Մի քանի օր է՝ ՔՊ-ականներն ու նրանց մերձ շրջանակներն «ավետում են»՝ հունիսի վերջին հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար կմեկնի Լեհաստան։ Ու թեև դեռ հստակ չէ, թե ո՞ր ընկերությունն է իրականացնելու արտահանումը և ի՞նչ պայմաններով, բայց գյուղատնտես Հարություն Մնացականյանի համար արդեն հստակ է, որ 20 բեռնատար ծիրանը հարցի լուծում չէ։
«Անցած տարի շուրջ 50.000 տոննա ծիրանը արտահանվեց։ Իսկ այդ 20 բեռնատարը, եթե հաշվեք 20 տոննայով, կստացվի՝ 400 տոննա․ 400 տոննան 50.000 տոննայի մեջ անում է 1 տոկոսից մի քիչ պակաս»,- 168․am-ի հետ զրույցում մանրամասնեց Հարություն Մնացականյանը։
Խոսելով սուբսիդավորման հնարավորության մասին՝ ինչպես կառավարությունը արեց պղպեղի, լոլիկի, ելակի ու ծաղիկի դեպքում (թեև ինչպես, օրինակ, ծաղիկ արտադրողներն էին նշում, դա ևս լուծում չէ), ֆերմերն ուշադրություն հրավիրեց եվրոպական ստանդարտների վրա։
«Քանի որ Եվրամիությունը սննդի հանդեպ շատ ուշադիր է, այդ ծիրանը պիտի լաբորատոր անալիզով համապատասխանի իրենց չափանիշներին։ Ասելով չի․ լավ, ենթադրենք՝ Լեհաստան ինչ-որ ձևով մտավ, իսկ մնացածն ի՞նչ են անելու։
Կարդացեք նաև
Ես մի տարի 3 տոննա ծիրան արտահանեցի, ու դեռ բնապահպանական գումար էլ մուծեցի, որ այդ ծիրանը ոչնչացնեն։
Ամեն դեպքում, այդ սուբսիդիաները կարճաժամկետ լուծումներ են, բայց երկարաժամկետն ի՞նչ պիտի լինի, ո՞նց պիտի այդքան փակվի․ միլիարդ դոլարի արտահանում են անում, այդ սուբսիդիայով կամ փոխհատուցումով ինչպե՞ս են լուծելու խնդիրը»,- հավելեց նա։
Ո՞ր դեպքում դեպի ԵՄ ուղղությունը կարող է դիտարկվել որպես դիվերսիֆիկացիոն ուղղություն՝ մեր հարցին ի պատասխան էլ՝ Հարություն Մնացականյանը թվարկեց անհրաժեշտ առաջնահերթ պայմանները։
«Մենք պիտի ունենանք համապատասխան որակի լաբորատորիաներ, որ կարողանան նորմալ նմուշառում անեն, նորմալ որակական հատկանիշներ ստուգեն՝ հասկանալու, թե արտահանվող ապրանքը համապատասխանո՞ւմ է եվրոպական ստանդարտին։ Պետությունը, ՍԱՏՄ-ն պետք է այնպես աշխատեն, որ ցանկացած պտուղ-բանջարեղենի արտադրության աճեցում հետագծելիություն ունենա։ Այսինքն՝ ցանկացած ֆերմեր պիտի իմանա՝ ինչ կարգի, ինչ չափաքանակի թունաքիմիկատ է օգտագործում, ինչ տեսակի թունաքիմիկատ է օգտագործում, ինչ պարարտանյութ․․․,- նշեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում լրատվամիջոցներից մեկը սեփական անկախ ուսումնասիրությունն էր արել ու գրեթե բոլոր պտուղ-բանջարեղենների մեջ արգելվող նյութեր էր հայտնաբերել,- Բա Եվրոպական միություն, որտեղ սննդի նկատմամբ շատ մեծ է պահանջը ստանդարտների, որակական հատկանիշների, ո՞նց են կարողանալու մտնել։ Ուզում է՝ սուբսիդիա անեն, ուզում է՝ տրանսպորտի ծախսը փոխհատուցեն, դրան գումարած՝ բույսերի ինքնարժեքի իջեցում է պետք անել ու նման բազմաթիվ այլ գործոններ։ Երբ որ գումարում ես իրար, հասկանում ես՝ այս ամեն ինչը 8 տարի չի արվել, դա անելու համար էլ մի 8 տարի պետք է»։
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։


















































