Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք խնդրում Վերաքննիչ դատարանին հավատալ պաշտպանության կողմին, խնդրում ենք հավատալ գործի նյութերին. Դավիթ Համբարձումյանի պաշտպան

Հունիս 15,2026 19:15 Share

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման հրապարակումը։ Այսօր դատարանը հետազոտեց Դավիթ Համբարձումյանին և նրա եղբորը մեղսագրվող միջադեպի գործողությունները։ Համբարձումյանների պաշտպանները ներկայացրին տեսագրության դրվագները՝ ցույց տալով, որ Համբարձումյաններն առնչություն չունեն իրենց մեղսագրվող արարքի հետ։

Համբարձումյանի պաշտպաններից Գայանե Պապոյանը հիշեցրեց, որ տուժողն անձամբ է հայտնել, որ Դավիթ Համբարձումյանն իրեն չի հարվածել։

«Մենք տեսնում ենք՝ բուն ծեծկռտուքն ավարտվում է 00:14 վայրկյանին, և այդ 14 վայրկյան ժամանակահատվածում Դավիթ Համբարձումյանը ծեծկռտուքին մասնակից չի լինում»։ Ըստ Պապոյանի՝ ակնհայտ է, որ առաջին ատյանի դատարանը չի կողմնորոշվել, թե տուժողների հակասական ցուցմունքներից որ մեկին առավելություն տա. «Առաջին ատյանի դատարանը, որ հիմնավորի Դավիթ Համբարձումյանի մեղավորությունը, դատական ակտում կատարել է արձանագրումներ, որոնք իրականության հետ աղերս չունեն»։

Պապոյանի խոսքով՝ պաշտպանական կողմի համար առանցքային է այն, որ պետք է արձանագրվի, որ Դավիթ Համբարձումյանը չի թաքնվել քննությունից, դրա խոսուն վկայությունն այն է, որ Դավիթ Համբարձումյանը դատարանում է։ «Այսօր մենք չենք խնդրում Վերաքննիչ դատարանին հավատալ պաշտպանության կողմին, խնդրում ենք հավատալ գործի նյութերին։ Քիչ առաջ հետազոտված օբյեկտիվ ապացույցով հստակ երևում է, որ Դավիթ Համբարձումյանը որևէ ակտիվ գործողություն չի կատարել։ Բոլորս գիտենք, որ և՛ Սահմանադրությունը, և՛ եվրոպական կոնվենցիան հուշում են, որ չփարատված կասկածները պետք է միշտ օգտագործվեն հօգուտ մեղադրյալի, իսկ Դավիթ Համբարձումյանի դեպքում եղել է ճիշտ հակառակը»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակի հունիսի 25-ին։

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով բռնություն գործադրելու համար։ Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին՝ ժամը 16-17-ի սահմաններում, Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։

Դատական նիստից հետո Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանը լրագրողներին ասաց, որ ակնկալում են արդարացման որոշում։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930