«Հիմա Իվան է ասել, կարող էր Ռաշիդ ասել․․․ ռուսների կարծիքով՝ դա նացիստական ձևակերպում է, մեջբերում է, կարծում եմ՝ արել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Սարիկ Մինասյանը՝ պատասխանելով Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հայտարարությանը և դրա շուրջ ստեղծված աղմուկի մասին հարցին։
Դավիթ Առուշանյանը, հիշեցնենք, Գյումրու օրվա առթիվ «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած տոնական համերգի առիթով ֆեյսբուքյան գրառում էր արել․
«Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։
Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։
Կարդացեք նաև
Հ.Գ. Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։
Գաստրոլյորներ, զգույշ եղեք․․․»։
Ռուսական մամուլում քննարկումներում մարզպետի այս գրառումը որակվում է ռուս ազգի նկատմամբ վիրավորական, իսկ ռուս քաղաքական գործիչները առաջարկում են սահմանափակել նրա մուտքը ՌԴ։
Սարիկ Մինասյանի բնութագրմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունը, ռուս ազգը մեր բարեկամական ազգն է․ «Ռուսաստանի Դաշնության, դաշնության ռուս ազգի հետ մենք ունենք ընդհանուր պատմություն, մշակույթ, քրիստոնեական երկիր է, մեր բարեկամներն են, այդտեղ խնդիր չկա։ Դա քաղաքական է, կարծում եմ՝ կհարթվի։ Որ ուղարկել են, չասեն՝ ասենք Ալբանիայից ուղարկած լինեն, ասենք՝ Ալբանիայից․․․ Ձեզ էլ կարող են ասել, չգիտեմ՝ Ուզբեկստանից են ուղարկել, Ամերիկայից»։
Նա առաջարկեց հարցերն ուղղել Դավիթ Առուշանյանին, նա կբացատրի, թե ինչ է նկատի ունեցել, և հավելեց, որ «Կրեմլի ագենտ» արտահայտությունն առաջ է եկել այն ժամանակ, երբ պարզվել է, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ-ի հետ կապ ունի։ Նաեւ հայտարարեց՝ ՔՊ-ականներից ոչ մեկի կողմից չի նկատել ՌԴ-ին, ռուս ազգին թիրախավորելու կամ վիրավորելու միտում։
Լրագրողները հիշեցրեցին, որ մի քանի շաբաթ առաջ էլ ՔՊ-ական Լուսինե Բադալյանի մուտքը արգելվեց Ռուսաստան։ Նաև այլ ցուցակ կա ՔՊ-ական պատգամավորների։
«Որպես գյումրեցի՝ կարծում եմ՝ Դավիթ Առուշանյանը հումորով ինչ-որ բան է նկատի ունեցել, այդպես համեմատություն է արել, հա՞։ Այդտեղ չի կարելի այդքան․․․ Ընդհակառակը, օրինակ, ես Դավիթ Առուշանյանի փոխարեն լինեի՝ կվիրավորվեի, կպահանջեի, որ ավելի բարձր մակարդակով արձագանքեն, որովհետև Վարդան Ղուկասյանի մասին խոսում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը, անվտանգության խորհրդի քարտուղար Մեդվեդևը, իսկ մեր մարզպետի խոսքին արձագանքել է դաշնային խորհրդի նախագահը․ ավելի ցածր մակարդակ է, քան արտգործնախարարը»։
Սարիկ Մինասյանի կարծիքով՝ Գյումրու ռուսական 102-րդ բազան Գյումրիում անվտանգային որևէ խնդիր չի լուծում․ «Տնտեսական ինչ-որ առումով աշխուժություն քաղաքում մտցնում է, բայց այստեղ մեկ հարց կա նաև․ 102-րդ ռազմաբազայի սպայական կազմը, ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմը, օրենքով սահմանված կարգով ազատված է գույքահարկից։ Նրանք ունեն տրանսպորտային միջոցներ, գույքահարկ չեն վճարում, ազատված են, ինչպես հավասարեցված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմերի իրավունքի հետ։ Նրանք հավասարեցված են, մեր սպաների նման՝ իրենք գույքահարկ չեն վճարում։
Եթե անգամ այդ ինչ-որ չափով տնտեսական աշխուժություն կարող է մտցնել Գյումրու առօրյայում, նույն կերպ իրենք այդ գույքահարկը չեն վճարում, և եթե հաշվի առնենք, որ այս 102-րդ բազան Ռուսաստանի Դաշնությունը կամ Դաշնության նախագահը որոշի, որ պետք է դուրս գա, մեկը մյուսին կբալանսավորի, խնդիր չեմ տեսնում։
Ես, որքան փորձել եմ հետաքրքրվել և ուսումնասիրել 102-րդ ռազմաբազան, Աստված չանի, եթե Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակ լինի, ընդամենը կարող է դիմակայել 20 րոպե»։
Մանրամասները՝ տեսանյութում
Պատասխանելով հարցին՝ գո՞հ է Սարիկ Մինասյանը հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հանրության՝ ՔՊ-ի հանդեպ ցուցաբերված վստահության աստիճանից, ասաց․ «Միանշանակ, դրանից ավելին արդեն ինչքան՝ 100% լիներ, շատ լավ է, նորմալ։ Օրինակ՝ մեր մոտ Շիրակի մարզում մարդիկ․․․ ընտրությունները եղել են շատ մրցակցային․․․ Դե լավ, ասելը մի բան է, իրականությունը՝ այլ բան։ Որևիցե ճնշում չի եղել, շատ մրցակցային, ժողովրդավար ընտրություններ են իրականացվել»։
Հարցին՝ իրեն չի՞ հետաքրքրում, Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն 30 անշարժ գույք ունի, ինչպե՞ս է դրանք ձեռք բերել, Սարիկ Մինասյանը պատասխանեց․ «Չի հետաքրքրում։ Ձեզ հետաքրքրում է՝ դիմեք Հակակոռուպցիոն կոմիտե։ Եթե իմ համար կասկածյալ լիներ, ես հաղորդում կներկայացնեի հանցագործության մասին, քրեական գործ կհարուցեին, եթե հիմքեր լիներ, ու կսկսեին փորել այդ մարդու անցյալը։ Հիմա ձեզ հետաքրքիր է՝ ձեզ համար հանցակազմ կա, գնացեք հայտարարություն տվեք։ Իսկ ընդդիմադիրների հայտարարագրերը տեսե՞լ եք»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































