ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։
Դանիել Իոաննիսյանի կողմից փաստացի իրականացվել է հակաքարոզչություն։
Մասնավորապես՝ դիմումին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ նա, հիմնվելով «Սունկ» կայքով հրապարակված նյութի վրա, կոնկրետ թիրախավորել և հակաքարոզչություն է իրականացրել ընտրական գործընթացում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ։ Հիշյալ հրապարակումները դիտել են հարյուր հազարից ավելի օգտատերեր։
Կարդացեք նաև
Նման պայմաններում դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները։ Խախտվել են ինչպես համապատասխան վարքագծի կանոնները, այնպես էլ քաղաքական չեզոքություն դրսևորելու և որևէ քաղաքական ուժի օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնելու իմպերատիվ (պարտադիր) արգելքը։
Այսպիսով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջում է Դանիել Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից։


















































