«Այսօր մենք պետք է մեր ընտրությամբ կանգնեցնենք ներքին թուրքին։ Եթե չկանգնեցնենք ներքին թուրքին, ապա իրական թուրքն է մտնելու Հայաստան»,- այսօր Վանաձորում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը։
Հետո նա անդրադարձավ գործող իշխանությունների չկատարած խոստումներին։
«Խոստացան ապահովել բարձր, արժանապատիվ թոշակ, բայց թոշակների մասին հիշեցին ընդամենը ապրիլի մեկին՝ որպես նախընտրական կաշառք։ Այն դեպքում, երբ իրենց հայտարարած բարձրացումը բերել էր եռակի գնաճի։ Նրանք խոստացան առողջության ապահովագրություն՝ մոռանալով, որ առողջապահությունը առաջին հերթին առողջության պահպանումն է, ոչ թե հիվանդների բուժումը։ Նրանք ամեն ինչ արեցին, որ մեր հասարակության մեծ մասը, թոշակառուները հիվանդանան, որ հետո առաջարկեն կաշառք՝ ապահովագրություն»,- ասաց Կյուրեղյանը։
Ըստ նրա՝ գործող իշխանությունները խոստացան բարելավել կրթությունը, բայց արդյունքում դպրոցներ են փակվում․ «Արդեն ունեն օրենք, որով 3 տարի հետո Վանաձորի այս բուհն է փակման առաջ կանգնած։ Մենք խոստանում ենք բազային թոշակի առնվազն 50 տոկոսի բարձրացում, խոստանում ենք շեշտը դնել առողջության պահպանության վրա, ոչ թե հիվանդացնել, հետո բուժել։
Կարդացեք նաև
Մենք խոստանում ենք, որ մեր մարզային բուհերը չեն փակվելու, խոստանում ենք, որ ոչ մի սահմանամերձ գյուղում դպրոց չի փակվելու, որովհետև դպրոց փակել, նշանակում է դատարկել գյուղերը։ Իսկ ո՞ւմ համար են դատարկում գյուղերը, միգուցե այն 300 000 ադրբեջանցիների՞, որոնց բնակեցնելու մասին ամեն օր խոսում է Ալիևը։ Իսկ իրենք ասում են՝ ժողովրդագրության խնդիրը կլուծենք ներգաղթով, կազմակերպված, ղեկավարվող ներգաղթով։ Հիշեք, որ ներգաղթողները հայեր չեն լինելու։ Սա Արսեն Թորոսյանի (խմբ․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) խոսքն է, ումո՞վ են ներգաղթ ապահովելու, ժողովրդագրություն լուծելու»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































