«Ընտրություններում ՔՊ-ն գտնվել է մրցակցությունից դուրս, և վերջինիս ընտրական ցուցակի գրանցումը դատարանի որոշմամբ՝ ԿԸՀ դիմումի հիման վրա պետք է անվավեր ճանաչվեր»,- ՍԴ-ում 7 քաղաքական ուժերի դիմումների քննարկման ժամանակ հայտարարեց «Միասնության թևերի» ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
Ըստ նրա՝ ընտրությունների սահմանադրականությանը կախված չէ միայն նրանից, թե որքան գումար է ծախսվել։ Այն կախված է նրանից՝ արդյոք բոլոր քաղաքական ուժերը ենթարկվե՞լ են նույն կանոններին, թե՞ ոչ։ Լիպարիտ Դրմեյանը, հղում կատարելով ՔՊ-ի նախընտրական հիմնադրամի հայտարարագրին, ասաց․ «Հայտարարագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 130 անշարժ գույքեր են ներառված, որոնք ՔՊ-ին հանձնվել են անհատույց, ընդորում, վարձակալությամբ, և անհատույց վերցված գույքերի ընդհանուր թիվը 558-ն է։ ԸՕ կարգավորումների համաձայն՝ այդ անշարժ գույքերը պետք է արտացոլված լինեին հայտարարագրում շուկայական արժեքով։ Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ արժեքները ոչ միայն չեն համապատասխանում գործող շուկայական արժեքներին, այլև էականորեն տարբերվում են՝ լինելով ցածր։ Օրինակ՝ Պռոշյան համայնքում ՔՊ-ն հայտարարագրել է անշարժ գույք՝ շուկայական արժեքը 20,000 ՀՀ դրամ՝ այն դեպքում, երբ նույն փողոցում գրեթե նույն մակերեսով գույքը դիմող կողմը վարձակալել է տասն անգամ բարձր գնով։ Նույնն է վիճակը Հրազդան քաղաքում։ Նույն փողոցի վրա ՔՊ-ն հայտարարագրել է անհատույց օգտագործման վերցված տարածք՝ 120 հազար դրամով, այն դեպքում, երբ երեք անգամ փոքր տարածքը մեր ուժը կարողացել է վարձակալել 400,000 դրամով։ Նույն իրավիճակն է Արտաշատում։ ՔՊ-ի ներկայացրած տվյալները չեն արտահայտում այդ գույքերի իրական շուկայական տվյալները։ Այս ամենը վկայում է այն մասին, որ ՔՊ-ն գերազանցել է նախընտրական հիմնադրամի սահմանաչափը միլիոններով»։
Ըստ Լիպարիտ Դրմեյանի՝ վախի պայմաններում՝ անգամ անթերի կազմակերպված ընտրությունը ժողովրդավարական համարվել չի կարող։ Նրա համոզմամբ՝ ՍԴ որոշումը կսահմանի, թե ինչ չափանիշներով են ապագայում գնահատվելու ընտրությունները ՀՀ-ում․ «ՍԴ որոշումը կպատասխանի հարցին՝ արդյոք ընտրությունների սահմանադրականությունը կախված է միայն վերջնական թվերի՞ց, թե՝ այն միջավայրից, որտեղ ձևավորվում է ժողովրդի կամքը։ Ուստի խնդրում ենք անվավեր ճանաչել ԿԸՀ-ի որոշումը և անվավեր ճանաչել 2026-ի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքները»։
Կարդացեք նաև
ՍԴ-ի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































