Մոտ մեկ տարվա դադարից հետո այսօր շիրակցի հավատացյալները վերջապես կարողացան կրկին ունկնդրել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի քարոզը։
Նրա հանդիսապետությամբ Սուրբ Յոթվերք եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի նախատոնակը։
Սրբազանը, դիմելով հավատացյալներին, ասաց․ «Սիրելինե՛ր, կրկին պատիվ ունեցանք նախագահելու նախատոնակը Աստվածամոր վերափոխման տոնի, և մեր հինավուրց քաղաքային ավանդույթի և սովորույթի համաձայն՝ դուրս բերեցինք Յոթվիրաց հրաշագործ պատկերը»։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ աղոթեցին մեր երկիր խաղաղության, եկեղեցու անսասանության և ժողովրդի բարօրության համար։
«Եվ խնդրեցինք Աստվածամոր՝ մեր բոլորի մոր բարեխոսությունը իր միածին որդու առջև այն բոլոր բարի նպատակների իրագործման համար, որ ունենք, և թող խափանվեն չար նպատակները, եթե ունենք։
Թող մեր բարի նպատակներին կատարում լինի, իսկ չար նպատակները խափանվեն, մենք աղոթեցինք այս բոլոր անցած մեկ տարվա ընթացքում , որպեսզի Տերը մեզ շնորհի ուժ, կարողություն, եռանդ, իմաստություն, համբերություն անցնելու այն ճանապարհը, որը ինքը արժանի համարեց, որ մենք անցնենք։
Եվ մենք փառք են տալիս Աստծուն այսօրվա հնարավորության համար, խոնարհվում ենք Տիրամոր առջև այս պատվի համար և միայն բարին ենք կամենում մեր ժողովրդի բոլոր զավակներին անխտիր, որոնք այս երկրի, այս հայրենիքի, այս պետության և մեր սրբազան եկեղեցվո համար ապրում են և աղոթում են։
Բոլոր նրանց համար, ովքեր իրենց հայկական ինքնությանը հավատարիմ՝ ցանկանում են, որ մեր երկիրը լինի հզոր, մեր ժողովուրդը լինի բարօրության մեջ և մեր եկեղեցին լինի պայծառ։
Իսկ ովքեր այդ ամենը չեն ցանկանում, թող տերը խափանի այդ չար ծրագրերը, մենք որևէ չար ծրագիր չենք ունեցել՝ ոչ ի դեմս պետության, ոչ ի դեմս հայրենիքի, ոչ ի դեմս ժողովրդի, ոչ ի դեմս եկեղեցու։
Եվ մեր տկար աղոթքներն էինք վեր բարձրացնում առ Աստված՝ մաղթելով, որ Տիրամոր բարեխոսությունը ոչ միայն իջնի մեր քաղաքի, այլ ողջ հանրապետության , ողջ հայության, աշխարհասփյուռ հայության վրա, որպեսզի ի վերջո մենք կարողանանք հասկանալ և տարբերակել՝ որտեղ է բարին, որտեղ է չարը և փարվենք բարուն և մեր կռնակը դարձնենք դեպի չարը», -ասաց Սրբազանը։
Վաղը առավոտյան ժամը՝ 10:00-ին էլ Սուրբ Յովթերք եկեղեցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, այնուհետև Սրբազան Հոր ձեռամբ տեղի կունենա Խաղողօրհնեքի արարողություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Շիրակի թեմի պաշտոնական էջի




















































