Հունիսի 23-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ բնական գիտությունների հարցերով տեղակալ Լիդիա Բրիտոյի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև Համաժողովի շրջանակներում նախատեսվող նախաձեռնություններին։ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Համաժողովի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին և Բարձր մակարդակի նախարարական հատվածին բարձր մակարդակի ներգրավվածության ապահովումը:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային դերը գլոբալ բնապահպանական մարտահրավերների, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ջանքերում։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվածության ապահովման հեռանկարների և համատեղ նախաձեռնությունների շուրջ։
Հանդիպմանն ընդգծվել է Համաժողովի շրջանակներում նախատեսվող թեմատիկ միջոցառումներին, մասնավորապես՝ «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովին և «Կրթության օր» թեմատիկ օրվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ մասնակցության կարևորությունը: Որպես համագործակցության կարևոր հարթակ առանձնացվել է նաև Համաժողովի շրջանակներում նախատեսվող «Երևանյան երկխոսություն լեռնային և քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության վերաբերյալ» նախաձեռնությունը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ


















































