Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանիել Իոաննիսյանը, ի տարբերություն մեզ, կարծում եմ, գիշերը քնել է»․ ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյան

Մայիս 30,2026 12:24 Share

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը  չի զրկվի 2026 թ․  հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 30-ին հրապարակեց որոշումը։

«Չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնահատում է հրապարակումը խնդրահարույց, այնուամենայնիվ, այն որպես եզակի դեպք բավարար չէ և չի բավարարում այն շեմը, որի պատճառով կարելի կլիներ ուժը կորցրած ճանաչել դիտորդի կամ կազմակերպության գրանցումը: Դիտորդի կողմից այդպիսի հրապարակումների միտումը, կրկնությունը կամ նույն կազմակերպության տարբեր դիտորդների կողմից թեկուզ եզակի խնդրահարույց հրապարակումների պարագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է այն դիտարկել որպես դիտորդի կողմից քաղաքական չեզոքության խախտում կամ տարբեր դիտորդների կողմից համատեղ խմբային քաղաքական չեզոքության խախտում և կարող է առաջ բերել կազմակերպության հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչելու հարց:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 47-ից 49-րդ հոդվածներով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց. «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչելու հիմքերը բավարար չեն»։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին, արտահերթ նիստում ԿԸՀ-ն քննարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի դիմումը։ Ըստ Մարուքյանի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու նրա ղեկավարի դեմ փաստացի հակաքարոզչություն է իրականացրել։ Մասնավորապես, Իոաննիսյանը հիմք է ընդունել «սունկ» կայքի հրապարակումը, այնուհետեւ պարզվել է, որ տվյալ կայքում եղած հրապարակումները սուտ են, ադրբեջանական ծագում ունեն։ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը առարկեց դիմումի դեմ՝ նշելով, որ Դանիել Իոաննիսյանը չի խախտել օրենքը, քարոզ չի արել, չի դրսեւորել կանխակալ կամ կողմնակալ վերաբերմունք, այլ ուղղակի տարածել է այդ կայքի հրապարակումը։

ԿԸՀ-ն երեկ ընդմիջեց նիստը,  որպեսզի պատրաստի որոշման  նախագիծը։

«Ես այնպես եմ հասկացել, որ նիստը ընդմիջվել է, ու քննարկումը պետք է շարունակվի, որից հետո պիտի որոշում կայացվի։ Իսկ դուք արդեն նախագիծն ենք ներկայացնում»,-մայիսի 30-ի նիստում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին ընդհատեց Էդմոն Մարուքյանը, երբ Հովակիմյանը փորձեց ներկայացնել որոշման նախագիծը։

ԿԸՀ նախագահը  Էդմոն Մարուքյանին ամփոփիչ խոսքի իրավունք տվեց։ Մարուքյանի խոսքով՝ ինքը հույս ուներ, որ ՀԿ-ի ներկայացուցիչները կգային, կքննարկեին, գուցե ելք գտնեին։ «Քաղաքացիական հասարակության գործընկերները շարունակել են սոցցանցերում արշավը մեր դեմ։ Մինչեւ այսօր ԿԸՀ-ում նման հնչեղության դիմում չի քննարկվել, կարծում եմ որոշումը, ընտրությունների մասով չի վնասի ԿԸՀ-ի հեղինակությանը»,-նախապես ասաց Մարուքյանը։

ԿԸՀ նախագահը մանրամասն ներկայացրեց որոշման նախագիծը։ Ըստ ԿԸՀ-ի «Լուսավոր Հայաստանի» մասին տեղեկության հրապարակումը խնդրահարույց է համարում, բայց չի գտնում, որ պետք է զրկել ՀԿ-ին հավատարմագրումից։ «Անկախ դիտորդը» պետք է հետամուտ լինի, որպեսզի Իոաննիսյանը հեռացնի գրառումը։

«Ի տարբերություն մեզ, կարծում եմ Իոաննիսյանը հանգիստ քնել է։ Տարբեր նախագծեր են եղել, հեշտ չի եղել։ Ափսոսում եմ, որ Իոաննիսյանը այստեղ չէ, բայց տարակուսելի է, որ ինքը չի զղջում կատարվածի համար, այլ պարզապես զարմանք է արտահայտել»,-ասաց ԿԸՀ-ի անդամ Ժիրայր Կարապետյանը։

ԿԸՀ-ն միաձայն՝ 7 կողմով հաստատեց որոշումը։ ԿԸՀ որոշումը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկվել դատարան:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031