Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը առանց Դոնթի բանաձևի 50+ ձայն էլ չունի, ինչը, ըստ էության, ընտրողների կողմից քաղաքական և հասարակական ապտակ էր Նիկոլ Փաշինյանին». Գառնիկ Դավթյան

Հունիս 23,2026 21:00 Share

Ադրբեջանի հարցերով փորձագետ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է ընտրություններից առաջ, ընտրությունների ընթացքում և ընտրություններից հետո իշխանության կողմից իրականացվող և նոր թափ հավաքող բռնաճնշումներին, ունեզրկումների փորձերին։

«Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակ անց հետապնդելու է նաև բոլորին, ովքեր մի քիչ ավելի շատ են թթվածին շնչում։ Այն գործընթացները, որոնք կան ընդդիմադիր դաշտի, կոնկրետ մեր ուժի նկատմամբ, վկայում են ՀՀ-ում իրավունքի և ժողովրդավարության տոտալ բացակայության մասին։ Մենք արդեն ունենք վստահություն, որ Նիկոլ Փաշինյանն իր ուղղորդվող նամակագրություններով փորձում և իրականացնում է ռեպրեսիվ գործողություններ։ Ինչի՞ է իրականում ձգտում նա։ Ինքն, իհարկե, շատ լավ հասկանում է, որ այս ընտրություններում չկարողացավ հաղթանակ տանել։ Ինչքան էլ որ Դոնթի բանաձևով ինքը 50+ ձայն ունենա, բայց չի ունենում սահմանադրական մեծամասնություն։ Մենք նաև գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների արդյունքում առանց Դոնթի բանաձևի 50+ ձայն էլ չունի, ինչը, ըստ էության, քաղաքական և հասարակական ապտակ էր Նիկոլ Փաշինյանին՝ ընտրողների կողմից։

Ես ինքս երկու ամիս եղել եմ Գեղարքունիքի մարզում, ընտրությունների օրը եղել եմ Մարտունիում և ահավոր մեծ ծավալի ուղղորդումներ ու վարչական ռեսուրսի կիրառում եմ տեսել, մի բան, որ նախկինների ժամանակ անգամ չկար։ Ներքաղաքական և հետընտրական զարգացումներն այսօր փաստացի մեկ բանի մասին են խոսում՝ Նիկոլի վախերի։ Ինքն իր շեֆերի առաջ ուներ հստակ հանձնառություն՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և խորհրդարանում ունենալու այնքան քվե, որով «թուրը աջ ու ձախ կկտրեր»։

Եվ այս օրերի հետապնդումները նրա վախերի արտացոլումն են։ Ինքը պարզապես փորձում է իր տերերի առաջ ծառայություն մատուցել՝ ցույց տալ, որ տեսեք, ես ձեզ հավատարիմ եմ, տեսեք՝ ոնց եմ հալածում ընդդիմությանը։

Մենք լավ գիտենք, որ նորմալ քաղաքական թիմը կամ քաղաքական գործիչը խոսում է ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու մասին, բայց Նիկոլ Փաշինյանը խոսում էր ծեփելուց, ցխելուց, սպանելուց։ Ինչքան վատ բան կար ոչ քաղաքական խոսույթում, խոսում էր։ Ու եթե մի քիչ ավելի պարզ ասեմ, մարդիկ, ըստ երևույթին, ձայնը տալիս էին ոչ թե որպեսզի սոցիալապես լավ ապրեն, աշխատանք ունենան, այլ պարզապես բանտարկելու համար։ Իսկ սա հստակ խոսում է ոչ թե ժողովրդավար պետություն ունենալու, այլ դիկտատորական կարգերի հաստատման փուլի պետություն ունենալու մասին»։

Անգամ ընտրություններից հետո ԱԺ ամբիոնից հնչեցվող սպառնալից հռետորաբանության մասին Գառնիկ Դավթյանն ասաց. «Կարծում եմ, որ այդ ասածների ճիշտ մեկնաբանությունը կտան հոգեբույժները և հոգեբանները»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930