Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը։ Փաստաբանները կետ առ կետ ներկայացնում են դատարանի թույլ տված խախտումները։
Պաշտպաններից մեկը՝ Ռոման Ահարոնյանն անդրադարձավ Միքայել Սրբազանին առաջադրված մեղադրանքում նրա կողմից ԶԼՄ-ներն ու տեխնոլոգիաներն օգտագործելու միջոցով իշխանությունը զավթելու կոչ անելուն։ Այնտեղ նշվում է, որ Սրբազանի կողմից ԶԼՄ-ների օգտագործումը եղել է գիտակցված՝ կոչ անելու համար։
«Մեր գնահատմամբ՝ գիտակցել, ամենևին չի նշանակում օգտագործել, մանավանդ հաջորդ օրն է հեռարձակվել, տարբեր մասերով։ ԶԼՄ-ն Սրբազանինը չէ, ունի իր խորհուրդը, ղեկավարությունը, ինչպե՞ս է հնարավոր ուրիշի հիմնարկը ղեկավարել, օգտագործել», -ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ «Գալա» հեռուստաընկերությունը Սրբազանի խոսքը ուղիղ եթեր չի հեռարձակել, Սրբազանը միայն այս դեպքում կարող էր գիտակցել, որ ուղիղ եթեր է, իսկ մյուս դեպքում՝ նա չգիտի՝ ե՞րբ իր խոսքը կտարածվի կամ չի տարածվի, գուցե արխիվի համա՞ր է նկարահանվել։
Կարդացեք նաև
Ըստ փաստաբանի՝ եթե Սրբազանը հանդես է եկել իշխանությունը զավթելու կոչով, ապա ԶԼՄ-ն, ըստ օրենքի, չպիտի եթեր հեռարձակեր։
«Եթե Սրբազանը իշխանությունը զավթելու կոչ է արել, ապա ԶԼՄ-ի հեռարձակելն էլ պիտի դառնար քննարկման թեմա։ Սա նշանակում է օբյեկտիվ քննություն չի կատարվել, մի լրագրողի հարց չի տրվել, թե ինչո՞ւ եք հեռարձակում, եթե Սրբազանի խոսքը հանցանք է պարունակում։։
Սա նշանակում է, որ ԶԼՄ-ների խմբագրական կազմը չի նկատել հանցավոր տարր», -ասաց փաստաբանը։
Շարունակելով՝ փաստաբանը նշեց․ «Ակամա հաստատում ենք, որ ԶԼՄ-ն էլ է հանցանք կատարել։
Գտնում ենք, որ ԶԼՄ-ի կառավարումը մեղադրյալի կամքից դուրս է, պիտի ապացուցվի, որ ԶԼՄ-ն գործել է Սրբազանի հետ համագործակցությամբ։
Դատարանը մի անորոշ հանգամանք է հաստատել՝ նշելով, որ օգտագործել է ԶԼՄ-ն, բայց ինչպե՞ս է օգտագործել, ասենք՝ սպառնացե՞լ է այդ ԶԼՄ-ին, պատանդ է վերցրե՞լ, առանց նկարագրելու չի կարող լինել օգտագործման փաստ, նկարագրելուց բացի պիտի ապացուցվի»,- ասաց փաստաբանը։
Նրա համոզմամբ՝ եթե մեղադրյալը չունի պայմանավորվածություն ԶԼՄ-ի հետ, չգիտի՝ երբ է եթեր հեռարձակվում, կամ հեռարձակվելու է, թե չէ, ապա անհիմն է նման մեղադրանքը։
Ռոման Ահարոնյանն ասաց՝ դատարանը ոչ միայն չի արձագանքել, այլ թույլ է տվել նոր սխալ, առաջ է բերել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք չեն քննարկվել։
Դրանցից մեկն այն է, որ մեղադրյալն, ունենալով լայն լսարան, կոչով է հանդես եկել։ Ըստ փաստաբանի՝ այդ ինչով է ապացուցվել, որ նա ունի լայն լսարան կամ ինչով է դատարանը գնահատում ժողովրդի հուզական վիճակը։ Դատարանը, ըստ փաստաբանի, իր դատողությունները կառուցել է ինքնուրույն փաստեր առաջ քաշելով, ոչ թե քրեական վարույթից ելնելով։
Ըստ նրա, դատարանի գնահատականները ընդհանրական են, ոչ մի հստակություն չեն պարունակում։
Սրբազանին մեղսագրված արարքը առնվազն երկու անգամ ուսումնասիրվել է, սակայն պետությունը գնահատել է ոչ հանցավոր։
