Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին ինքը կորոշի, թե ուր գնան իր հարկերը. նոր նախագիծ e-draft-ում

Հունիս 09,2026 17:05 Share

Հայաստանում հարկատուներին հնարավորություն կտրվի անձամբ ընտրել, թե որ հասարակական կազմակերպությանը կամ լրատվամիջոցին ուղղվի իրենց վճարած եկամտային հարկի մի մասը։ Ֆինանսների նախարարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներկայացրել, որը ներդնում է «սոցիալական ծախսերի» նոր մեխանիզմ։

Եթե մինչ այժմ հարկերի վերադարձի համակարգը գործում էր միայն կրթության, առողջապահության և հիպոթեքի դեպքում, ապա այժմ պետությունը ցանկանում է այդ ցանկում ներառել նաև քաղաքացիական հասարակությանն ու անկախ մեդիային արվող նվիրատվությունները։

Այս մեխանիզմը հիմնված է եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես՝ Լեհաստանում, Հունգարիայում և Լիտվայում հաջողված «1% և 2%» մոդելի վրա։ Գործնականում ամեն ինչ տեղի է ունենալու շատ պարզ սխեմայով. քաղաքացին տարվա ընթացքում սեփական միջոցներից ուղիղ ֆինանսավորում է իր նախընտրած կազմակերպությանը, իսկ հաջորդ տարի՝ տարեկան հայտարարագիր ներկայացնելիս, պետությունը վճարված եկամտային հարկի հաշվին վերադարձնում է այդ գումարը։

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ չեն պատրաստվում կազմել արտոնյալ ՀԿ-ների կամ մեդիաների որևէ անվանական ցուցակ. կսահմանվեն միայն ընդհանուր չափորոշիչներ, իսկ կոնկրետ սուբյեկտի ընտրությունը կթողնվի բացառապես հարկատուին։ Միևնույն ժամանակ, հնարավոր չարաշահումները, կեղծ նվիրատվություններն ու բյուջեի կտրուկ ծանրաբեռնվածությունը բացառելու նպատակով, պետությունը կսահմանի փոխհատուցման առավելագույն սահմանաչափ։

Նոր համակարգը նախատեսվում է կիրառել 2027 թվականի հունվարի 1-ից կատարված փոխանցումների համար։

Արփինե Հակոբյան

Ոլորտի փորձագետները նախաձեռնությունը դրական են գնահատում՝ նշելով, որ սա կոտրելու է արտաքին դրամաշնորհներից ունեցած միակողմանի կախվածությունը։ «ՀԿ Կենտրոն» կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանի դիտարկմամբ՝ սա կստեղծի տեղական ֆինանսավորման կայուն աղբյուր և կստիպի ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին ավելի հաշվետու ու թափանցիկ աշխատել հանրության հետ։

Ըստ փորձագետի՝ համակարգի հաջողության համար առանցքային է լինելու բյուրոկրատական քաշքշուկների բացառումը, պարզ կանոնների սահմանումն ու հանրային իրազեկումը, որպեսզի քաղաքացին հստակ տեսնի իր ներդրած յուրաքանչյուր դրամի արդյունքը։

Նախագծի ընդունմամբ Հայաստանում ձևավորվում է քաղաքացիական մասնակցության նոր մշակույթ։ Շարքային հարկատուն վերածվում է ակտիվ ներդրողի, ով անձամբ է որոշում իր երկրի հանրային և մեդիա դաշտի զարգացման ուղղությունները։

Լուսինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գլխավոր նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930