Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ երկրից չբացակայելու պայմանով ազատ են արձակել լրագրող Արամ Ստեփանի Դավթյանին, որը ՀՅԴ-ական է և ձերբակալվել էր առավոտյան՝ ՀՅԴ Շիրակի մարզային գրասենյակում խուզարկություններ անցկացնելու ֆոնին։ Ձերբակալվել էին նաև երկու երիտասարդ աղջիկներ, որոնք դեռ ազատ արձակված չեն։
Ի դեպ, Արամ Դավթյանը, ինչպես նաև աղջիկներից մեկը, վերջերս են դարձել չափահաս, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արամը կարճ ժամանակ անց բանակ պիտի գնա։
Թե ինչու են նրանց ձերբակալել, պարզվում է՝ այն անմիջականորեն կապ ունի ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի գործի հետ։
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, ըստ որի՝ Արա Նախշքարյանը երկու հոգու խոստացել է ընդգրկել հանձնաժողովների մեջ՝ ձայն բերելու պայմանով։
Կարդացեք նաև
Այսօր առավոտյան խուզարկություն է անցկացվել նաև Արա Նախշքարյանի բնակարանում։ Արա Նախշքարյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Գյումրիում չկա մեկը, որին ինչ-որ բան խոստացած լինի։
Թե ինչ կապ ունեն երիտասարդ աղջիկներն այս գործի հետ, պարզվում է՝ նրանք հանձնաժողովի մեջ են, մեկը նախագահն է, մյուսը՝ անդամ։ Ձերբակալված կանանցից մեկը բուժքույր է, ըստ մեր տեղեկությունների, երկու մանկահասակ երեխա ունի։
Մամուլում արդեն իսկ տեղեկություններ են հայտնվել առ այն, որ այս կանանց ազատ չեն արձակում՝ փորձելով ճնշումներ գործադրել ու ցուցմունք կորզել Արա Նախշքարյանի դեմ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