Փաստաբանը հիշեցրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2025 թվականի հուլիսի 8-ի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը՝ Պետրոս Ղազարյանին, որտեղ նա նշել է, որ Միքայել Սրբազանի՝ 2024 թվականի հարցազրույցը իրենք գնահատել են՝ համարելով նվազ վտանգավոր, այսինքն՝ հանցավոր չեն համարել։
Ըստ փաստաբանի,մեղադրանքում մասեր են ավելացրել, օրինակ՝ Միքայել Սրբազանի խոսքի վերահաստատումը, սահմանադրական կարգը բռնի տապալումը, որպեսզի ցույց տան, որ սա այն մեղադրանքը չէ, ուրիշ է, այլ կառուցվածք ունի։
Սակայն, ըստ փաստաբանի, դատարանը հանեց թե՛ վերահաստատման և թե՛ սահմանադրական կարգը տապալելու կտորը, և հիմքում թողեց միայն 2024 թվականի հարցազրույցը, որը, ըստ գլխավոր դատախազի, հանցանք չի պարունակել։
Փաստաբանի ասելով՝ հիմա ելման կետ են դուրս եկել, մեղադրանքի հիմքում մնացել է միայն այն հարցազրույցը, որը, ըստ գլխավոր դատախազի՝ ուսումնասիրվել է, սակայն հանցանք չի պարունակել, մինչդեռ դատախազությունը էլ չի բողոքարկել մեղադրանքը փաստերի մասով։
«Հիմա ի՞նչ է ստացվում, որ 2024 թվականի հարցազրույցը նորից գնահատվել է, մի անգամ ոչ հանցավոր, բայց այս անգամ հանցավոր, սա ցույց է տալիս, որ դատավարության մեջ կարևոր չէր մեղադրանքը, էնքան որ մի բանի մեջ մեղավոր ճանաչվի ու ազատազրկվի Սրբազանը, ու վերջ»,- ասաց փաստաբանը։
Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ պնդեց, որ Սրբազանը կոչ չի արել։
«Եթե Միքայել Սրբազանն ասեր՝ գնում ենք կառավարության շենքը գրավենք, դա ուղղված կլիներ ապագային և հրավերի մեջ կլիներ կոնկրետ գործողություն, այսինքն՝ ունկնդիրը կհասկանար ինչ է իրենից ակնկալվում, բայց Միքայել Սրբազանը խոսում է անցյալի մասին, ակնհայտ է, որ դրա մեջ ապագային ուղղված բան չկա։ Ինչի մասին որ խոսում է, ասում է՝ չի ստացվել ու իր մտահոգություն է արտահայտում։ Եթե մարդը մի բան դատապարտի, նշանակում է կոչ է արե՞լ», -հարցրեց նա։
Փաստաբանները պնդեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ, քանի որ անձն ունի ազատ արտահայտվելու իրավունք, խոսքի ազատության չափորոշիչների ներքո է նրա խոսքը, հանրային կարծիքը բացահայտելու միջոց է։ Ըստ նրանց՝ Միքայել Սրբազանը հանրային անձնավորություն է, կառավարությունը պիտի ցուցաբերի ավելի մեծ հանդուրժողականություն։ Փաստաբանները մեջբերեցին նախադեպային գործերը։
Փաստաբանների համոզմամբ՝ Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է իրականացնում, մինչդեռ նա բացառիկ հայրենասեր է, նրա վաստակն անուրանալի է եկեղեցաշինության մեջ․ նա քննադատել է ինչպես նախորդ, այնպես էլ ներկա իշխանությանը։
Ըստ պաշտպանների, Միքայել Սրբազանի քննադատություններն ավելի սուր են դարձել՝ Արցախի կորստի ու 44 օրյա պատերազմից հետո։ Նրանք հայտարարեցին, որ Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական շարժման հետևանքն է։
Պաշտպանները հիշեցրեցին, որ Միքայել Սրբազանին ձերբակալելու ողջ գործընթացը ընթացել է Նիկոլ Փաշինյանի հրապարակային ուղղորդումներով։
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































