Այսօր Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ խուզարկություններ են անցկացվել նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանի բնակարանում։
Նա Aravot.am-ին պատմեց, որ առավոտյան ժամը 8․30-ին իրենց տան դուռը թակել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մի քննիչ ու երկու ԱԱԾ-ականներ, որոնք մոտ հինգ ժամ խուզարկություն են անցկացրել։
«Նրանք տունը տակնուվրա արեցին, փնտրում էին ընտրություններին առնչվող նյութեր, թղթեր, հավանաբար գումարներ, կտրոններ և այլն, և այլն, բայց չգտան նման բաներ։ Մանր-մունր բաներ գտան, դրանք անցած տարիների հետ էին կապված ու ոչ ընտրական էին, ուղղակի զուտ փաստաթղթեր էին ՝ բանակից մնացած։
Բնական է, մի բան պիտի վերցնեին հետները, առգրավվեցին հեռախոսս, համակարգիչը, ներողություն հայտնեցին ու գնացին»,- ասաց Արա Նախշքարյանը։
Կարդացեք նաև
Նրա բնակարանը խուզարկել են հարուցված քրեական վարույթի շրջանակում։
Թե ինչ քրեական վարույթ է, Արա Նախշքարյանն ասաց․ «Ես էլ նոր տեղեկացա, որ քրեական գործ կա, ըստ ինձ ներկայացված փաստաթղթի՝ ես իբրև թե նախատեսել եմ գումար տալու, ոչ թե տվել եմ, խոստացել եմ երկու հոգու ներգրավել հանձնաժողովների մեջ՝ իբրև դրա դիմաց նրանցից ձայներ եմ ուզել, գումարի մասին խոսք ընդհանրապես չկա։
Ես նոր եմ ծանոթացել հեռախոսային խոսակցության վերծանված թղթին։
Ես ասում եմ՝ նման բան չի եղել, ես չեմ ունեցել մտավախություն, հանգիստ եմ եղել այս առումով, որովհետև ես ինձ լավ գիտեմ ու չկա քաղաքում որևէ մեկը, որին ինչ-որ բան խոստացած լինեմ»,- ասաց Արա Նախշքարյանը։
Նա ասում է, որ խուզարկությունների նպատակը վախ տարածելն է՝ թե՛ ՀՅԴ-ականների և թե՛ ընտրողների շրջանակում։
«Ուզում են փշերի վրա պահել, բայց ասեմ, որ մենք վախեցողը չենք, որովհետև մենք նման բան չենք արել, հետևաբար չենք էլ կարող չարածի համար պատասխան տալ»,-ասաց Արա Նախշքարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































