Տնային կալանքում գտնվող ու ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները կկարողանան քվեարկել 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին։ Մայիսի 7-ին կայացած նախընտրական քարոզչության կանոններին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Հիշեցնենք, որ ըստ ԱԺ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ժամանակացույցի՝ ԱԺ ընտրություններում առաջադրված 19 քաղաքական ուժերը մայիսի 8-ից կսկսեն
քարոզարշավը։ Այն շարունակվելու է մինչև հունիսի 5-ը։
Վահագն Հովակիմյանն ասուլիսում հայտարարեց, որ արդարադատության նախարարությունն ու պրոբացիայի ծառայությունը ԿԸՀ-ին հավաստիացրել են, որ տնային կալանքում գտնվողների քվեարկության հարցը կարգավորված է։ «Մեզ տեղեկացրել են, որ քվեարկելու իրավունք ունեցող և տնային կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիները, ցանկության դեպքում, կկարողանան քվեարկել։ Մի՛ անհանգստացեք»,- ասաց Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ պրոբացիայի աշխատակիցները նրանց կուղեկցեն ընտրատեղամասեր։
Ի դեպ, տնային կալանքում գտնվողների քվեարկության հարցը դեռևս այս տարվա փետրվարին բարձրացրել է «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն։
«Տնային կալանքում գտնվող անձանց քվեարկության ձևը կարգավորված չէր, քանի որ Հայաստանում տնային կալանքի ինստիտուտը սկսել է գործել վերջերս։ Այդ իսկ պատճառով, տնային կալանքում գտնվող անձանց քվեարկելու կարգի մասին պարզաբանումների ստանալու համար մեր կազմակերպությունը հարցում էր ուղարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- մեզ հետ զրույցում նշեց կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը։
Կարդացեք նաև
ԿԸՀ-ից ի պատասխան տեղեկացրին, որ դիմումը վերահասցեագրման կարգով ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ հիմք ընդունելով «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, ըստ որի՝ ՀՀ ԿԸՀ-ն իրավասու է սահմանել միայն քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը նախապատրաստելու, կազմակերպելու և անցկացնելու կարգը։
««Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչը ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է, և մարտին կայացած անդրանիկ նիստում կրկին բարձրացրել եք այս հարցը։ Նախարար Սրբուհի Գալյանը պարզաբանեց, որ քննարկվում է 2 տարբերակ՝ շրջիկ քվեատուփերով քվեարկությունը կամ էլ ուղեկցողների միջոցով ընտրատեղամասում քվեարկության մասնակցելը։ Ուրախ ենք, միաժամանակ՝ շնորհակալ, որ պատկան կառույցները կարգավորեցին այս հարցը»,- նշեց Իրինա Մանուկյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































