Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին երկրորդ նախնական դատական նիստը ևս հետաձգվեց։
Առաջին նիստը հետաձգվել էր՝ ի գիտություն ընդունելով այն, որ դատախազությունը դեռևս ամբողջական հաշվարկները չի կատարել, այսինքն՝ բանկային տվյալները չի վերլուծել։ Այսօրվա դատական նիստը կրկին հետաձգվեց նույն պատճառով։ Պաշտպանական կողմի համոզմամբ՝ ստացվում է, որ հայցն այնուամենայնիվ ներկայացվել է՝ չունենալով հաշվարկի հիմք։ Եվ թե ինչպես է ստացվել թվաբանությունը, իրենց համար անհասկանալի է, որովհետև փաստացի ստացվում է, որ այդ հաշվարկների գոյացման հիմքը հավաստող փաստաթղթեր ընդհանրապես առկա չեն։
Իշխան Սաղաթելյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Իմ գնահատմամբ, իհարկե, այս հայցապահանջը, որը ներկայացվել է ընտրությունների նախաշեմին, նպատակ է հետապնդել, որպեսզի հետագայում լրատվական դաշտում ներկայացվի, որ այսպիսի գործ կա, այսպիսի պահանջ կա ներկայացված։ Դա ես որակում եմ որպես քաղաքական հետապնդում և նաև որպես նախընտրական գործընթացի խոչընդոտում»։
Այս փուլում դատարանը դատական նիստը հետաձգեց՝ կրկին ժամկետ տրամադրելով դատախազությանը, որպեսզի դատախազությունը կատարի վերահաշվարկ՝ ինչպես իրենք են ասում, և մեզ ներկայացնի, թե ընդհանրապես ինչի հիման վրա է այս հայցապահանջը ներկայացվել։ Այսինքն՝ որոնք են այն փաստական տվյալները, որոնց հիման վրա դատախազությունը ներկայացրել է այս հայցը։
Կարդացեք նաև
«Իրենք՝ դատախազությունը, փաստարկեցին, որ 2023 թվականից իրականացնում են ուսումնասիրություն։ Նման պարագայում հարց է ծագում, թե 2023 թվականից մինչ օրս իրենք այդ առումով որևէ վերլուծություն չեն կատարել և ուղղակի ներկայացրել են ինչ-որ գումարի բռնագանձման հիմքերի պահանջ՝ չունենալով դրա վերաբերյալ որևէ տվյալ։ Եվ արդեն երկրորդ դատական նիստն է, որ հետաձգվում է այն պատճառաբանությամբ, որ այդ տվյալները դեռևս չեն ստացել, դրանք պետք է ստանան, վերլուծեն, որից հետո արդեն հստակեցնեն իրենց հայցը»,- ասաց Արամազդ Կիվիրյանը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 16-ին, ժամը 10։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

















































