Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք. կա ձերբակալված». ՔԿ

Հունիս 02,2026 12:56 Share

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ա.Ա.-ն 2025 թվականի սեպտեմբերի 9-ից հանդիսանալով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար, Ս.Կ.-ի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին մասնակցելու, այլ կերպ՝ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով՝ ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն, քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մեր ձևով» ՀԿ-ի բանկային հաշիվներին Ս.Կ.-ի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններից որպես «Նվիրատվություն», «Փոխառության տրամադրում»  փոխանցվել է  հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար ԱՄՆ դոլար:

Ա.Ա.-ն նույն ժամանակահատվածում հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերի գումարն օրինական գործունեության պատրվակով լեգիտիմացնելու նպատակով՝ աշխատանքի ընդունված քաղաքացիներին մեկ կամ ավելի ամիս որպես աշխատավարձ, ինչպես նաև ծառայությունների մատուցման դիմաց վճարելու քողի ներքո, նյութապես շահագրգռել է՝ ուղղորդելով մասնակցել Ս.Կ.-ի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին:

Արդյունքում, աշխատանքի ընդունված քաղաքացիների գերակշիռ մասն աշխատանքի չեն հաճախել կամ ամսվա կտրվածքով կազմակերպությունների գրասենյակ են այցելել մեկ կամ մի քանի անգամ՝ չգիտակցելով նույնիսկ հասարակական կազմակերպությունում իրենց գործառույթների բնույթը և նպատակը: Հետագայում, Ա.Ա.-ն նշված աշխատակիցներին ազատել է աշխատանքից՝ առանց կանոնադրությամբ նախատեսված՝ ՀԿ-ի նպատակների իրագործման:

Այսպիսով, Ա.Ա.-ն հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ հասարակական կազմակերպության հաշիվներին փոխանցված գումարներից որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ հատկացրել է 703 մլն 835 հզր 953 ՀՀ դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն՝ 59 մլն 428 հզր 521 ՀՀ դրամ՝ ընդհանուր՝ 763 մլն 264 հզր 474 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ վարութային և ապացուցողական գործողություններ, հարցաքննվել է շուրջ 500 անձ:

Ա.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Վերջինս քննիչի որոշմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930