«Պարոն Փաշինյանը եկավ դավաճանեց ժողովրդին, չէ՞, բա դուք չգիտեի՞ք՝ երբ է պատերազմ լինելու, ինչո՞ւ ԱԹՍ չեք առել, զենք չեք առել»,- այսօր մարզային հանդիպումներից մեկի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց Արարատ մարզի մի բնակիչ։
Ի պատասխան Քոչարյանն ասաց. «Ես, երբ երկրի ղեկավար եմ եղել, ԱԹՍ-ն ընդհանրապես չի եղել: Դրանք հայտնվել են որպես զինատեսակ 2017, 2018 թվականին»:
«Լավ, բա կատարելագործված զենք ինչո՞ւ չեք առել»,- իր հարցերը շարունակեց քաղաքացին և ի պատասխան լսեց Քոչարյանի հավաստիացումը. «Ոչ թե առել ենք, այլ այնքան ենք առել, բերել ու ձրի, որ միայն 5 միլիարդ դոլարի զենք Նիկոլ Փաշինյանը թողել է Ալիևին և ընդունում է, որ թողել է: Ալիևն էլ ասում է՝ այսքան զենք, բա այդ զենքը որտեղի՞ց է եկել»։
«Լավ, ես ձեզ պետք է ընտրեմ, ձեզնից ի՞նչ ակնկալիք ունենամ»,- հարցրեց քաղաքացին։
Կարդացեք նաև
«Անձամբ դուք կարող եք որևէ ակնկալիք չունենալ: Ես խնդիր չունեմ, ես հասկանում եմ՝ կա մի զանգված, որը մեզ է հավատում, կա մի զանգված, որ հավատում է Նիկոլ Փաշինյանին, հավատացեք: Չեմ եկել հանդիպելու ձեզ»,- ասաց Քոչարյանը։
«Գուբեռնիա՞ ենք դառնալու, կներեք»,- հարցրեց քաղաքացին։
Քոչարյանը շարունակեց. «Մեր քաղաքացին է, պետք է նորմալ վերաբերենք: Մոլորված տղա է, հիմա ի՞նչ անենք։ Գոնե ավելի լավ ինստրուկտաժ անեին»։
Քոչարյանի խոսքով՝ իր կառավարման տարիներին այնքան ուժեղ էինք, որ Ադրբեջանը երբեք չի համարձակվել որևէ քայլ անել առաջին գծում: Ըստ նրա՝ գոնե մեկ ընդհարում միջին ծավալի չի եղել. «Որովհետև գիտեին, որ պատասխանը կլինի լուրջ ու իրենց համար ծանր հետևանքներով»:
Քոչարյանը նաև ասաց, որ ոչ թե իրեն պետք է մեղադրել՝ ինչու ԱԹՍ չի գնել, այլ ինքը կարող է մեղադրել այս իշխանություններին՝ 2018–20թթ., երբ արդեն կային ԱԹՍ-ներ, ինչու չեն համալրել բանակը ԱԹՍ-ներով և 8 միլիարդ դոլար արտաքին պարտքն ավելացնելով՝ ուր են տարել այդ գումարները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































