Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատաքննության ժամանակ այսօր Վերաքննիչ դատարանի շենքը հոսանքազրկված էր, դատարանը հնարավորություն չունեցավ հետազոտել Համբարձումյանին վերաբերելի տեսագրությունը։
Համբարձումյանի պաշտպաններից Գայանե Պապոյանը նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց. «Խոսքը վերաբերում է այն տեսագրությանը, որը բոլորին քաջ հայտնի է, որի արտացոլմամբ երևում է ամբողջ դեպքը։
Այսինքն՝ մի հատվածում անհայտ անձինք տուժողին ծեծի են ենթարկում, իսկ Դավիթ Համբարձումյանը տուժողներից բավականին մեծ հեռավորության վրա է գտնվում, որևէ մեկին չի հայհոյում կամ հարվածում, իր մոտ առհասարակ զենք չկա և, հակառակը, փորձում է հասկանալ՝ ինչ իրավիճակ է ու փորձում է հանդարտեցնել իրավիճակը»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Համբարձումյանի գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում, փաստաբան Պապոյանը բացատրեց՝ ինչու են միջնորդել, որ վերաքննիչ դատարանն էլ հետազոտի այդ տեսագրությունը, որն արդեն իսկ հետազոտել էր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը. «Դատավճռում դատավոր Չիչոյանը ընդհանրապես չի անդրադարձել այդ տեսագրությանը, բացառապես այն հանգամանքի, որ նշել է, որ տեսագրությամբ էլ է հիմնավորվում Համբարձումյանի մեղավորությունը իրեն մեղսագրված արարքի մեջ, այն պարագայում, որ այդ տեսագրությունը լիարժեք արդարացնող ապացույց է»։
Փաստաբանը նաև նկատեց, որ հանրային մեղադրողն այսօր դատարանում այդ տեսագրության՝ որպես ապացույց անթույլատրելիության մասին պնդումներ էր անում, թե իբր պաշտպանական կողմը անթույլատրելիության մասով ավելի վաղ դիրքորոշում էր հայտնել։
Փաստաբան Պապոյանը պնդեց՝ իրենք պարզապես չէին կարող այդ տեսագրության անթույլատրելիության մասին դիրքորոշում հայտնել, քանի որ դա իրենց սրտի ապացույցն է. «Նման բան ոչ մեր վերաքննիչ բողոքում կա, ոչ էլ առաջին ատյանի դատարանում նման միջնորդություն ենք ներկայացրել։ Որովհետև դա այն ապացույցն է, որ պաշտպանական կողմը աղաղակում էր՝ տեսեք, օբյեկտիվ ապացույցը, տեսագրությունը, Դավիթ Համբարձումյանն անմեղ է»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































