Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնալիքներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի և այլոց հասցեին, պահանջներ՝ իրավապահներին․ Փաշինյանի ելույթը՝ ՔՊ ամփոփիչ հանրահավաքին

Հունիս 05,2026 23:13 Share

«Ընտրություններից անմիջապես հետո՝ կարճ ժամանակում, Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի և կանգնի դատաստանի առաջ մարտի 1-ի ոճրագործության համար։ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճիռը պետք է հասնի իր լրումին, և ոճրագործները երկար տարիներ պետք է անցկացնեն բանտում»,- Հանրապետության հրապարակում ՔՊ ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև անդրադարձավ դատաիրավական համակարգին և, դիմելով քաղաքացիներին, ասաց․ «Ընդհանրապես լսել եմ ձեր ուղերձը, որ, ի վերջո, ՀՀ ժողովուրդը հոգնել է դատական Սանտա Բարբարա սերիալը հիշեցնող խեղկատակությունից։ ՀՀ-ում շարունակաբար գործող դատաիրավական մաֆիան կոնկրետ խաղում է ժողովրդի ներվերի հետ, և ես առերեսվում եմ այս փաստի հետ։

Կասեք՝ իշխանությունների բաժանման սկզբունքը, և ես հասկանում եմ դրա կարևորությունը, ես կարևորում եմ անկախ դատական համակարգի գոյությունը, բայց ակնհայտ է, որ ՀՀ-ում, ցավոք, դեռևս չի հաջողվել այնպես անել, որ արդարադատությունը տեսանելի, հասկանալի և ընդունելի լինի ժողովրդին։

Դուք կարող եք ասել, որ ես արդեն ութ տարի վարչապետ եմ, ինչո՞ւ մինչև այժմ այս խնդիրը լուծված չէ։ Դրա համար առանցքային պատճառներից մեկը ՀՀ-ում ժողովրդի կողմից չընդունված Սահմանադրությունն է, որն առաջին հերթին մի քանի պատյանի տակ, բոլոր հնարավոր ձևերով, պաշտպանության տակ է առնում սովորական քաղաքացիական, օլիգարխական և դատական մաֆիաները։

Դատաիրավական համակարգի մութ անկյուններում ծվարած մաֆիայի մետաստազների խնդիրը մենք չենք կարողանալու լուծել առանց սահմանադրական կարգավորումների։ Այս է պատճառը, որ ես չափազանց կարևորում եմ, որ ընտրություններից հետո քննարկումներով, ժողովրդավարական գործընթացներով ընդունենք նոր Սահմանադրություն, որի արդյունքում ՀՀ բոլոր դատավորները կվերածվեն դատավորի պարտականություններ կատարողների և վերանշանակում կստանան միայն նրանք, որոնք կանցնեն բարեվարքության մի քանի շերտանի սկզբունքներ»։

Անդրադառնալով իրավապահ համակարգին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես ոչ որպես վարչապետ, այլ որպես ՀՀ քաղաքացի՝ ՀՀ իրավապահ համակարգից ակնկալում եմ և պահանջում եմ՝ բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառք բաժանողները պետք է արագ, ժամերի ընթացքում, բոլորն առանց բացառության հայտնվեն բանտերում, և մենք նրանց չենք կարող թույլ տալ, որ բռնանան ՀՀ ժողովրդի կամքի, ազատ արտահայտման վրա։ Այս պահից սկսած՝ պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առավել արդյունավետ, որ բոլոր ծակերում թաքնված ընտրակաշառատուները բացահայտվեն, վնասազերծվեն և հայտնվեն բանտերում»։

ՔՊ ամփոփիչ հանրահավաքն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930