Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյանը հակաքարոզչությո՞ւն է իրականացրել Էդմոն Մարուքյանի դեմ․ ԿԸՀ որոշումը վաղը կհրապարակվի

Մայիս 29,2026 19:50 Share

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը կզրկվի՞ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունից, պարզ կդառնա վաղը։

Այսօրվա նիստում ԿԸՀ-ն քննարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի դիմումը։ Այն վերաբերվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի կողմից «Լուսավոր Հայաստան» կուսակցության, նրա ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ փաստացի հակաքարոզչություն իրականացնելուն՝ «սունկ» կայքի հրապարակման հիման վրա։ Ավելի ուշ նաև պարզվել է, որ տվյալ կայքում եղած հրապարակումները սուտ են, ադրբեջանական ծագում ունեն։

ԿԸՀ-ում Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ խոշոր դրամաշնորհային ծրագիր է իրականացվում՝ դիտորդական առաքելության համար, ու ինքը չէր ցանկանա, որ այդ ծրագիրը խաթարվեր՝ հիշեցնելով, որ վիճելի հրապարակումից հետո մի քանի անգամ տարբեր գրառումներով փորձել է երկխոսության գնալ Դանիել Իոաննիսյանի հետ ու տարակուսեց․ «Դժվա՞ր էր իր համար՝ ներողություն խնդրեր, ասեր՝ սխալվել եմ»։

Այժմ Էդմոն Մարուքյանի համար Դանիել Իոաննիսյանի հետ երկխոսության հնարավորության փուլն անցել է և ակնկալում է, որ ԿԸՀ-ն օրենքի շրջանակներում ամենախիստ ձևով պատժի։

Ի դեպ, Էդմոն Մարուքյանը հայտարարում է՝ քարոզարշավի վերլուծությունները ցույց են տալիս, որ «Լուսավոր Հայաստանի» էլեկտորալ հնարավորությունները մեծացել են, ուստի կասկածներ ունի՝ հենց այդ պատճառով է Դանիել Իոաննիսյանը թիրախավորել իրեն և իր ղեկավարած ուժին։ Ասում է՝ իրենց ամեն օր են թիրախավորում, բայց անթույլատրելի է համարում, երբ դա անում է ԿԸՀ-ում հավատարմագրված դիտորդական առաքելության անդամը, որը գործում է միջազգային ֆինանսավորմամբ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության շահերը ներկայացնող «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության անդամ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանի» դիմումում փաստական հիմքեր չկան, դրանք դատողությունների վրա են հիմնված, Դանիել Իոաննիսյանը քաղաքական քարոզչություն կամ հակաքարոզչություն չի իրականացրել, ուստի հիմքեր չկան «Իրազեկ քաղաքացիների միավորում» դիտորդական առաքելություն իրականացնելուց զրկելուն։

Հայտարարում են՝ Դանիել Իոաննիսյանը միայն սոցիալական ցանցի իր էջում կիսվել է արդեն հանրային տիրույթում տարածված նյութով, դա նրա անձնական գործողությունն է, ոչ թե «Իրազեկ քաղաքացիների միավորման», մանավանդ, որ Իոաննիսյանը այդ կազմակերպության ղեկավարն էլ չի։ Նաև՝ ըստ Սաքունցի, եթե անձը դիտորդական առաքելություն իրականացնող է, չի նշանակում, որ հանրային թեմաներին չպետք է արձագանքի։ Բացի այդ, հայտարարում է՝ տեղեկատվության տարածման համար չի կարող պատասխանատվության կանչվել տարածողը, բոլոր պահանջները պետք է ուղղվեն տվյալ տեղեկատվությունը պատրաստողին։

Էդմոն Մարուքյանը մեղադրեց Արթուր Սաքունցին՝ Ընտրական օրենսգրքի կամայական մեկնաբանության մեջ՝ փաստելով, որ ԸՕ-ն սահմանում է, որ դիտորդները կարծիք են ձևավորում նաև անձնական դիտարկումների հիման վրա։ Պնդեց, որ այդ նյութերը տարածելով՝ խանգարում են «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավին։

Արթուր Սաքունցը վրդովվեց ԿԸՀ անդամների հարցերից․ դրանք վերաբերվում էին դիտորդի անաչառությանը և քաղաքական զսպվածությանը։ ԿԸՀ անդամները մեջբերում էին նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային տարբեր փաստաթղթերով սահմանված չափանիշները, որոնք ենթադրում են, որ դիտորդական առաքելություն իրականացնելիս անձը պետք է ավելի զգույշ լինի, զսպի իր քաղաքական նախասիրությունները, սահմանափակի իր քաղաքական հրապարակային ակտիվությունը, առնվազն հրապարակային դրանք չցուցադրի։

Արթուր Սաքունցն ասաց՝ անգամ 2018 թվականից առաջ ԿԸՀ-ում չէին քննարկվում դիտորդների կողմից խախտումները բարձրաձայնել-չբարձրաձայնելու հարցերը։ Նեղսրտեց՝ Հայաստանի դեմ վարվող «հիբրիդային պատերազմի» դեմ իրենց ջանքերը հավուր պատշաճի չեն ընկալվում և գնահատվում։ Դանիել Իոաննիսյանը, ով ներկա էր քննարկմանը, չդիմացավ, խոսք խնդրեց և հայտարարեց, որ վիճելի հրապարակմամբ կիսվելով՝ իր զարմանքն է արտահայտել, ո՞նց հերքի իր զարմանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031