Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) Հայաստանի միանալը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության կառավարությունը՝ 2020թ. պատերազմում կրած պարտությունից և Ադրբեջանի հետ հետագա զինված բախումներից հետո անվտանգության քաղաքականության վերանայման համատեքստում։ ԱՄՆ-ի և ԵՄ աջակցությունը ստացած այս նախաձեռնությունը միաժամանակ դարձավ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման էական գործոններից մեկը։ Դատարանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության խստացումը փոխում է Հայաստանի անդամակցության արտաքին քաղաքական միջավայրը. Մոսկվայի հետ հակասություններին ավելացել են Վաշինգտոնի և Բրյուսելի միջև գոյացող լուրջ տարաձայնությունները։ Հայաստանի անդամակցությունը ՄՔԴ-ին պետք է վերաիմաստավորել՝ հաշվի առնելով թե՛ Ադրբեջանի հետ հռչակված «խաղաղությունը», թե՛ դատարանի գործունեության շուրջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև սրվող հակասությունները։
Անդամակցության պատմությունը
Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է դեռ 1999թ. հոկտեմբերի 1-ին։ Սակայն 2004թ. օգոստոսի 13-ին ՀՀ Սահմանադրական դատարանը դրանով նախատեսված մի շարք պարտավորություններ ճանաչեց այն ժամանակ գործող Սահմանադրությանը չհամապատասխանող, ինչի հետևանքով վավերացման գործընթացը կասեցվեց։ 2022թ. դեկտեմբերի 29-ին ՔՊ կառավարությունն անսպասելիորեն վերսկսեց Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը՝ պայմանավորված 2020թ. պատերազմում Հայաստանի պարտությունից հետո ձևավորված ռազմաքաղաքական նոր պայմաններով։
ԱԺ-ում հարցի զեկուցողը՝ միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, նշել էր, որ «նպատակը, բնականաբար, հիմնականում միտված է Ադրբեջանի զինծառայողների կողմից իրականացված պատերազմական, մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսելուն»՝ ընդգծելով, որ «Հայաստանի սուվերեն տարածքում այսօր էլ դեռ գտնվում են ադրբեջանական զինված ստորաբաժանումներ»։
Կարդացեք նաև
Կառավարության պատկերացմամբ՝ միջազգային քրեական արդարադատությունը երկրի շահերի պաշտպանության լրացուցիչ մեխանիզմ էր այն պայմաններում, երբ պաշտոնական Երևանը կասկածի տակ էր դնում ավանդական դաշնակիցների կողմից տրամադրած անվտանգության երաշխիքների արդյունավետությունը։
2023թ. մարտի 24-ին ՍԴ-ն կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչեց ՀՀ գործող Սահմանադրությանը համապատասխանող։ Հոկտեմբերի 3-ին ԱԺ-ն վավերացրեց փաստաթուղթը, հոկտեմբերի 13-ին ՀՀ նախագահը ստորագրեց օրենքը, իսկ նոյեմբերի 14-ին վավերացման փաստաթուղթը հանձնվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ 2024թ. փետրվարի 1-ին կանոնադրությունը մտավ ուժի մեջ, և Հայաստանը դարձավ ՄՔԴ-ի 124-րդ մասնակից պետությունը։ Այդ պահից մեր երկրի ՄՔԴ-ին անդամակցությունը ձեռք բերեց միջազգային պարտավորության բնույթ՝ դուրս գալով վավերացման սկզբնական քաղաքական շարժառիթների շրջանակից։
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը և ԵՄ-ն ողջունեցին ՄՔԴ կանոնադրության վավերացումը և դրական գնահատեցին արդարադատության ոլորտոմ Հայաստանի ստանձնած պարտավորությունները։ Մոսկվան Հայաստանի որոշումը գնահատեց նախևառաջ Վ. Պուտինի ձերբակալման՝ ՄՔԴ-ի արձակած օրդերի համատեքստում։ ՌԴ ԱԳՆ-ն վավերացումն անվանեց անընդունելի և նախազգուշացրեց երկկողմ հարաբերությունների համար դրա բացասական հետևանքների մասին։ 2023թ. հոկտեմբերի 3-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դ. Պեսկովը որոշումը բնութագրեց որպես «ոչ կոռեկտ»՝ մտահոգություն հայտնելով ՌԴ նախագահի՝ Հայաստան այցելությունների համար հնարավոր խոչընդոտների առնչությամբ։ Այսպիսով, Մոսկվան Հայաստանի անդամակցությունը ՄՔԴ-ին դիտարկեց որպես Երևանի դաշնակցային պարտավորություններին հակասող քայլ, մինչդեռ Արևմուտքի աջակցությունն այդ որոշմանն ավելի խորացրեց Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունները։
ԱՄՆ–ի և ԵՄ–ի դիրքորոշումների տարամիտումը
Դեռևս Թրամփի առաջին նախագահության ընթացքում՝ 2020 թվականին, ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց ՄՔԴ դատախազության առանձին պաշտոնյաների նկատմամբ։ Այժմ Թրամփի վարչակազմը պատժամիջոցները տարածել է դատարանի՝ որպես միջազգային կազմակերպության վրա՝ սպառնալիք ստեղծելով կառույցի գործունեության համար։
ՄՔԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշման ուժեղացման անմիջական առիթներից էին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Գալանտի ձերբակալման օրդերները։ Սակայն հակասությունն ավելի խորքային է․ Վաշինգտոնը չի ճանաչում դատարանի իրավազորությունը ԱՄՆ-ի և Հռոմի կանոնադրությանը չմիացած իր դաշնակիցների քաղաքացիների նկատմամբ։ Սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում՝ Թրամփը հայտարարեց, որ դատարանը «դուրս է եկել վերահսկողությունից», և այն անվանեց «չար մարդկանց խումբ»։
