Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք լրագրող. «Պատրաստ եմ Վարագավանքը հանձնել Թուրքիայի մշակույթի նախարարությանը»

Հունիս 19,2026 16:08 Share

Ermenihaber. Հայոց պատմական Վարագավանքի (Յոթ եկեղեցիներ) վանական համալիրը շարունակում է մնալ անմխիթար վիճակում։ Այն գտնվում է Վանի շրջանում և համարվում հայկական միջնադարյան ճարտարապետության կարևորագույն կոթողներից մեկը։ 8-րդ դարում կառուցված հուշարձանը տարիների ընթացքում զգալիորեն վնասվել է և այժմ կանգնած է հետագա քայքայման վտանգի առաջ։

Թուրք հայտնի լրագրող Ֆաթիհ Ալթայլըն հայտարարել է, որ պատրաստ է համալիրի տարածքն առանց որևէ փոխհատուցման փոխանցել Թուրքիայի պետական կառույցներին, եթե վերջիններս ցանկանան զբաղվել դրա պահպանությամբ և վերականգնմամբ։

Նիլ Գյուլսյումի YouTube-յան հաղորդման ընթացքում Ալթայլըն նշել է, որ եկեղեցու տարածքը փաստացի գրանցված է իր պապի անունով և մինչ օրս չի փոխանցվել այլ սեփականատիրոջ։

«Եթե մշակույթի նախարարությունը հետաքրքրված լինի, կարող է դիմել։ Ես կքննարկեմ հարցը ընտանիքի անդամների հետ։ Թող վերցնեն և տնօրինեն, նույնիսկ առանց որևէ փոխհատուցման»,– ասել է լրագրողը։

Նա նաև ներկայացրել է, թե ինչպես է պատմական կառույցը հայտնվել իրենց ընտանիքի սեփականության կազմում։ Ալթայլըի խոսքով՝ տարիներ առաջ պետությունը, փոխհատուցելով իրենց ընտանիքից վերցված հողատարածքների մի մասը, փոխանցել է այլ գույքեր, որոնց թվում եղել է նաև Վարագավանքը։

Լրագրողը շեշտել է, որ ընտանիքը երբևէ չի վնասել կամ վաճառքի չի հանել եկեղեցին, ինչի շնորհիվ այն պահպանվել է մինչև մեր օրերը, թեև գտնվում է խիստ անմխիթար վիճակում։

Վարագավանքի ճակատագիրը երկար ժամանակ քննարկումների առարկա է եղել հայկական համայնքի շրջանակներում։ Համալիրը կարևոր նշանակություն ունի ոչ միայն որպես ճարտարապետական հուշարձան, այլև որպես հայկական հոգևոր և մշակութային ժառանգության բացառիկ մաս։ Սակայն տասնամյակների ընթացքում պատշաճ պահպանության բացակայությունը հանգեցրել է նրա զգալի վնասմանը։

2025թ. դեկտեմբերին թեման քննարկվել էր նաև Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի և Թուրքիայի իշխանությունների միջև հանդիպման ընթացքում։ Այդ ժամանակ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հանդիպելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ, ընդգծել էր, որ Վարագավանքի վերականգնումը կարող է նպաստել ինչպես տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ պատմամշակութային արժեքների պահպանմանը։

Ավելի ուշ Մաշալյանը հայտնել էր, որ նախարարին հիշեցրել է պետության կողմից հուշարձանի վերահսկողության տակ վերցնելու հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ թուրք նախարարը խոստացել էր հարցին վերադառնալ համապատասխան ժամանակահատվածում։

Այսօր Վարագավանքը շարունակում է մնալ վտանգված վիճակում։ Տարիների ընթացքում այն վնասվել է ինչպես անուշադրության, այնպես էլ երկրաշարժերի հետևանքով, իսկ համալիրի պահպանության հարցում որոշակի դեր է ստանձնել տեղի հայկական համայնքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930