«Իրականացրել ենք կարճաժամկետ դիտորդություն, միայն հունիսի 7-ին՝ ընտրությունների օրը, 3 մարզերում, ընդհանուր 21 համայնքում եւ թվով 25 ընտրատեղամասերում: Տեղամասերում ունեցել ենք 53 դիտորդ, իսկ Գյումրիում՝ նաեւ արագ արձագանքման խումբ եւ համակարգման կենտրոն»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց «Ազատ քվե» դիտորդական առաքելության ղեկավար Գրիգոր Ջանիկյանը։
Նա ներկայացրեց հիմնական խախտումները. «Առաջինը կահավորման եւ կազմակերպման թերություններն էին, որոնք նկատվում էին բոլոր տեղամասերում, որտեղ իրականացրել ենք դիտորդական առաքելություն: Մեր դիտարկած բոլոր տեղամասերում կար մատչելիության խնդիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար, 27-ից 20-ում կար ընտրողների ցուցակների հասանելիության խնդիր, որը չէր շտկվում: Կային տպող սարքերի անճշտություններ, 25-ից 5 ընտրատեղամասերում զրոյականի փոխարեն տրվել էր տեղեկանք, որտեղ արդեն իսկ մեկ քվեարկողի տվյալ է եղել։
Եղել են ընտրատեղամասեր, որտեղ չեն պահպանվել քարոզչանյութերի բացառման սկզբունքները, սակայն դիտորդների արձանագրումից հետո օպերատիվ կերպով տվյալ տեղամասերում փակվել են քարոզչանյութերը: Եղել է, որ չօգտագործված քվեաթերթիկները քաղաքացիները դուրս են հանել իրենց ընտրատեղամասերից, եւ դիտորդները դրանք գտել են մոտակայքում, ինչի մասին եւս կազմվել է արձանագրություն»։
Կարդացեք նաև
«Ազատ քվե» դիտորդական առաքելության հանրային կապերի ղեկավար Մադլեն Մինասյանն էլ ներկայացրեց իրենց դիտորդական առաքելության կողմից արձանագրված ամենահաճախ հանդիպող խնդիրները. «Դրանց թվում են եղել քվեաթերթիկների անհավասար բաշխումը կամ ոչ պատշաճ կառավարումը՝ 31/50, 33/27, 22/46 տեղամասերում, քվեաթերթիկի տրամադրման գործընթացում 1-ից ավելի անդամների մասնակցությունը՝ 33/27, 31/38 ընտրատեղամասերում: Արձանագրել ենք բաց քվեարկության եւ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր՝ հիմնականում 22/32 տեղամասում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից



















































