Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր էին գնում Ազատան գյուղի կանայք, և ո՞վ է Արտենիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած կինը

Հունիս 24,2026 18:55 Share

Արագածոտնի մարզի Արտենի բնակավայրում նախորդ օրը տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժածների մեծ մասը Շիրակի մարզի Ազատան բնակավայրից են։

Բախվել էին «ԶԻԼ» մակնիշի և մարդատար «Ford Transit» ավտոմեքենաները, վերջինիս ուղևորներից մեկը՝ 46-ամյա Նաիրա Ն․-ն, տեղում մահացել էր, իսկ մյուսներին՝ թվով 10 մարդկանց, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխել էին Թալինի, Արմավիրի և Գյումրու բժշկական կենտրոններ։ Մի քանիսին էլ այս հիվանդանոցներից տեղափոխել էին Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։ Նա հրապարակել էր նաև տուժած քաղաքացիների անունները, որոնց մեծ մասը կանայք են։

Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով «Ford Transit»-ի ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 54-ամյա Լեյլի Ե.-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, 49-ամյա Աիդա Ա.-ն, 59-ամյա Սաթենիկ Ս.-ն, 54-ամյա Սաթենիկ Խ.-ն, վարորդ Գարիկ Ծ.-ն, Թամարա Պ.-ն, ում բնակության վայրը ճշտվում է, 66-ամյա Մարինե Պ.-ն, 60-ամյա Սվետլանա Բ.-ն, 63-ամյա Աիդա Դ.-ն, 67-ամյա Թամարա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ 40-ամյա Ռոզա Մ.-ն, 37-ամյա Աննա Թ.-ն տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Ազատան բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ուղևորներից ընդամենը մեկն է եղել Գյումրիից, մնացած 11-ը՝ Ազատանից են։ Նա ասաց, որ գյուղի այս բնակիչները, որոնք հիմնականում կանայք են, աշխատում են Արագածոտնում, ամեն օր լույսը դեռ չբացված՝ ժամը 4։30-ին, գնում են՝ մրգեր հավաքելու։ Ժամը 6։00-ին նրանք պետք է լինեն գործատուի մոտ։ Նրանք ամեն օր Արագածոտն գնացել են նույն մեքենայով, վարորդը եկել, նրանց գյուղից է վերցրել։

Սեյրան Ոսկանյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ 46-ամյա Նաիրա Ն․-ն 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Իկիլիկյանի մայրն է։

«Մեծ ցավ է Նաիրայի կորուստը, հրաշալի մի անձնավորություն է, շնորհքով, աշխատասեր, և ինչ յուրահատուկ ընտանիք ունի։ Այնքան աշխատասեր է, որ առավոտյան գնում էր Արագածոտն՝ մրգեր հավաքելու, ցերեկը 15։00-16։00-ի սահմաններում վերադառնում էր, աշխատում էր նաև մեր մոտի սուպերմարկետում»,- ասաց վարչական ղեկավարը։ Նաիրայի ամուսինն ու որդին ՌԴ-ում են, նրանք վերադարձի ճանապարհին են․ Նաիրային կհուղարկավորեն վաղը։

Սեյրան Ոսկանյանը նաև տեղեկացրեց, որ բոլոր տուժածների առողջական վիճակի մասին տեղեկություններ ունի, մյուսների առողջությանը վտանգ չի սպառնում։ Ըստ մեր զրուցակցի՝ «Ford Transit»-ում եղել է նաև անչափահաս երեխա՝ 13-14 տարեկան, նա ծնողի հետ գնացել էր աշխատանքի, բարեբախտաբար վթարից չի տուժել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930