Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական դատարանը Հայաստանից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար

Հունիս 18,2026 15:47 Share

2026 թվականի մայիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ ներկայացված երկու գանգատների (34245/23 և 13721/23) վերաբերյալ կայացրել է կարևոր վճիռ՝ արձանագրելով, որ դիմողների իրավունքները խախտվել են չափազանց երկարատև դատական վարույթների հետևանքով։

Գործը վերաբերում է ոչ միայն կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանությանը, այլև Հայաստանի դատական համակարգում առկա համակարգային խնդիրներին՝ գործերի քննության անհիմն ձգձգումներին և դրանց դեմ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների բացակայությանը։

Դիմողները տարիներ շարունակ ներգրավված են եղել քաղաքացիական և վարչական դատավարություններում՝ առանց ողջամիտ ժամկետում վերջնական դատական ակտ ստանալու հնարավորության։ Ղազարյանները դիմել են Եվրոպական դատարան՝ պնդելով, որ Հայաստանի դատարաններում իրենց գործերի քննության չափազանց երկար՝ շուրջ ութ տարի տևողությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը։

Բացի այդ, դիմողները նշել են, որ այդ խախտումների դեմ բողոքարկելու և համարժեք փոխհատուցում ստանալու համար Հայաստանի օրենսդրությունը իրենց չի տրամադրում արդյունավետ ներպետական միջոց։

Դատարանում դիմողների ներկայացուցիչներն են «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը և փաստաբան Կարեն Մելիքսեթյանը։ Դատարան ներկայացված փաստարկներով ընդգծվել է, որ երկարատև դատավարությունների հետևանքով առաջացած խնդիրները տարիներ շարունակ չեն ստացել արդյունավետ լուծում, իսկ պետության կողմից ձեռնարկված միջոցները կրել են ձևական բնույթ։

Դատարանի ուշադրությունը հրավիրվել է այն հանգամանքի վրա, որ երկարատև դատավարությունների խնդիրը Հայաստանում ունի համակարգային բնույթ։ Բարձրացվել են նաև մտահոգություններ այն մասին, որ որոշ դեպքերում համակարգում կատարված փոփոխություններն ունեցել են հատվածական բնույթ, իսկ կարգապահական պատասխանատվության կիրառումը՝ ընտրողական, մինչդեռ երկարատև դատավարությունների հիմնախնդիրը շարունակել է մնալ չլուծված։

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ վարույթների տևողությունն ակնհայտորեն գերազանցել է «ողջամիտ ժամկետի» պահանջը։ Դատարանը նաև արձանագրել է, որ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման մեխանիզմն արդյունավետ չի գործում։

Այս վճիռը առանձնահատուկ նշանակություն ունի նաև մեկ այլ կարևոր հանգամանքով․ առաջին անգամ Հայաստանի վերաբերյալ կայացված վճռում Եվրոպական դատարանը ոչ միայն արձանագրել է խախտումները, այլև, հղում կատարելով Կոնվենցիայի 46-րդ հոդվածին, հստակ նշել է, թե ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկի պետությունը՝ խնդրի համակարգային լուծումն ապահովելու համար։

Դատարանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել առաջնահերթ կարգով ստեղծել չափազանց երկարատև դատավարությունների վերաբերյալ բողոքների քննության համար նախատեսված հատուկ և արդյունավետ փոխհատուցման մեխանիզմ, որը կհամապատասխանի Եվրոպական դատարանի ձևավորած չափանիշներին։

Դատարանը նաև ընդգծել է, որ նման միջոցը պետք է կիրառելի լինի ոչ միայն ապագա խախտումների, այլև նախկինում տեղի ունեցած և դեռևս չհատուցված խախտումների նկատմամբ՝ հնարավորություն տալով արդյունավետ փոխհատուցում տրամադրել ինչպես դեռևս ընթացքի մեջ գտնվող, այնպես էլ արդեն ավարտված գործերով։

Այս վճիռը կարևոր քայլ է ոչ միայն կոնկրետ դիմողների իրավունքների վերականգնման, այլև Հայաստանի դատական համակարգում տարիներ շարունակ առկա համակարգային խնդրի հաղթահարման ուղղությամբ։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930