Արմավիրի մարզի Մարգարա սահմանամերձ բնակավայրում նույնպես ընտրողներն աննախադեպ ակտիվ էին։ Մի քանի տարի առաջ համայնքային ընտրություններում այս տեղամասում կրկին հանձնաժողովի նախագահ եղած Գեղամ Իսկանդարյանը հիշում է՝ նման ակտիվություն մեկ էլ համայնքային այդ ընտրություններում էր եղել։
Ընտրողների ակտիվությունն էլ բացատրում է բարձր գիտակցությամբ։ Վստահեցնում է՝ կուսակցական գործիչները ընտրողներին համոզել, ստիպել չեն կարող․ «Ընտրողը գալիս է ու արդեն գիտի՝ ո՞ւր եւ ինչի՞ համար է գալիս»։
Այս տեղամասում՝ 15․27-ում, քվեարկում են նաեւ 34 զինվորական։ Ժամը 14․00-ի դրությամբ 27-ն արդեն քվեարկել էին։
Մանրամասները՝ տեսանյութում
Այս տեղամասում, ինչպես մարզի շատ այլ տեղամասերում, խնդիրներ էին առաջանում տարեցների քվեարկության հետ կապված․ նրանք գալիս եւ գրիչ էին փնտրում-պահանջում։
Նաեւ զավեշտալի դեպք էր եղել․ մի պապիկ քվեաթերթիկները դրել էր անձնագրի մեջ, այն տեղավորել ծոցագրպանում եւ հրաժարվում էր վերադարձնել։ Ի վերջո, հաջողվեց պապիկից «առգրավվել» քվեաթերթիկները։
Ուշագրավ էր նաեւ, որ թե այս, թե այլ տեղամասերում ընտրողները՝ տարբեր պատճառաբանություններով խուսափում էին խոսել տեսախցիկների առջեւ։ Անգամ առանց տեսախցիկների շատ կցկտուր էին շփվում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































