Օրերս հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ապրիլյան պատերազմից 10 տարի անց որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտավորեցրել է 90.000 եվրո փոխհատուցում վճարել դաժանաբար սպանված Մատաղիսի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, մայոր Հայկ Թորոյանի հարազատներին:
ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։
Նշենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած մայոր Հայկ Թորոյանի մահը վրա է հասել գլխատման հետևանքով:
Հայաստանն այս գործերով ներգրավված էր որպես երրորդ կողմ՝ ըստ դատարանի ընթացակարգերի, և չնայած Ադրբեջանը շարունակաբար հերքում էր իր մեղավորությունը, բայց հայկական կողմի մանրակրկիտ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել ներկայացնել անհերքելի ապացույցներ, այդ թվում՝ ադրբեջանական լրատվական ալիքներից նյութեր:
Իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ Ադրբեջանը շարունակել է իր նմանօրինակ հանցագործությունները, որոնց մասին, ինչպես ասել էր ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, այս դեպքերով ևս գանգատներ կան ՄԻԵԴ-ում, և «եթե իշխանությունները գանգատները հետ չվերցնեն, կքննվեն դատարանի կողմից, և շատ հավանական է, որ դարձյալ խախտումներ կարձանագրվեն»:
Կարդացեք նաև
Այլ խոսքերով՝ Հայկ Թորոյանի հետ տեղի ունեցածի հետ կապված ՄԻԵԴ որոշումը նախադեպային կարող է լինել 44-օրյայի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանության համար տարված գանգատներով:
Ադրբեջանը, ինչպեսև սպասվում էր, կտրականապես մերժել է ՄԻԵԴ-ի որոշումը և հայտարարել, որ կքննարկի իր օրինական շահերի պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր։
Բաքուն՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, դժգոհություն է հայտնել, որ ՄԻԵԴ-ի որոշման տեքստում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բանակը, Արցախի և Ադրբեջանի միջև եղած շփման գիծը, իշխանության մարմինները և այլն։ Այսինքն, Բաքուն, բնավ, չի հերքել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ իր կատարած ռազմական հանցագործությունները, և հայ զինծառայողների նկատմամբ կատարած վայրագությունները:
Սա չի հերքել անգամ ադրբեջանական քարոզչամեքենան: Եվ, մասնավորապես, Բաքվի լրատվամիջոցներից մեկը գրել է, որ իբր Հայկ Թորոյանը եղել է «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ապօրինի գտնվող հայկական զինված կազմավորումների զինծառայող», որ «նա չէր պաշտպանում իր տունը, չէր գտնվում Հայաստանի տարածքում, այլ նա մասնակցում էր այն հողերի պահմանը, որոնք ողջ աշխարհը ճանաչում էր որպես ադրբեջանական»:
Մի պահ ենթադրենք, որ այդպես է, սա արդյո՞ք իրավունք է տալիս Բաքվին կենդանի ժամանակ գլխատել հակառակորդի զինվորին, կա՞ նման միջազգային նորմ: Եվ հետո՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանը 2004 թվականի փետրվարի 19-ին դարձյալ Ադրբեջանի տարածքո՞ւմ էր, որ քնած ժամանակ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր: Ավելին, ավելի ուշ ադրբեջանցի մարդասպանը ոչ միայն հերոսացվեց, այլև մինչև հիմա ծառայում է Ադրբեջանի զինված ուժերում, իսկ անցած տարի գնդապետի կոչում է ստացել: Առհասարակ, ինչպես գրել ենք, Սաֆարովը և կինը վայելում են Ալիևի իշխանության հովանավորությունը:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։


















































