Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայցերից հրաժարումը նշանակելու է նաեւ հրաժարում խախտումներից եւ արդարադատությունից․ խաղաղության օրակարգը երկար կյանք չի ունենա»

Հունիս 24,2026 13:55 Share

«Եթե ուզում ենք, որ խաղաղությունն իսկապես լինի արժանապատիվ, եւ տուժողների իրավունքները պաշտպանված լինեն, չպետք է հրաժարվել միջպետական հայցերից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։

Անդրադառնալով մայոր Հայկ Թորոյանի գործով ՄԻԵԴ կայացրած վճռին՝ Հարությունյանն ասաց․ «2020 թվականին ունեցել ենք նույն ձեռագրով խախտումներ՝ կրկին գլխատումներ, շատ ավելի մեծ քանակի դեպքերով։ Մենք ունեցել ենք խոշտանգումների ու սպանությունների դեպքեր ոչ միայն զինծառայողների, այլ նաեւ քաղաքացիական անձանց շրջանում։ Մենք ունեցել ենք շատ վատ վերաբերմունքի դրսեւորումներ մեր գերիների նկատմամբ։ Փաստացի համակարգված ձեւով խախտումներ են տեղի ունեցել մշակութային ժառանգության նկատմամբ։ Ես այս ամենը նշում եմ, որովհետեւ այն միջպետական հայցերը, որոնք ներկայացված են մեր կառավարության կողմից, հասցեագրում են այս բոլոր խախտումները։ Եվ հայցերից հրաժարումը փաստացի նշանակելու է նաեւ հրաժարում այդ գործերով եղած խախտումներից եւ արդարադատությունից։

Պատմությունը, այլ պետությունների փորձն էլ ցույց է տալիս, որ իրական, արժանապատիվ եւ երկարատեւ խաղաղությունը պահանջում է տեղի ունեցած հատկապես միջազգային իրավունքի նման կոպիտ խախտումների արձանագրում, տուժողների խախտված իրավունքների ճանաչում, նաեւ վերականգնման եւ փոխհատուցման որոշակի մեխանիզմներ գործարկում։ Առանց դրա խաղաղության օրակարգը երկարատեւ կյանք չի կարող ունենալ։ Եվ այստեղ ես ուզում եմ նշել, որ խոսքը իրավական պրոցեսի մասին է, արդարադատությունը, որին մենք ցանկանում ենք հասնել նաեւ միջպետական հայցերի միջոցով, կարեւոր պատմական փաստերի մասին արձանագրում է պարունակում»։

Հասմիկ Հարությունյանն ասաց, որ Ադրբեջանը Արցախյան պատերազմներից հետո նույն ձեռագրով վայրագություններ է գործել նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս ամենը չի կարող դատական գործընթացներից դուրս մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանն էլ նշեց, որ հույս ունեն՝ այս եւ այս շարքի մյուս գործերով արձանագրված խախտումներով իրավական գնահատականները կօգտագործվեն ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ միջազգային գործընկերների կողմից։ «Ես կասեի՝ շատ ավելի կարեւոր է հենց պետության արտաքին քաղաքականությունն այդ ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի նաեւ բոլոր կողմերից երաշխիքների կամ այդ հնարավոր ռիսկերի չեզոքացման համար ունենալ այն պատրաստակամությունը, ինչը կբացառի նման վարքագծի կրկնությունը։ Այսինքն՝ այստեղ խոսքը գնում է մյուս կողմի պետական մակարդակով իրականացված քաղաքականության մասին, որն ակնհայտորեն ցույց է տալիս, որ կա ազգային պատկանելության հիմքով անհանդուրժողականություն կոնկրետ խմբի, մարդու նկատմամբ եւ դա պարբերաբար անթաքույց դրսեւորվել է։ Ինչո՞ւ անթաքույց, որովհետեւ մենք փաստերով կարողացանք ցույց տալ նաեւ, որ դա ոչ թե զուտ ռազմական գործողությունների ժամանակ անձին հասցված մարմնական վնասվածք էր, այլ հատուկ դիտավորությամբ մարմնի առանձին մասերի անդամահատում էր՝ որպես խրախուսանքի արժանացող վարքագիծ, որը հովանավորվում ու պաշտպանվում է կոնկրետ պետության կողմից»,- նշեց Հայկուհի Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930