Ինչպես տեղեկացրել ենք, շաբաթ օրը՝ հունիսի 6-ին, անհայտ անձը կոտրել էր Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու՝ «Գեղցոնց ժամի» պատուհանների ապակիները, հավատացյալներն այն նկատել էին Ազգային ժողովի ընտրությունների օրը։ Շատերը կասկածներ են հայտնում, որ սա եկեղեցու դեմ սկսված արշավի շրջանակում է։
Եկեղեցասեր երիտասարդ, Միքայել Սրբազանի հոգեզավակ Աբրասիմ Աթոյանը տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով կոտրված ապակիները։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի Տեր Փավստոս քահանա Սարգսյանն ասաց՝ բնավ չի մտածում, որ սա կատարվել է եկեղեցու դեմ սկսված արշավի շրջանակում, հատկապես որ կատարող անձն անծանոթ է իրենց․ եկեղեցու տարածքում տեսախցիկ կա տեղադրված, որը ֆիքսել է կատարվածը։
«Կատարվածն աննորմալ երևույթ է, բացարձակ ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ տեղի ունեցածը, հետևաբար ես ո՞նց կարող եմ ինձ իրավունք վերապահել տեղափոխել քաղաքական տիրույթ, մանավանդ որ ես այդ տիրույթում երբեք չկամ, գոյություն չունեմ, չեմ էլ ունենալու»,- ասաց Տեր Փավստոսը։
Տեսանյութի հրապարակումից հետո այսօր ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատակիցները եկել են եկեղեցի, տեսաձայնագրությունները տարել են՝ պարզելու, թե ով է հեղինակը։
«Իրենք կզբաղվեն այդ հարցով, չնայած որ, եթե մնար ինձ՝ լուծում տալու, և ես կարողանայի հայտնաբերել այդ անձին, իմ առաջին և միակ նպատակը պետք է լիներ ամեն գնով այդ մարդուն ապաշխարության հրավիրելը, ինչ-որ մի դրդումով կատարել է, չէ՞, գուցե՝ անձնական է․․․ Ինչքան նայում եմ մեր եկեղեցու ծառայողների անձնական ընթացքը, մենք չունենք թշնամի, որ դրանից ելնելով թշնամություն կատարի։ Բացառում եմ վրեժխնդրությունը»,- ասաց Տեր Փավստոսը։
Ըստ նրա՝ տեսանկարահանմամբ երևում է անձը, բայց անճանաչելի է։
Տեր Փավստոսի ասելով՝ ոստիկանությունը կբացահայտի, թե չէ, դա իրենց չի հետաքրքրում, իրենք ամենաշատը, որ չէին ուզում, ոստիկանությանն այս գործին ներգրավելն էր։ Նրանք անգամ վնասի փոխհատուցում չեն ուզում։ Ի դեպ, իրենք արդեն փոխել են կոտրված ապակիները։
«Եթե ոստիկանությունն այդ անձին գտնի, հայտնաբերի, և եթե գտնի, որ մենք այդ «դատավճռին» մասնակցենք, իհարկե, պիտի խնդրենք, որ հանձնվի մեզ։
Հանձնվի մեզ, և մենք հասկանանք՝ ինչ չարությունից ելնելով է կատարել մարդը։
Եթե չարությունից ելնելով է կատարել, ուրեմն հոգեբանորեն վնասված անձ է, հարկավոր է առողջացնել։ Եթե ազգությամբ հայ է, ինչը, որ հնարավոր է, կասկածելի է, չեմ ուզում դա դարձնել փաթաթան, հայկական դարավոր սուրբ արժեքի նկատմամբ կատարել է քայլ, ուրեմն հոգեբանորեն վնասված անձ է, և այս մարդու ներքին հոգեկան աշխարհի առողջացում է հարկավոր, ապրեցնել է պետք։ Երբ որ մենք կարողանանք նմանատիպ մարդուն ապրեցնել, այդպես վարվել է Քրիստոսը, փորձում ենք Քրիստոսի կերպն օգտագործել, մենք երկրին կտանք ռեսուրս»։
Հանցագործը վնասել է թե՛ քահանայի նստավայրի ապակիները, և թե՛ եկեղեցու։
Առաջինը նկատել է եկեղեցու հարևանությամբ գտնվող երաժշտական դպրոցի պահակը։ Երբ Տեր Փավստոսը եկել է եկեղեցի՝ նախապատրաստվելու պատարագի, պահակն ասել է՝ ապակին կոտրված է։ Մտածել են՝ մեքենա է անցել, քար է թռել, կոտրվել է, քիչ հետո հավաքարարն է եկել, թե եկեղեցու ապակին է կոտրված։
«Տեսանք՝ նույն ձևի էր կոտրած, նույն չափով է խփված, տպավորություն է, որ նույն բանով է խփված, երևի քարով չէ»,- ասաց Տեր Փավստոսը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