Օրերս պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնի դիրքորոշումը ձևակերպեց վերջնագրի տեսքով. կա՛մ ՄՔԴ-ն կդադարեցնի այն գործողությունները, որոնք ԱՄՆ-ն ընկալում է որպես սպառնալիք, կա՛մ ամերիկյան վարչակազմը կհասնի դատարանի գործունեության դադարեցմանը։ Դիմելով ՄՔԴ-ին անդամակցող և ամերիկյան օժանդակությունից կախված դաշնակիցներին՝ նա պահանջել է «սանձել» դատարանը։ Այսպիսով, չի բացառվում, որ Վաշինգտոնն անվտանգության ոլորտում իր աջակցությունը կպայմանավորի ՄՔԴ-ի նկատմամբ դաշնակիցների դիրքորոշմամբ։
ՄՔԴ-ն պատժամիջոցները գնահատել է որպես միջազգային արդարադատությանը խոչընդոտելու փորձ։ Հնարավոր սահմանափակումներից բխող ռիսկերը նվազեցնելու նպատակով դատարանը նախապես վերանայել էր մի շարք մատակարարների հետ հարաբերությունները. Microsoft-ի ծրագրային ապահովումից անցել է գերմանական openDesk հարթակին և դադարեցրել համագործակցությունն AXA ապահովագրական ընկերության հետ։
ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ՄՔԴ-ի անկախությանը, ԱՄՆ-ին կոչ արել չեղարկել պատժամիջոցները և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու դատարանի գործունեությունն ապահովելու համար։ Նիդերլանդները, որի տարածքում է գտնվում դատարանի կենտրոնակայանը, նույնպես խոստացել է նպաստել դրա բնականոն աշխատանքի պահպանմանը։ Եվրոպացի օրենսդիրները կոչ են անում կիրառել «արգելափակող կանոնակարգը»՝ եվրոպական ընկերություններին արգելելով կատարել ՄՔԴ-ի դեմ ամերիկյան ճնշումը։ Այսպիսով, ԱՄՆ-ի և ԵՄ-ի խորացող տարաձայնություններն առնչվում են դատարանի գործունեության և դրա հետ համագործակցության գործնական պայմաններին։
Հայաստանի համար սա մեծացնում է արևմտյան գործընկերների հակասող պահանջների միջև հայտնվելու վտանգը։ Եվրոպական դիրքորոշմանն աջակցելը կարող է բարդացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ վարչակազմը ՄՔԴ անդամ պետություններից պահանջի պատժիչ միջոցներ ձեռնարկել դատարանի նկատմամբ։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ի պահանջներին ընդառաջ գնալը կարող է կասկածի տակ դնել ԵՄ-ի հետ համագործակցության հետևողականությունը և Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը։
«Խաղաղության քաղաքականությունը» և ՄԴՔ–ը
Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման՝ կառավարության հռչակած քաղաքականությունը ևս պահանջում է վերաիմաստավորել ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցության նպատակները։ Հայ-ադրբեջանական հակամարտության ավարտի և «խաղաղության» հաստատման վերաբերյալ ՀՀ կառավարության հայտարարությունները ու գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Երևանի առաջնահերթությունը միջազգային դատական դիմակայությունից հրաժարվելն է։ Այս մոտեցումն իր արտացոլումն է գտել նաև 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության համաձայնագրի» XV հոդվածում։ Հետևաբար, պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե ՄՔԴ-ի մեխանիզմների կիրառումն ի՞նչ տեղ է զբաղեցնում ՀՀ կառավարության քաղաքական օրակարգում։
Այս հարցն առավել սրվում է այն պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունը «խաղաղության» հաստատումը կապում է հենց Թրամփի հետ, որը կասկածի տակ է դնում ՄՔԴ-ի գործունեությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի տարաձայնություններն այսպիսով դժվարացնում են Երևանի արտաքին քաղաքականության երկու ուղղությունների համադրումը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը և ԵՄ-ի աջակցությունը վայելող ՄՔԴ-ի հետ համագործակցությունը։
Ադրբեջանի հետ «խաղաղության» հաստատման՝ կառավարության հռչակած քաղաքականությունը, ԱՄՆ-ի պատժամիջոցները ՄՔԴ-ի նկատմամբ և այդ կապակցությամբ Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև խորացող տարաձայնությունները Հայաստանի կառավարությունից պահանջում են հանրությանն ու միջազգային գործընկերներին ներկայացնել ՄՔԴ-ին ՀՀ անդամակցության արդիականացված հիմնավորումը։ Այն պետք է հստակեցնի անդամակցության նշանակությունը Հայաստանի շահերի տեսանկյունից և նպաստի արտաքին քաղաքական ռիսկերի նվազեցմանը։
Հ.Գ. 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը հոկտեմբերի 9-ին շնորհվել է տիկին Նավի Փիլլային՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում ծնված իրավաբանի։ Նա Միջազգային քրեական դատարանի դատավոր է եղել 2003 թվականից մինչև 2008 թվականը։ Խաղաղաշինության ամենամեծ պարգևը տիկին Փիլլային շնորհելը խիստ քննադատության է արժանացել Իսրայելի և ԱՄՆ-ի վարչակազմերի կողմից, որոնք դատապարտել են նրա դերը ՄԱԿ-ի հանձնախմբում, որը եզրակացրել էր, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայում։
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն Խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
«Առավոտ» օրաթերթ
13.10.2026



















































