Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի սկանդալային հեռացումը կասկածի տակ է դրել գիտական այս հաստատության միջազգային ծրագրերը, վտանգված են պլանավորված գիտաժողովները՝ աշխարհում հայտնի ցեղասպանագետների մասնակցությամբ։
Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը շեշտում է՝ խնդիրն այստեղ անձի՝ նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի հարցը չէ, այլ այն, որ նրան ստիպեցին գործից հեռանալ միայն այն բանի համար, որ նա Արցախի վերաբերյալ գրքեր էր նվիրել Միացյալ Նահանգների փոխնախագահին։
«Այսօր եթե ուզենք միջազգային գիտաժողով կազմակերպել Արցախի էթնիկ զրկման առնչությամբ, ակադեմական ուսումնասիրություն, ոչ թե քաղաքական, արդյո՞ք թույլատրություն պիտի տրվի՝ այս գիտաժողովը ցեղասպանության թանգարանի ներսում կազմակերպել։ Այսպիսի հարցեր ունենք մենք», – ասաց նա:
Վենս ամուսիններին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելը Հայաստանի վարչապետը սադրիչ քայլ էր որակել, նրա ցուցումով էլ Գզոյանը հեռացավ աշխատանքից։
Կարդացեք նաև
Թանգարան-ինստիտուտի անձնակազմը, հոգաբարձուների խորհրդում շատերը ընդվզեցին, բայց անօգուտ։ Սրան հետևեցին բազմաթիվ հայտարարություններ աշխարհի տարբեր գիտական կենտրոններից, ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպություններից։ Միջազգային ակադեմիական աշխարհում շատ լուրջ մտահոգություն կա: Հայաստանում ակադեմիական ազատությունը ստորադասվում է քաղաքական նպատակահարմարությանը, շեշտում է պրոֆեսորը. «Արդյոք պատմաբանները պիտի՞ ունենան խոսքի ազատություն՝ արծարծելու իրենց ուսումնասիրությունը Ցեղասպանության թանգարանում»:
Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան հայտարարել էր՝ Հայաստանը բարդ վիճակում է, ձգտում է Ադրբեջանի հետ կարգավորել հարաբերությունները, բայց պատմական հիշողության ջնջումը չի կարող պայմանավորված լինել կարճաժամկետ քաղաքական կարիքներով։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հաստատում են մտահոգությունները։
«Այն, ինչ որ կապ ուներ միջազգային մեր գործընկերների հետ, որոշները սառեցված են կամ այս պահին անորոշ վիճակում են», – «Ազատությանն» ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Նարինե Մարգարյանը:
Միջազգային գիտաժողովներ են պլանավորել, սակայն Մարգարյանը կասկածում է, որ դրանք տեղի կունենան. «Մտավախություն կա, որ լավագույն ցեղասպանագետները, ոլորտի մասնագետներն արդեն խոսել են, որ վտանգված է այստեղ ակադեմիական ազատությունը, արդյոք այս պայմաններում կորոշե՞ն դիմել»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































