Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում էր կալանավայրում։
Սրբազանի աշխատությունը խաղաղության, պատերազմի և նահատակության մասին է.
«Դ. ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Ընդունենք կամ ոչ, պատերազմը արվեստ և գիտություն է` խորապես շաղկապված ոգեկանության և ներընդունակության հետ, որը որակական բարձր արժեքներով և արժանիքներով օժտված առաջնորդ-զորագլխի կարիք ունի:
Կարդացեք նաև
Այս առումով, պատերազմից առավել կործանարար է այն վարողի կարողության և ունակության, վերոնշյալ համակարգերի բացակայությունը:
Ըստ էության, պատերազմի ելքը հիմնական առումով պայմանավորված է հենց այս հանգամանքով, որովհետև «Տգետ թագավորը կորստյան է մատնում իր ժողովրդին» (Սիրաք 10:3) և «Պատերազմը մղվում է ռազմարվեստով, հաղթանակը գալիս է ճիշտ խորհուրդներով» (Առակ. 24:5-6), ինչպես և «ձեռքերս վարժեցրիր պատերազմի… պատերազմելու զորություն տվեցիր, վրաս հարձակվողներին ոտքերիս տակ գցեցիր» (Սաղմ. 17:35-40):
Այսինքն` միանշանակորեն մարդկային գործոնը` առաջնորդությունը, ճիշտ կառավարումը, կազմակերպումը, մղումը, նպատակն են որոշում պատերազմի ելքը և ոչ միայն զենքերն ու զինատեսակները և կամ դրանց տիրապետելու կամ չտիրապետելու կարողությունը, որոնք անքննարկելիորեն կարևոր են, բայց ոչ վճռորոշ. «Օրհնյալ է Տերը` իմ Աստվածը, որ ձեռքս վարժեցրեց պատերազմի և մատներս ճակատամարտի» (Սաղմ. 143:1) և մինչդեռ «Եփրեմի որդիները զինված և քաջ նետաձիգներ են, բայց պատերազմի ժամանակ հետ դարձրին կապարճները» (Սաղմ. 77:9):
Համաշխարհային պատմության մեջ մինչև մեր օրեր վերոնշյալի օրինակները բազմաթիվ են, որոնց այստեղ և այս պահին չեմ ցանկանում անդրադառնալ:
Ինչպես առաջնորդության հանգամանքը վճռորոշ էր ժողովրդի ազատության դժվարին ու ծանր ճանապարհին. «Եվ կկործաներ նրանց, եթե ընտրյալ Մովսեսը նրանց առջև չլիներ… անարգեցին ցանկալի երկիրը…» (Սաղմ. 105:23-24) և «բոլոր ազգերն ինձ շրջապատեցին, և Տիրոջ անվամբ հաղթեցի նրանց, շուրջս շրջեցին և միասին ինձ պաշարեցին, և Տիրոջ անվամբ վանեցի նրանց» (Սաղմ. 117:10-11):
Այսինքն` այդպիսի առաջնորդությունն է հանգուցալուծումը և հաղթանակի գրավականը. «Դիմեց Տիրոջը, որ հաղթանակ է պարգևում ոչ թե ըստ մարդկանց ցանկության, այլ ըստ իր կամքի` այն մարդկանց, որ արժանի են դրան» (Բ Մակ. 15:21):
Ի վերջո, չհանձնվողին ոչ ոք չի կարող ծառայեցնել կամ ստրկացնել: Թերևս կարողանան մահվան մատնել, բայց ոչ երբեք՝ պարտության:
Միանշանակորեն, պետության առաջնային և կարևորագույն պատասխանատվությունը մանրակրկիտ մշակված ծրագրով պատրաստ լինելն է կանխատեսվող և անկանխատեսելի պատերազմին և ժողովրդին սպառնացող վտանգներին և ոչ թե երկրի ղեկավարի մակարդակով երևակայական կամ իրական պատերազմով սպառնալ սեփական ժողովրդին և նույնիսկ ավելին` դառնալ սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ:
Հետևաբար, երկրի և ժողովրդի համար ոչ թե պատերազմն է սպառնալիք կամ սարսափելի, այլ այդպիսի մտածողությամբ ղեկավարի առաջնորդությամբ ծագած պատերազմի հավանականությունը. «Այն թագավորը, որ իրեն աթոռակից չունի իմաստությունը, չի կարող իրեն վստահված ժողովրդի համար վայելուչ լինել» (Եղիշե, էջ 14-15):
Այս առումով, մեր ժողովուրդն, ըստ էության, որքան էլ հոգեբանական ահաբեկության ենթարկված լինի, ոչ թե վախենում է պատերազմից, այլ ենթագիտակցորեն և գիտակցորեն վախենում է ներկա իշխանության և նրա ղեկավարի օրոք պատերազմից: Եվ սա հասկանալի է և արդարացված, քանի որ մեր վերջին Հայրենական պատերազմում (44-օրյա) պարտության պատճառը հենց այս հանգամանքն էր. կռվեց բանակը, կռվեց ժողովուրդը, բայց ձախողեց կառավարությունը` իր ղեկավարով, երբ չգործեց պետական ողջ համակարգը և ճիշտ ու կազմակերպված համակարգային կերպով չարձագանքեց սպառնալիքին և չկառավարեց պատերազմը, որը և շարունակվեց հետպատերազմյան դառն հետևանքներով մինչև այսօր:
Արձանագրենք և հաստատենք, որ թե՛ պատերազմից վախը, և թե՛ պատերազմ հրահրելու խելացնորությունը անառողջ առաջնորդության պատճառով է. «Թագավորը ոչ միայն պատասխանատու է իր համար, այլև նրանց համար, որոնց կորստյան պատճառ եղավ» (Եղիշե, էջ 15):
Պատերազմ վարելու և այն հաղթելու բացառիկ, կատարյալ և ամբողջական օրինակ է Հիսուս Քրիստոսի` Զորագլուխ-Առաջնորդի և առաջնորդության օրինակը:
Ինչպես`
• Անապատում փորձությունը – հոգևոր իմաստով և խորքով` ամբողջությամբ պատերազմին պատրաստություն,
• Աշակերտների կոչում – հրավերը առաքելության – ղեկավարության և բանակի պատրաստությունը,
• Քարոզչությունը – հոգևոր, բարոյական գիտակցության հաստատումը, կրթադաստիարակչական քարոզչությունը, հոգեբանական պատրաստությունը, վախի մերժումը և պատրաստությունը դիմագրավելու կյանքի պատերազմը` արժեքների համար
• Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը
• Խաչելությունը – ճակատամարտից կամ պատերազմից ոչ թե խուսափելը կամ վախենալը, այլ այն ընդունելը և ընդառաջ գնալը և պատերազմ մղելը
• Սուրբ Հարությունը – թշնամուն պարտության մատնելը, ամրությունները քանդելւ, նրանց տիրելը և Հաղթանակը,
որի համապարփակ և ամբողջական սահմանումը տալիս է առաքյալը. «Համբերությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացվում է մեր առաջ, նայեք Հիսուսին` հավատքի զորագլխին, որն Իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը… ուրեմն մտաբերեք Հիսուսին, որ այսպես համբերեց Իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի, թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին» (Եբր. 12:1-5):
Այսպիսի (Մովսեսի և Քրիստոսի) առաջնորդությունն է գովերգում Սբ. Գրիգոր Նարեկացին.
«… Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն,
Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս,
Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս,
Աւրինակ առեալ զՄովսէս,
ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ»:
(ԲԱՆ Ա,Բ)
Շարունակելի…
Բագրատ արք. Գալստանյան»։


















































