Լրահոս
Օրվա լրահոսը

Այս շաբաթ Լատվիա կժամանի հայկական ծաղիկների 10,000 միավորից բաղկացած առաջին խմբաքանակը

Հունիս 05,2026 16:55 Share

Եվրոպական միությունը Հայաստանի համար նախապատրաստում է աջակցության միջոցառումների փաթեթ։ Այս մասին հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Եվրոպկան հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լաենը։ Նրանք քննարկել են Ռուսաստանի կողմից վերջերս Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները։

«Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, եւ դա անընդունելի է: Հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ սահմանափակումներ կիրառելով՝ Մոսկվան քաղաքական ճնշման զենքի է վերածում տնտեսական հարաբերությունները: Մենք քաջածանոթ ենք նման գործելաոճին։ Հենց այդ պատճառով Եվրոպական միությունը վճռականորեն կանգնած է Հայաստանի կողքին», – ասել է ֆոն դեր Լայենը։

ԵՄ աջակցության փաթեթը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրո ծավալի անհապաղ ֆինանսական աջակցություն։ «Ավելին կհետեւի», – խոստացել է ֆոն դեր Լայենը։

ԵՄ-ը գործնական աջակցություն կցուցաբերի տուժած ոլորտներին, այդ թվում՝ ծաղկաբուծությանը։ Այս շաբաթ Լատվիա կժամանի հայկական ծաղիկների 10,000 միավորից բաղկացած առաջին խմբաքանակը:

Ֆոն դեր Լայենը նաեւ նշել է, որ ԵՄ-ը կշարունակի ամրապնդել Հայաստանի եւ Եվրոպական միության գործարարների միջեւ կապերը՝ կյանքի կոչելով Երեւանում վերջերս կայացած ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի շրջանակում ստանձնած հանձնառությունները։

Նա հիշեցրել է, որ 2024 թվականից ի վեր «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի շրջանակում ԵՄ աջակցությունն արդեն իսկ նպաստել է շուրջ 7,000 ձեռնարկության զարգացմանը եւ ավելի քան 20,000 աշխատատեղերի ստեղծմանը։

Ֆոն դեր Լայենը նաեւ վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ երկարաժամկետ հեռանկարում իրականություն դարձնելու գագաթնաժողովի ընթացքում մեկնարկած հավակնոտ «Կապակցվածության գործընկերությունը»։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաեւ «գերազանց առաջընթաց» է անվանել վերջերս Թուրքիայի հետ առեւտրային ուղիների վերաբացումը, այդ թվում՝ Վրաստանի եւ Թուրքիայի միջոցով երկաթուղային կապի վերականգնումը։

«Հայաստանն ունի ներուժ՝ դառնալու Եվրոպան, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց։ Մենք պատրաստ ենք աջակցել ենթակառուցվածքների զարգացմանն ու սահմանային անցակետերի արդիականացմանը, երբ տարածաշրջանային հաղորդակցությունները վերաբացվեն», – նշել է ֆոն դեր Լայենը։

Հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ երկու կողմերը կշարունակեն համատեղ առաջ մղել այս առաջնահերթությունները հունիսի 23-ին կայանալիք «Կապակցվածության հարթակ» նախարարական հանդիպման շրջանակում։

Ֆոն դեր Լայենը նաեւ հայտնել է, որ այս բոլոր ուղղություններով արդյունավետ համակարգումն ապահովելու նպատակով մոտ ապագայում կստեղծվի ԵՄ–Հայաստան հանձնախումբ։ Այն կիրականացնի վերահսկողություն այս նախաձեռնությունների, ինչպես նաեւ ապագայում համաձայնեցվող այլ միջոցառումների իրականացման ուղղությամբ։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել