«Հայկական քաղաքական նարատիվը հակամարտության հետ կապված կայուն չէ։ Այն զգալիորեն զարգացել է ժամանակի ընթացքում»,- Ժնևի համալսարանի դասախոս, լրագրող Վիգեն Չըթըրյանի խմբագրմամբ «The 44-Day War: Armenia, Azerbaijan, and the Struggle for Nagorno-Karabakh» գրքի վերաբերյալ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ այսպիսի պնդում արեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի ասիստենտ-պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Նաիրա Սահակյանը։
Գիրքը նաև թարգմանվել է հայերեն։ «Կոտրված վահան» ժողովածուն 44-օրյա պատերազմի բազմաշերտ վերլուծություն է։ Այն միավորում է 2020 թվականի Արցախյան պատերազմին, նախորդած դիվանագիտական գործընթացներին, աշխարհաքաղաքական շահերի բախմանը և ռազմական բարեփոխումների բացակայությանը նվիրված 16 խորքային հոդվածներ։ Հայ և օտարերկրացի 17 հեղինակներ վերլուծում են Հայաստանի պարտության պատճառները, հասարակական ու ներքաղաքական զարգացումները Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև տարածաշրջանային ուժերի դերակատարումը։ Գիրքը գիտական և վերլուծական կարևոր աղբյուր է պատերազմի պատճառահետևանքային կապերը հասկանալու համար։ Հետազոտական աշխատանքներն իրականացվել են «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։
Նաիրա Սահակյանը ժողովածուում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայկական պաշտոնական դիսկուրսը 1988-2020 թթ.։ Նա ասաց․ «Իմ հետաքրքրության շրջանակը ոչ թե այն էր՝ կոնկրետ պնդումը ճիշտ էր, թե՝ ոչ, այլ այն, թե ինչպես էր քաղաքական դիսկուրսը ձևակերպում հակամարտությունը և ինչ հետևանքներ այդ նարատիվներն ունեին ներքին քաղաքականության և միջազգային քաղաքականության վրա։ Ղարաբաղյան շարժման առաջին տարիներին հիմնականը միացման գաղափարախոսությունն էր՝ Լեռնային Ղարաբաղի և Խորհրդային Հայաստանի միացումը։ 1991-ի անկախությունից հետո դիսկուրսը փոխվեց, որովհետև իրականությունը ևս փոխվեց։ Միացման փոխարեն առաջ եկավ ինքնորոշման կոնցեպտը։
Լևոն Տեր-Պետրոսյանը հետևողականորեն հակամարտության հիմքերը տեսնում էր պատմական անարդարության մեջ, բայց նաև ասում էր, որ բանակցային փոխզիջում է հարկավոր։ Եվ նրա՝ տարածքային զիջումների մասին կարծիքը լուրջ դիմադրության արժանացավ։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը 1998-ին ձևավորում է իմ այն պնդումը, որ ԼՂ հակամարտությունը երբեք արտաքին քաղաքական խնդիր չի եղել, այն խորապես միահյուսված էր իշխանության, քաղաքական լեգիտիմության, ներքաղաքական պայքարի հետ։ Քոչարյանի և Սարգսյանի իշխանության օրոք տեղի ունեցավ փոխակերպում, և հիմնականում շեշտը ստատուս քվոյի վրա էր։ Ղարաբաղյան հակամարտությունը գոյաբանական պայքար էր ներկայացվում, այդ ժամանակվա ղեկավարներն ընդգծում էին, որ ԼՂ-ում բնակվող մարդիկ արդեն իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը։ Մի կարևոր փոփոխություն էլ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի օրոք․ 2016-ից հետո կոնֆլիկտի սրբացումն էր։
Կարդացեք նաև
Կոնֆլիկտը բարոյական պարտականություն էր։ Եվ եթե դու այդպիսին ես ընդունում, չես կարող փոխզիջման գնալ։ Այս դիսկուրսը դարձավ խոչընդոտ քաղաքական ճկունության համար։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նույնիսկ Իլհամ Ալիևն էր կարծում, որ քաղաքական դիսկուրսը կփոխվի, բայց պատմական նարատիվները նրա իշխանության առաջին երկու տարիներին պահպանվեցին։ Կարող եմ ասել, որ Փաշինյանն ավելի խիստ ազգայնական նարատիվ էր ներկայացնում։ Եզրահանգումս այն է, որ հայկական քաղաքական նարատիվը ԼՂ հակամարտության հետ կապված աստիճանաբար ավելի քիչ ճկուն դարձավ։ Մյուս եզրահանգումն այն է, որ քաղաքական ղեկավարներն օգտագործել են ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն Ադրբեջանի հետ բանակցություններում, այլև ներքաղաքական դաշտում ընդդիմախոսների հետ մրցակցության մեջ»։
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների բաժնի գիտաշխատող, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս Նարեկ Սուքիասյանի կարծիքով՝ ՌԴ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հետ կապված միշտ մնացել է նույնը․ «Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո ռուսական կողմը չէր ասում, որ հայկական կողմը պետք է զիջի Ղարաբաղի շուրջ յոթ շրջանները։ Նրանց դիրքորոշումը երբեք էլ չփոխվեց։ Դա հայկական կողմի ձախողումն էր»։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու խորապես չուսումնասիրվեցին պատերազմի հանգամանքները՝ Նարեկ Սուքիասյանն ասաց․ «Կային երկու մրցակցող բացատրություններ պատերազմի և դրա ելքի մասին։ Դրանք ամբողջովին հակասում էին իրար՝ ակնհայտորեն հասկանալի պատճառներով։ Այնպես է իրավիճակը, որ քաղաքական այդ երկու փաթեթներից մեկը պետք է ընտրես։ Բևեռացումն այն աստիճանի է, որ թույլ չի տալիս երրորդ տարբերակ։ Խնդրի գոյաբանական կարևորությունը բարձրացվել է այն աստիճանի՝ խաղաղության և պատերազմի, կյանքի ու մահվան մակարդակի, որ պետք է ստիպված ընտրություն կատարել»։
Ամերիկյան համալսարանի հրավիրյալ դասախոս Էդիտա Գզոյանը քննարկման ավարտին հորդորեց հեղինակներին շարունակել աշխատանքը, որովհետև դեռ կան շատ հարցեր, որոնց պատասխանները չգիտենք, և առանձնացրեց մի քանի անպատասխան հարցեր․ «1994-ին էլ Ադրբեջանն էր պարտվել, բայց չգնացին այդ պայմանագրի կնքմանը, այլ ժամանակ շահեցին ու հասան 2020, 2022, 2023 թվականներին, և այսպիսի հանգուցալուծում եղավ խնդրին։ Արցախի հետ կապված Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դռների հետևում եվրոպական երկրները մեզ ստիպում էին, որ հանձնենք Արցախը, որ որևէ շանս չունենք պահելու, և մի քանի օր առաջ լսեցի Իլհամ Ալիևի ասածը, որ իրենց ստիպում էին ճանաչել Արցախի ինքնորոշումը։ Ինձ համար զարմանալի էր լսել, որ նման հակասական հայտարարություններ կան։ Բավականին երկար ժամանակ է՝ ասում ենք, որ փակել ենք արցախյան հակամարտության էջը, բայց ոնց որ թե դեռ գետնի վրա չի զգացվում, որ ինչ-որ բան փակել ենք․ նույն դերակատարներն են, նույն խնդիրները, որ դեռ լուծված չեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































