ՀՅԴ Շիրակի մարզային կառույցում ընտրակաշառք տալ-ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ կատարելու ֆոնին ձերբակալվել էին երեք անձինք, նրանցից մեկը՝ ընդամենը վերջերս չափահաս դարձած, լրագրության ասպարեզում իր առաջին քայլերը կատարող 18-ամյա Արամ Դավթյանն էր՝ ՀՅԴ կուսակցության անդամ, մյուս երկուսը երիտասարդ կանայք էին, որոնցից մեկը ընտրական հանձնաժողովի նախագահ է, մյուսը՝ անդամ։
Արամ Դավթյանին ազատ էին արձակել երեկ երեկոյան՝ ստորագրությամբ երկրից չբացակայելու պայմանով, այսօր ազատ են արձակել նաև երկու երիտասարդ կանանց։ Նրանցից մեկը վերջերս է դարձել չափահաս, մյուսը՝ երկու մանկահասակ երեխաների մայր է, մարզի բուժհաստատություններից մեկում որպես բուժքույր է աշխատում։
Երիտասարդ կանանց ազատ արձակելու մասին տեղեկացանք ՀՅԴ Շիրակի մարզային կառույցից։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, ըստ որի՝ ՀՅԴ կոմիտեի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը երկու հոգու խոստացել է ընդգրկել հանձնաժողովների մեջ՝ ձայն բերելու պայմանով։
Կարդացեք նաև
Այս երեք անձինք ձերբակալվել էին հենց այս գործի շրջանակում։
Արա Նախշքարյանը, սակայն, Aravot.am-ի հետ զրույցում ասել էր․ «Ես էլ նոր տեղեկացա, որ քրեական գործ կա, ըստ ինձ ներկայացված փաստաթղթի՝ ես իբրև թե նախատեսել եմ գումար տալու, ոչ թե տվել եմ, խոստացել եմ երկու հոգու ներգրավել հանձնաժողովների մեջ՝ իբրև դրա դիմաց նրանցից ձայներ եմ ուզել, գումարի մասին խոսք ընդհանրապես չկա։
Ես նոր եմ ծանոթացել հեռախոսային խոսակցության վերծանված թղթին։ Ես ասում եմ՝ նման բան չի եղել, ես չեմ ունեցել մտավախություն, հանգիստ եմ եղել այս առումով, որովհետև ես ինձ լավ գիտեմ ու չկա քաղաքում որևէ մեկը, որին ինչ-որ բան խոստացած լինեմ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































