«Այս քարոզարշավի ամբողջ ընթացքում ինձ անընդհատ որպես մեղադրանք հնչեցվել է մի հարց։ Զարմանալի է, ինչը 25 տարի է՝ հնչում է։ Մոտեցել են մարդիկ, ասել են՝ գիտեք, միանշանակ քեզ եմ ընտրելու, բայց մի բան ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ պահը կորցրիր։
Հարցնում եմ՝ ի՞նչ պահ, ասում են՝ Ռոբերտ Քոչարյանին չսպանեցիր։ 25 տարի այդ հարցն ինձ տալիս են։ Առաջ ես զարմանում էի այդ հարցից, երբեմն վիճում, հետո հասկացա, որ մենք Սողոմոն Թեհլերյանի արարքով բավարարված, մեր տներում նստած, երբեմն քեֆներս լավ, «Հայ ֆիդայի, ջան ֆիդայի» երգով ժողովուրդ ենք։ Փոխանակ բանակ, ինքնիշխանություն հաստատենք, բավարարվել ենք մեկ հոգու, մեկանգամյա արված արարքով, որ մեր վրեժը լուծվեց, վերջ, երջանիկ ենք»,- քարոզարշավի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ և վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը։
«Մեր երկրում պետություն, պետականություն սկսեց առաջինը կառուցել Գարեգին Նժդեհը՝ իր Լեռնահայաստանով, իր բանակով… Ինչ տեղի ունեցավ, էլի ռուսահպատակ բոլշևիկներով Գարեգին Նժդեհին վտարեցին, հետո աքսորեցին Ալթայի երկրամաս, հետո ծաղրեցին՝ հորինելով «Զանգեզուր» ֆիլմը։ Գարեգին Նժդեհից հետո սովետական տարիներ էին, պետությունը որպես այդպիսին ինչ-որ միավոր էր, հետո եկավ «միացում, միացում»-ը ու Վազգենը»։
Նա վկայակոչեց Վազգեն Սարգսյանի ասածը, որ անկախությունը բացարձակ արժեք է, ու Վազգենին սպանեցին։
Կարդացեք նաև
«Ազգային ժողովում պետք է լինի ձեր աչքի առաջ ճանապարհ անցած արևմտամետ ուժ, որը Հայաստանը տանում է դեպի քաղաքակիրթ աշխարհ, ժողովրդավարություն և զարգացում»,- նշեց Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ եղբոր վրեժը լուծել է՝ շարունակելով նրա գործը, պահելով երկրի անկախությունը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































