Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ իրավիճակ Գյումրիում․ տները, վարսավիրանոցները, սրճարանները՝ ջրի տակ, հոսանքազրկված․ կան կոտրվածք ստացած մարդիկ

Հունիս 11,2026 14:28 Share

Երեկ ուշ ժամի տեղացած հորդառատ անձրևից ու կարկտահարությունից հետո համացանցը հեղեղված է տեսանյութերով, որոնք վկայում են այս քաղաքի՝ արտակարգ իրավիճակներին բացարձակ անպատրաստ լինելու մասին։

Տեսանյութերում մեծամասամբ քաղաքի անանցանելի դարձած փողոցներն են, այդ թվում՝ նաև կենտրոնական, որոնք վերածվել են հորդառատ գետակների։ Գյումրին այն քաղաքներից է, որը, ցավոք, ջրահեռացման համակարգ չունի։

Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, տեսանյութ հրապարակելով, գրել է․ «Այս կարգի գիշերային կարկտի, որ նոր տեղաց Գյումրիում, երբեք ականատես չեմ եղել…»։

Կարկտահարությունը մեծ վնասեր է հասցրել քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող սպասարկման օբյեկտներին՝ վարսավիրանոցներին, սրճարաններին, խանութներին, լցվել է ներս։ Կարկուտը ավերել է նաև առանձնատները։

 

Գյումրու նախկին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը լուսանկար ու տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է կարկուտը փակել վարսավիրանոցի մուտքը։

«Գիշերը ժամը 2-ին էր, բացեցինք դուռը, մուտքի մոտ 50-60 սանտիմետր կարկուտ էր»,- մեզ պատմեցին վարսավիրանոցից։ Այստեղ ողջ գիշեր փորձել են հեռացնել ջուրը։

«Այսպիսի բան ես չէի տեսել, անասելի վնաս…

Միանգամից այստեղ ավելացնեմ, թե ինչ է պատահել: Կարկուտը փակել է հեղեղատարները, ջուրը լցվել է մոտակա շենքեր, ինչպես նաև մեր սրահ, և վերևի հարկից աստիճաններով, պատերով լցվել այստեղ…. Էլի լավ ենք պրծել»,-գրել է Լուսինե Սանոյանը։

 

Կարկտահարության հետևանքով Գյումրու Արցախ թաղամասի առանձնատներից մեկում բնակվող տարեց մի կին է կոտրվածք ստացել․ նրա հարազատներից տեղեկացանք, որ կարկուտը լցվել է տուն՝ անասելի իրավիճակ ստեղծելով։

Երբ տնեցիներով փորձել են մտնել երեխաների սենյակ՝ նրանց այնտեղից դուրս բերելու, կնոջ ոտքը սայթաքել է ու վայր է ընկել։ Նրան Գյումրու բժշկական կենտրոնում վիրահատելու են։ Հարազատների ասելով՝ երեք երեխաներին մի կերպ են կարողացել փրկել։

Գյումրու քաղաքապետարանը գիշերն աշխատանքներ է տարել Գյումրու Երևանյան խճուղու վրա գտնվող կարկտից սառցակալված կամուրջը մաքրելու ուղղությամբ, այստեղ 1 ամսից ավել է՝ շինարարություն է ընթանում՝ անհարմար իրավիճակ ստեղծելով վարորդների համար։ Կարկտահարությունից հետո այստեղ խայտառակ պատկեր էր․ այն բացարձակ անանցանելի էր դարձել։

Գյումրու ավագանու նախկին անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է․ «15 տարի ասում-զոռում էի ավտոճանապարհային անցում սարքել Գյումրու հարավում, երկաթուղու վրայով, Գյումրու Մսի կոմբինատ թաղամասը Երեւանյան խճուղին կապերի իրար, սառույցով լցված կամրջի տակի անցման բեռը թեթեւանար, ու չխցանվեր ամեն հեղեղին ու կարկտին։

Նախընտրական 2012, 2016, 2021, 2025 թվերի բոլոր ծրագրերում գրել ենք, փողի տեղը նշել ենք…

Ոչ մի քաղաքապետ չարեց էդ հասարակ գործը։

Շնորհավոր Ամանոր ուրեմն, ինչ ասեմ»։

 

 

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, նախորդ գիշեր տեղացած ուժեղ կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով հասցված վնասները գնահատման նպատակով ստեղծվել է Շիրակի մարզային հանձնաժողով։

«Շիրակի մարզային հանձնաժողովը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, գույքագրելու են ահազանգերը, տեղում ուսումնասիրելու և ճշտելու են վնասները։

Առանձին գույքագրվելու է նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և մշակաբույսերին պատճառված վնասը։

Մարզպետի հանձնարարությամբ գործընթացը մեկնարկել է օպերատիվ և համակարգված ձևով՝ հնարավորինս արագ ամբողջական պատկեր ստանալու նպատակով», -գրված է Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական էջում։

Նշենք, որ կան հոսանքազրկված թաղամասեր։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930