ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ ընթանում էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը, խոսքով հանդես եկավ նաև Շիրակի թեմի առաջնորդը։
«Այսօր իմ ապօրինի կալանավորման 356-րդ օրն է, 10 օր հետո կլրանա մեկ տարին։
Եվ ես փառք եմ ընծայում Աստծուն այս սքանչելի օրերն ինձ պարգևելու համար, սքանչելի օրեր, բացառությամբ առաջին ատյանի դատարանի և իմ ինտելեկտի խոշտանգման՝ մեր սիրելի դատախազների կողմից։ Մնացած բոլոր օրերը սքանչելի օրեր են՝ մտքի, հոգու հանդարտության, Բագրատ Սրբազանի հետ եղբայրական զրույցների»,- ասաց Միքայել Սրբազանը։
Նա շնորհակալություն հայտնեց դատարանին, որ 4 ամիս իրեն արգելեց որևէ շփում՝ բացառությամբ 4 հոգու, և ինքը կենտրոնացավ հոգևոր, մտավոր, ինչու չէ նաև ֆիզիկական բարօրության վրա։
Կարդացեք նաև
Շիրակի թեմի առաջնորդը մեկ անգամ ևս ասաց, որ իր կյանքի լավագույն օրերն են․ մտահոգություն չունես, իրավունք չունես քո հոտով զբաղվելու, իրավունք չունես որևէ մի հարցով զբաղվելու, միայն մտածում ես աղոթելու, հոգևոր խաղաղության, ընթերցանության, քո անցած կյանքը վերլուծելու մասին։
Սրբազանն ասաց, որ փառք է ընծայում Աստծուն, բայց դա չի նշանակում, որ շնորհակալություն պիտի հայտնի նրանց, ովքեր այս ամենը ստեղծեցին՝ իրենց նպատակների համար օգտագործելով։
«Շնորհակալություն իրենց չեմ հայտնելու և ասում եմ՝ իրենք պատասխան պիտի տան, եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ անպայմանորեն, և վստահ եմ ասում, որովհետև ես մի տարի է՝ անազատության մեջ եմ՝ լրիվ ապօրինի և անհիմն։
Ես ոչ մի մեղք չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետին, մերժում եմ բոլոր մեղադրանքները, ինձ մեղավոր չեմ ճանաչում և պատրաստ չեմ ճանաչելու։
Անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև, անմեղ մնում եմ Հայաստանի Հանրապետության առջև, իմ ամբողջ կյանքը նվիրում է Հայաստանի Հանրապետությանը, և ինձ համար վիրավորական է, որ ես դատվում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։
Ինչպես անցած անգամ ասացի՝ սա ինձ համար ոչ թե անձնական ողբերգություն է, ընդհակառակը՝ անձնական շահ է, ամոթ եմ զգում Հայաստանի Հանրապետության համար, որ այսօր ՀՀ-ում բոլոր եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցված, բացի մեկից։ Այդ մեկի անունն էլ չեմ տալիս, թե չէ իր նկատմամբ էլ կհարուցեն։
Մինչև 2025 թվականը օրինական քաղաքացիները, ներառյալ Վեհափառ Հայրապետը, հանկարծ 2025 թվականին կոլեկտիվ սկսեցին օրենք խանգարել, օրենք խախտել։ Ինչպե՞ս կարող ենք այսպիսի երկրի՝ Հայաստանի Հանրապետության համար չամաչել։
Եվ ինչպե՞ս կարող է գլխավոր ստախոսին և տարբեր ստախոսների… Տեսեք՝ այստեղ ասացին, ես ինչ-որ մարդու չեմ մեղադրում, գլխավոր դատախազը ստախոս է, քննչական կոմիտեի ղեկավարը ստախոս է, արդարադատության նախարարը ստախոս է, նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը ստախոս է։
Այդ ստախոսության համար պատասխանատվություն հասնո՞ւմ է, թե՞ չի հասնում, եթե ես մեկ տարի անազատության մեջ եմ, հնարավոր է՝ մեկուկես տարի էլ անազատության մեջ լինեմ, դրա համար պատասխանատվություն լինելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց Միքայել Սրբազանը։
Նա շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետից սկսած մինչև ամենապարզ քաղաքացիներին, որոնք ծանր են տարել իր բանտարկությունը։
«Ծանր պիտի տաներ նաև իշխանությունը, իշխանության հատվածում որոշ մարդիկ, ոչ թե պիտի քմծիծաղեին, ուրախանային, վայրահաչեին»,- ասաց նա։
Նա ասաց՝ ենթադրենք ինքը մեղավոր է, գործել է հանցանք, բայց ոչ մի հետևանք չի թողել, չկա ոչ մի վկա, ոչ մեկը չի հարցաքննվել, չի եղել ոչ մի տուժող, այս դեպքում ինչո՞ւ էր նման խափանման միջոցի կիրառումն իր նկատմամբ․ մի՞թե անօրինականություն չէ, մի՞թե ապօրինություն չէ։
Նա նշեց, որ խնդրանք չի ներկայացնելու այս դատարանին, ինչպես որ չի ներկայացրել առաջին ատյանի դատարանին։
«Պարզապես ասում եմ՝ դատեք՝ ըստ ճշմարտության»,- ասաց Սրբազանը։
Դատավորը նրան հարցեր ուղղեց՝ դիմելով պարոն Աջապահյանով, դահլիճում նստածները նրան հիշեցրին, որ թեմի առաջնորդին պարոն Աջապահյանով չեն դիմում։ Իսկ Միքայել Սրբազանն ասաց․ «Պարոն Աջապահյանը չեմ, որ պատասխանեմ»։
Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ նախորդ դատական նիստերի ժամանակ դատարանին խնդրել են հաշվի առնել Միքայել Սրբազանի հոգևոր կարգավիճակը և ճիշտ դիմելաձև կիրառել։
Դատական նիստը հետաձգվեց՝ նշանակվելով հունիսի 25-ին, ժամը 12։30-ին։
Երբ Միքայել Սրբազանը դուրս եկավ դատարանի դահլիճից, սկսեցին բացականչել․ «Սրբազա՜ն, Սրբազա՜ն, ազատությո՜ւն»։
Թե ինչ ակնկալիքներ ունի Միքայել Սրբազանը դատարանից, ի՞նչ որոշման է սպասում, պատասխանեց․ «Ինչ որ որոշեն, գլխավոր որոշողը ինչ-որ որոշի»։
Միքայել Սրբազանի դատական նիստի ամբողջական տարբերակը՝ ստորև․
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































