Լրահոս
Օրվա լրահոսը

Սա չի՞ խոսում արդյոք այն մասին, որ ՀՀ-ի հետ կապ ունեցող արտաքին աշխարհի մի մասի մոտ, Փաշինյանն արդեն կորցրել է վստահությունը, և նա գիտի այդ մասին. Արտակ Զաքարյան

Մայիս 29,2026 17:43 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի:

Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի և նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցի ժամկետներն ընտրված էին այդ նպատակով: Իհարկե, տպավորիչ է, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, գալիս ու “քաջալերում” են Նիկոլին՝ չխորանալով Հայաստանի հետագա հիմնախնդիրների մեջ:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի «Touch-and-Go» այցը, Հայաստանի հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների մասին ստորագրված հուշագիրը, այնուհետև՝ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը ևս նախընտրական աջակցության վերածվեց: Կարելի է նաև ենթադրել, որ պաշտոնական Երևանն էր խնդրել, նման գրառում անել:

Նախընտրական ցուցահանդեսի վերածված զորահանդեսը և դրա մատուցումն իրականացվեց ոչ թե պետության ռազմական ուժի դրսևորման, այլ մեկ անձի շուրջ քարոզչության նպատակով: Ամբողջը քարոզչական տեքստն ուղղված էր ոչ թե պետության տարածքային ամբողջականությանն ու անձեռնմխելիությանը, այլ քարոզվում էր՝ «տեսեք ինչ վատն են նախկինները ու ինչ լավն է Նիկոլը» թեզը: Իրականում, հայկական զորահանդեսների գաղափարաբանության համար պատեհ առիթը՝ սեպտեմբերի 21-ի անկախության հոբելյանական տարեդարձներն են:

Ասում են, որ առաջիկա օրերի գինու փառատոնը ևս ծառայեցվելու է Նիկոլ Փաշինյանի անձի՝ ուղղակի և անուղղակի քարոզչությանը: Կենացների, ողջագուրումների ու պաչիկների բեմադրություններ, ծափ-ծիծաղ, երգ ու պար… Մի խոսքով, սիրելի ժողովո՛ւրդ, «մէ քեֆ, մէ ուրախություն»-ը ձեզ Նիկոլ պապին է պարգևել:

Այս ամենը հասկանալի է: Աղետներից, պատերազմներից, մարդկային, տարածքային կորուստներից ու վնասներից հետո, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի համար, ծխածածկույթ կարող էին ապահովել միայն չընդհատվող շոուներն ու մասշտաբային մանիպուլյացիաները:

Մի բան հասկանալի չէ: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց Աստանա (որտեղից ստացել էր «Ոսկե Արծիվ» բարձրագույն պետական պարգևը) և ԵԱՏՄ նիստը ինչո՞ւ չվերածեց իր նախընտրական PR-ի: Արձակուրդից մեկ օրով վերադառնալը դժվար չէր:

Չեմ կասկածում, որ եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ կարող էր այդ նիստից ունենալ նախընտրական օգուտ՝ ստանալով ԵԱՏՄ անդամ երկրների լիդերների բարի խոսքերն ու հաջողության մաղթանքները՝ նա անպայման կգնար: Իսկ ՔՊ քարոզչության «ռահվիրաները» կաղմկեին ևս մեկ աշխարհացունց ու աննախադեպ դիվանագիտական ձեռքբերման մասին: Նրանք հայ տնտեսվարողներին կպատմեին, թե ինչպե՛ս է քաջաբար մարտնչող Փաշինյանը ճանապարհ հարթում դեպի ԵԱՏՄ շուկաներ՝ հանուն մեր քաղաքացիների բարօրության: Այնպես, ինչպես անում էին առ այսօր, երբ Նիկոլը մասնակցում էր ԵԱՏՄ բոլոր նիստերին:

Սա չի՞ խոսում արդյոք այն մասին, որ Հայաստանի հետ կապ ունեցող արտաքին աշխարհի մի մասի մոտ, Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է վստահությունը, և նա գիտի այդ մասին: Հետևաբար, ի՞նչ երաշխիքներ կան, որ մի գեղեցիկ օր, նա չի կորցնի վստահությունը նաև Արևմտյան աշխարհի մոտ:

Գուցե այդ պատճառո՞վ է ամերիկյան վարչակազմն առաջնորդվել՝ «երեկոյան հազվագյուտ մետաղների հուշագիրը՝ առավոտյան աջակցությունը» պրագմատիկ սկզբունքով:

Շարունակ միմյանց հակասող հայտարարություններ անող ու հակասական քաղաքականություն վարող երկրի կառավարիչներին դժվար է վստահելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031