն ժամանակ պաշտոնապես հայտարարում ենք՝ Արցախցու բնական և պատմական բնակավայրը Արցախն է։ Այն հողը, որտեղ հայն ապրել է հազարավոր տարիներ, կառուցել եկեղեցի, դպրոց, ընտանիք, գերեզման ու հայրենիք։ Ուստի Վարդան Ղուկասյանի ծրագրով սկզբունքային և պարտադիր քաղաքական նպատակ է համարվում այն, որ արցախցին վերջնականապես պետք է ապրի Արցախում՝ իր հայրենի հողի վրա, ոչ թե մշտական տեղահանության և օտարության պայմաններում։ Մենք երբեք չենք ընդունելու այն քաղաքականությունը, որը փորձում է արցախցուն վերածել մշտական գաղթականի և փակել Արցախի հարցը։ Արցախը բնակեցնելու, արցախցուն իր հող վերադարձնելու և հայկական պետական արժանապատվությունը վերականգնելու հարցը լինելու է ազգային անվտանգության ռազմավարական ուղղություն»:

 Հայաստանի շնորհապետական կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված է, որ Արցախի տարածքի հայ ազգաբնակչության բնական և ազգային իրավունքների պաշտպանության հարցը պետք է դառնա ՀՀ միջազգային հարաբերությունների հաջորդ առաջնահերթությունը: «2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, մշակութային և էթնիկ ցեղասպանության, հայրենազրկման, անհետ կորածների, գերիների և հայկական ծագում ունեցող բռնադատվածների գործերով միջազգային քրեական հետապնդման գործընթացը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների ևս մեկ առաջնահերթություն»,-ասված է Հայաստանի շնորհապետական կուսակցության ծրագրում:

«Հայաստան» դաշինքը խոստանում է երաշխավորված խաղաղություն, ընդգծում, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ցանկացած փաստաթուղթ պետք է ունենա միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի և գործուն երաշխիքներ՝ իսպառ բացառելով ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի հնարավորությունը: Ծրագրում նշվում է նաեւ արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի միջազգայնացման եւ Արցախի հազարամյա մշակութային ժառանգության խստագույն պահպանության մասին:

«Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցությունը Հայ Առաքելական եկեղեցին համարում է հայկական մշակույթի եւ ժառանգության ամենակարեւոր առանցքներից մեկը, այս ուժը խոստանում է Հայ Առաքելական եկեղեցուն շնորհել դիվանագիտական կարգավիճակ, էլ ավելի մեծացնել դերը Սփյուռքում եւ Հայաստանում։

Ի տարբերություն մյուսների՝ «Քաղաքացիական պայմանագիրը» միակ ուժն է, որն իր ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգի անվան տակ որոշել է հեռացնել Ամենայն Հայոց Հայրապետին ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031